HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալիկ Բանդուրյանի և մյուսների վերաբերյալ դատական ակտի դեմ

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, «Չարբախցի Գեղամ» անունով հայտնի Պետրոս Իսրայելյանի, «Բդո» անունով հայտնի Արմեն Գասպարյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի դատական ակտը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Դատախազությունը պահանջում է բեկանել գործով երեք ամբաստանյալների վերաբերյալ դատական ակտը, Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել մի խումբ անձանց կամ կազմակերպած խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդրելու մեջ, նրան դատապարտել 8 տարի ժամկետով ազատազրկման, Պետրոս Իսրայելյանին մեղավոր ճանաչել մի խումբ անձանց կամ կազմակերպած խմբի կողմից սպանություն կատարելու մեջ,  նրան դատապարտել 14 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Արմեն Գասպարյանին մեղավոր ճանաչել հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու համար։ Բողոքը ներկայացրել է գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը։

Հիշեցնենք,  որ 2016 թվականի նոյեմբերին Երևանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու անձ մահացել է։

 Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում սպանված Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել։

Մեղադրանքի համաձայն՝ Պետրոս Իսրայելյանը, նրա մտերիմ Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով, սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանն ինքնապաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև Պետրոս Իսրայելյանի մտերիմ Գևորգ Ավետիսյանը:

Միջադեպից հետո Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական  օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպած խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդրելը,  Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպած խմբի կողմից սպանությունը,  իսկ Արմեն Գասպարյանը մեղադրվել է Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝  Հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը:

Դատախազությունն առաջին ատյանի դատարանում պահանջել է Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 , Պետրոս Իսրայելյանին՝ 14, Արմեն Գասպարյանին՝ 1.5 տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատարանը Ալիկ Բանդուրյանին և Արմեն Գասպարյանին արդարացրել, իսկ Պետրոս Իսրայելյանի արարքը վերաորակել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի՝ միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելն, ու նրան համաներմամբ ազատ արձակել։

Այս դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքներ են տարել դատախազությունն ու Պետրոս Իսրայելյանը։ Դատախազության բողոքը  ներկայացրել է Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, ով  պահանջել է ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նրանց վերագրվող արարքներում ու նրանց դատապարտել 1.5-ից 14 տարի ժամկետով ազատազրկման, ինչն առաջին ատյանի դատարանում դատախազն է միջնորդել, իսկ Պետրոս Իսրայելյանը պահանջել է արդարացնել իրեն։

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով բողոքները, որոշել է Պետրոս Իսրայելյանի և Արմեն Գասպարյանի վերաբերյալ դատական ակտը թողնել ուժի մեջ, իսկ Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել նրան վերագրվող արարքից ավելի մեղմ՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք հասցնելուն դրդելու մեջ, նրան դատապարտեց 4 տարի ազատազրկման և համաներմամբ ազատ արձակել։

Դատախազությանը, փաստորեն, այս դատական ակտը նույնպես չի գոհացնում։

«Դատալեքս» դատական ակտում առկա տեղեկատվության համաձայն՝ դատական ակտը բողոքարկել է նաև Պետրոս Իսրայելյանն, ով, հիշեցնենք,  պահանջում է իրեն արդարացնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter