HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ինեսսա Պետրոսյան. «Առողջապահական ոչ մի հաստատություն չի հետաքրքրվել իմ վիճակով, բուժման խորհուրդները ծանոթներից եմ ստանում»

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Թեստն արվել է մայիսի 20-ին, երկու օր հետո առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից զանգով տեղեկացրել են, որ արդյունքը դրական է եղել: «Ինձ միայն հարցրին՝ ջերմություն ունե՞ք եւ ձեզ հետ ո՞վ է ապրում»,- ասում է Ի. Պետրոսյանը: 

Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հիվանդներն այսուհետ պետք է մնան տներում, եւ նրանց պետք է հետեւեն պոլիկլինիկաները: «Այստեղ ոչ մի բանից տեղյակ չեն, և ինձ այսօր պոլիկլինիկա են կանչել անալիզներ հանձնելու համար»,- հայտնեց  Ինեսսան: Նա զարմացած է այդ առաջարկից եւ հրաժարվել է պոլիկլինիկա գնալ: Իր գնալը ճիշտ չի համարում հատկապես այն պատճառով, որ դրանով ռիսկ է ստեղծում պոլիկլինիկա այցելած քաղաքացիների, նաեւ՝ բուժանձնակազմի համար, քանի որ նրանք պաշտպանիչ արտահագուստ չունեն:

Փաստաբանի տպավորությամբ՝ առաջնային բժշկական օղակում միանգամայն անպատրաստ են վիրուսակիրների հետ աշխատանքին եւ չափազանց շփոթված վիճակում են: Ոչ ոք իր անելիքը չգիտի, նրանց չեն նախապատրաստել:

Ինեսսան իր վարակման հավանական աղբյուրը հիվանդանոցներն է համարում: Մայիսի 8-ին առողջական խնդիրներ է ունեցել, շտապօգնություն են կանչել: Հաջորդ օրվանից հետազոտություններ է անցել մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում: Ասում է՝ ոչ ոք չէր կասկածում, որ վարակված է և հրաժարվում էին թեստավորել իրեն: Տանը բուժումներ է ընդունել այդ ընթացքում, մայիսի 20-ի առավոտյան ջերմություն է ունեցել եւ դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Կրկին հետազոտեցին եւ ասացին, թե ոչինչ չկա: Մեկ այլ բուժհաստատությունում առաջարկել են թեստ հանձնել: Մայիսի 22-ին ինձ զանգեցին եւ հայտնեցին, որ վիրուսի առկայությունը հաստատվել է»,- պատմում է Ինեսսան:

Նա խնդրել է թեստավորել նաեւ իր տարեց ծնողներին, քանի որ այդ օրերին իր կողքին են եղել, մայրը խնամել է իրեն, սակայն հրաժարվել են:

Ինեսսան ասում է, որ հիվանդանոցներում հրաժարվում էին համակարգչային տոմոգրաֆիայով թոքերը նկարել, երբ նույնիսկ հայտնել է, որ ինքն է վճարում դրա համար: Այն դեպքում, երբ հայտնել է, որ իր մոտ կորոնովիրուս է հայտնաբերվել և անհրաժեշտ է ստուգել թոքերը:

«Արդեն 18 օր է, ինչ պառկած եմ տանը, եւ ոչ ոք չի հետաքրքրվել իմ վիճակով: Ինձ մոտ անոթային խնդիրներ հայտնաբերվեցին, բայց մինչ օրս այդ հետազոտության արդյունքները ոչ ոք չի վերլուծել: Ես չգիտեմ՝ դա վիրուսի արդյունքում է եղել, թե այլ խնդիրներ ունեմ: Մեկը չլինի՞, որ գնահատի իմ վիճակը, հնարավոր է, որ ես շատ բան ճիշտ չեմ կարողանում ներկայացնել»,- հարցնում է փաստաբանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին նամակով տեղեկացրել է, որ արդեն երրորդ օրն է գտնվում է անօգնական վիճակում, բուժվելու խորհուրդները ծանոթներից է ստանում: Առողջապահական ոչ մի հաստատություն չի հետաքրքրվել իր վիճակով: Նախարարը պատասխանել է. «Հարգելի քաղաքացի, ձեր հարցին պատասխան ստանալու համար կարող եք զանգահարել թեժ գիծ»:

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
ոչ մի համակարգ չի գործում, վաղուց անցել են սաբոտաժի, առողջապահության, իրավապահների, դատական և ...: Բոլորն ուզում են միլիոն ու կես ստանալ- պարգևավճարներով, ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter