
Ռամիլ Սաֆարովին ազատելով՝ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2004 թվականին Սաֆարովի կողմից կացնահարված և սպանված Գուրգեն Մարգարյանի գործով այսօր վճիռ կայացրեց։
Մասնավորապես, Մակուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով (հայց N 17247/13) ՄԻԵԴ-ը համարեց, որ Ադրբեջանը հստակ դրական վերաբերմունք է ցույց տվել Սաֆարովի գործողություններին՝ ոչ միայն նրան ազատ արձակելով, այլև խրախուսելով, աշխատավարձ վճարելով և Ադրբեջան վերադառնալիս նրան բնակարան հատկացնելով։
Չնայած սրան, Ադրբեջանը չի կարող պատասխանատվություն կրել միջազգային օրենքի խստագույն չափանիշների համաձայն, ըստ որի՝ պետությունից պահանջվում է «ճանաչել» Սաֆարովի գործողությունները «որպես իր իսկ» (Ադրբեջանի հանրապետության) կողմից կատարած գործողություններ:
Ավելին, ըստ Դատարանի, Սաֆարովի գործողությունները եղել են սեփական որոշման արդյունք, միևնույն ժամանակ դրանք եղել են այնքան կոպիտ, վիրավորական և այնքան դուրս են եղել զինվորի պաշտոնական կարգավիճակից, որ Դատարանը չկարողացավ տեսնել, թե ինչպես Սաֆարովի ղեկավարները կարող էին կանխատեսել նրա գործողությունները, կամ ինչպես Ադրբեջանը կարող է պատասխանատու լինել Սաֆարովի արարքների համար պարզապես այն պատճառով, որ նա պետական ծառայող էր:
Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաֆարովի կատարած՝ ատելության հիմքով լուրջ հանցագործության համար պատիժ չկիրառելը որևէ հիմնավորում չի ունեցել:
Ավելին, հայցվոր կողմը ներկայացրել է բավարար ապացույցներ առ այն, որ Սաֆարովի ներումը և նրա օգտին այլ որոշումները ունեցել են ազգային դրդապատճառներ։ Մասնավորապես, Դատարանը նշում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնցում նրանք արդարացնում և խրախուսում են Սաֆարովի վարքագիծը, նաև այն փաստը, որ Սաֆարովի արարքն ուղղված էր հայ զինվորների դեմ, և որ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում կա Սաֆարովին նվիրված հատուկ էջ:
Այսպիսով, ՄԻԵԴ-ը որոշել է, որ
-Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) մասով չի եղել որևէ էական խախտում։
-Ադրբեջանը թույլ է տվել դատավարական խախտում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի մասով։
-Հունգարիան թույլ չի տվել դատավարական խախտում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի մասով։
-Ադրբեջանը խախտել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելում)՝ 2-րդ հոդվածի խախտման հետ համադրությամբ։
-Ո’չ Ադրբեջանի, ո’չ Հունգարիայի կառավարությունները չեն խախտել Կոնվենցիայի 38-րդ հոդվածը (գործի քննության համար անհրաժեշտ պայմաններ տրամադրելու պարտավորություն):
Դատարանի այս վճիռը վերջնական չէ: Վճռի հրապարակման պահից հաջորդող եռամսյա ժամկետում ցանկացած կողմ կարող է բողոքարկել այն: Եթե կողմերից մեկը այդպիսի հայցադիմում է ներկայացնում, հինգ դատավորներից բաղկացած հանձնաժողովը քննարկում է՝ արդյոք գործը արժանի է հետագա քննության: Եթե հայցադիմումը մերժվում է, այս վճիռը ուժի մեջ է մտնում մերժման օրը:
Մեկնաբանել