HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԼՀԿ-ն դադարեցնում է բոյկոտը. «Ուշադիր կլինենք, որ թիկունքից խփող չլինի»

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը:

Այս մասին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մայիսի ութին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո խորհրդարանական երրորդ խմբակցությունը բոյկոտել էր նիստերը: Մարուքյանը հայտարարել էր, որ կատարվածին պետք է լինի իրավական և քաղաքական գնահատական, որից հետո կորոշեն իրենց անելիքները:

«Քանի որ շաբաթ օրը իրավական գնահատականը եղավ, ուզում եմ արձանագրենք, որ բռնությունից հետո մենք քաղաքական գնահատական էինք ակնկալում, ինչը չտրվեց: Ամենաբարձր մակարդակով այն արդարացվեց, ընդդիմադիր, այլընտրանքային խոսքը գնահատվեց որպես սադրանք ու լեգիմացվեց առ այն, որ եթե սարդանք է, ապա կարելի է բռնություն կիրառել»,-ասաց նա:

Մարուքյանի համոզմամբ` գործող իշխանությունը շեղվել է հեղափոխության արժեքներից:
«Ինչ վերաբերում է իրավական գնահատականին, գիտեք, որ ՀՔԾ-ն քրեական գործի հարուցումը մերժել է: Մենք բողոք չէինք ներկայացրել,  դեպքը քննարկման առարկա է դարձել մամուլի նյութերով: Մենք հրավիրվել ենք ՀՔԾ բացատրություն տալու, ենթադրում եմ նաև իրենք են բացատրություն տվել»,-ասաց Մարուքյանը` համոզմունք հայտնելով, որ քրեական գործ պետք է հարուցվեր ոչ թե ծեծի, այլ խուլիգանության հատկանիշներով: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել` հանցակազմի բացակայության հիմքով:

«Իրավական պրոցեդուրաները չեն գնում իրավական պետության համատեքստում, մենք տեսնում ենք, որ եթե իշխանական պատգամավորն է բռնության ենթարկվում, ապա քրգործ կլինի, կալանք կինի, իսկ եթե ընդդիմությունն է, խնդիր չէ: Մենք այլևս էս գնահատակաների ներքո ենք մեր աշխատանքը շարունակելու. գործ ունենք մարդկանց հետ, ովքեր հետևից խփում են, բռնությունը արդարացնում են»,-ասաց նա:

Մարուքյանն ընդգծեց` թող որևէ մեկը հույսեր չակնկալի, որ ԼՀԿ-ի օրակարգը կարող են շեղել, իսկ իրենց օրակարգն, ըստ Մարուքյանի, ընտրողների ձայնը խորհրդարանում բարձրացնելն է:

Ասուլիսին ներկա Մանե Թանդիլյանը ափսոսանք հայտնեց միջադեպի համար.

«Ցավում եմ, որ մեր հանրությունը ականատես եղավ, թե ինչպես է հնարավոր խորհրդարանում բռնություն կիրառել միայն այն բանի համար, որ որևէ մեկը համարձակվել է այլ տեսակետ հայտնել:  ԼՀԿ-ն ունի առաքելություն` պաշպանելու չհամաձայնողների շահերը, ինչ է պետության հզորությունը, եթե ոչ բազմակարծությունը: Եթե բոլորը պետք է համաձայնեն իշխանության հետ, այդ պետությունը դատապարտված է ձախողման»,-ասաց նա:

Թանդիլյանի խոսքով` իրենք պետության ձախողումը թույլ չեն տալու, եթե անգամ այն լինի իրենց վարկանիշի հաշվին:

«Մենք պատրաստվում ենք շարունակել մեր աշխատանքներն էլ ավելի ուժեղ ու բովանդակային»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ նախկինում հայտարարում էին, որ ԱԺ նիստերին կմասնակցեն միայն այն դեպքում, երբ իրենց անվտանգությունը երաշխավորված լինի, արդյոք կան նման երաշխիքներ, թե ոչ, Մարուքյանը պատասխանեց.

«Որևէ ձևով չի երաշխավորվել, որ այլևս նման բան չլինի խորհրդարանում: Իրավական ու քաղաքական գնհատականները խոսում են այն մասին, որ այն, ինչ եղել է, կարող է կրկնվել: Այս արձանագրումներն անելով ենք վերադառնում, ուշադիր կլինենք, որ թիկունքից խփող չլինի. եթե մի բանը չի դատապարտվում, դրա կրկնությունը չի բացառվում»,-ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter