HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ՍԱՏՄ-ն չի կարող վերահսկել արգելված հավելումների վաճառքը, քանի որ վաճառողը «գրանցված չէ որպես ձեռնարկատեր»

Ապրիլի 26-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել «Samyun Wan» քաշը կարգավորող և ապօրինի վաճառվող կենսաբանական հավելումների մասին, որոնք ոչ միայն չունեին վաճառքի համար անհրաժեշտ պետական գրանցում և Հայաստանում իրացվելու իրավունք, այլև դրանցից որոշները պարունակում էին  դեքսամետազոն դեղանյութ։

Քաշը կարգավորող այս միջոցները վաճառվում էին «Instagram» և «Facebook» սոցիալական ցացներում․ «Facebook»-ում վաճառվող հավելումները կարելի էր գտնել նաև Երևան քաղաքի Պուշկին 38 հասցեում։

Ուսումնասիրության արդյունքում պարզել էինք նաև, որ որպես արտարող ներկայացվող ինդոնեզիական «Wisdom Group» ընկերությունն իրականում գոյություն չունի, իսկ ապրանքը մեծամասամբ վաճառվում է առցանց՝ Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Հետք»-ին հայտնեցին, որ հրապարակումը գրանցվել է՝ որպես ահազանգ և ընթացք է տրվել (կենսաբանական ակտիվ հավելումները համարվում են սնունդ և վերահսկվում են ՍԱՏՄ կողմից): Ուսումնասիրության արդյուքներին սպասեցինք մեկ ամիս։

Այսօր ՍԱՏՄ-ից «Հետք»-ին տեղեկացրին, որ քանի որ «ֆիզիկական անձինք, էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ապրանքների վաճառք կարող են իրականացնել միայն որպես անհատ ձեռնարկատեր», այդ պատճառով անհրաժեշտ է դիմել Պետական եկամուտների կոմիտե․

«Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում եմ դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով սննդամթերքի վաճառք իրականացնող անձանց իրավական դաշտ ընդգրկելու նպատակով»,-պատասխանել է ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը։

Նշենք, որ դեռևս նախորդ տարի, երբ «Հետք»-ն  ուսումնասիրել էր նիհարեցնող միջոցների շուկան և պարզել, որ դրանք պարունակում են Հայաստանում արգելված դեղանյութ ու վաճառվում՝ ապօրինի, վերահսկող պետական մարմիններից և ոչ մեկը չկարողացավ պատասխանատվության ենթարկել այդ ԿԱՀ-երի վաճառքն իրականացնողներին, ՊԵԿ-ն էլ չկարողացավ պարզել՝ ինչպես են դրանք ներկրվում, քանի որ արգելված նյութեր պարունակող հավելումներն ապրանքային կոդ չունեին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter