HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեւը՝ «հայկական մեծ երազանքի ասպետը»

«Առաջադրանք կար հետախուզել Մռավի լանջերը: Եվ ահա հերթապահ մարտախումբը հաղթահարել է քարակարկառները, երբ հանկարծ երկնքում ռազմական «Կոկորդիլոսներ» են հայտնվում: Վարձկան օդաչուները նկատել են տղաներին ու չարագուշակ պտտվելով՝ պատրաստվում են կրակ բացել նրանց ուղղությամբ: Բաց տարածություն է, հարկավոր է շտապ հասնել թաքստոցներին ու պատսպարվել: Հենց այնտեղ էլ տղաները նկատում են, որ Դավիթը մնացել է սարի բարձունքին: Ուղղաթիռները, Մռավը օղակելով, ավելի ու ավելի են իջնում: Երբ նրանք հասնում են նշանառության հեռավորության, Դավիթը կանգնում է իր հաղթ հասակով եւ սկսում է գնդակոծել ուղղաթիռները… Բարձունքից իջնում է՝ «Կոկորդիլոսներից» մեկը կործանած». սա մի դրվագ է ազատամարտիկ Դավիթ Սարապյանի՝ Դեւի կենսագրությունից, որով բանասեր Մերի Կարապետյանն սկսել է Դավիթի գրքի՝ «Երեք հարյուր վայրկյան» ժողովածուի առաջաբանն ու այն վերնագրել «Հայկական մեծ երազանքի ասպետը»:

Մ. Կարապետյանն այս գիրքը ռուսերենից թարգմանել է նախորդ տարի իր իսկ նախաձեռնությամբ: «Երեխաներս սովորում են Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, որի փայլուն շրջանավարտներից է եղել նաեւ Դավիթ Սարապյանը: Այդ դպրոցի յուրաքանչյուր աշակերտի ու նաեւ յուրաքանչյուր ծնողի անմիջական պարտքն է ճանաչել իրենց հերոսին, հպարտանալ ու ներշնչվել նրանով»,- ասում է Մերի Կարապետյանը:

Դավիթ Սարապյանի հայրը՝ Էդուարդ Սարապյանը, 1959-1984 թթ. եղել է Երեւանի գլխավոր ճարտարապետ (Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, վաստակավոր շինարար, նրա գործերից են կապի նախարարության շենքը, «Արմենիա» հյուրանոցը, կենտրոնական հանրախանութը, պետական պատկերասրահի շենքը, կենտրոնական փոստի շենքը, Հանրապետության հրապարակի ջրավազանը, կոմպոզիտորների շենքը եւ այլն), իսկ մայրը՝ Էմմա Սարապյանը, կիբեռնետիկ էր (որոշ նյութերում նշվում է, որ նա եղել է հայ առաջին կին կիբեռնետիկը): Դավիթն ընտանիքի միակ երեխան էր:

«Շատ մեծ էր ուրախությունս, երբ իմացա, որ Սարապյանների ընտանիքի մտերիմ, լրագրող Էվելինա Մելքումյանի ջանքերով մեզ մի փոքրածավալ, բայց անգին ժառանգություն է մնացել Դավիթից՝ նրա գրական արձակը, որը նվիրյալ լրագրողի գրած ծավալուն կենսագրականի հետ միասին 2005 թ. լույս է տեսել «Նաիրի» հրատարակչությունում»,- նշում է Մերի Կարապետյանը:

Վերջինս նկատում է, որ Դավիթը ռուսական կրթություն էր ստացել, ապա ծառայել խորհրդային բանակում, մի քանի տարի էլ անցկացրել է խորհրդային բանտերում, ու նրա տեղծագործական լեզուն ռուսերենն է, իսկ պատմույթի տարածքն էլ հիմնականում ռուսական միջավայրն է: Կարապետյանն ասում է, թե Էվելինա Մելքումյանի հրատարակած «Դեւ. կյանքը, ստեղծագործությունը, պայքարը» ռուսալեզու գրքի տպաքանակը սպառվել էր, իսկ հայ ընթերցողը իր լեգենդար ազատամարտիկներից մեկին՝ Դավիթին, չէր ճանաչում որպես հեղինակի: Սա դարձավ շարժառիթ, որ ինքը նախաձեռնի Դ. Սարապյանի վիպակի եւ պատմվածքների, ինչպես նաեւ համակարգչային խաղի սցենարի հայերեն թարգմանությունը:

Գրքում զետեղված են Դավիթ Սարապյանի «Երեք հարյուր վայրկյան» վիպակը, 6 պատմվածք՝ «Հոբբի», «Բայկոնուր», «Կիչա», «Դուրոչկա», «Նոր տարի», «Ձիուկներ» եւ համակարգչային խաղի համար գրված «Վարազդատ արքա» սցենարը, որը, սակայն, կիսատ է մնացել:

Դավիթը հետաքրքվում էր նաեւ ռեժիսուրայով: Նա դարձել էր կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանի օգնականը եւ մեկնել Օդեսա: «Երեք հարյուր վայրկյանը» վերածվել էր կինոսցենարի, եւ հենց Օդեսայի կինոստուդիան էլ հաստատել էր նկարահանման: Սակայն դա անկատար մնաց: Գրքի առաջաբանում Մ. Կարապետյանը գրել է. «Դավիթը այլ ուսուցչի սան էր, այլ բանի համար էր պատրաստվել եւ այլ բանի էր կոչված: Պետք է վերադառնար հայրենիք, ուր իր մեծ ուսուցիչը՝ Լեոնիդ Ազգալդյանը, «Անկախության բանակի» հրամանատարությունն ստանձնած, լծվել էր հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությանը»:

Գրող Սարապյանի ստեղծագործություններով անցնում է բանտային տարիների զգացածն ու տեսածը: «Դավիթ Սարապյանը զինապարտության տարիներին դատապարտվել էր ազատազրկման: Պատճառը միջէթնիկ կոնֆլիկտն է եղել նրա եւ ադրբեջանցի ծառայակիցների միջեւ: Իր ազգային արժանապատվությունը Դավիթը չի սակարկել անգամ դատավարության ընթացքում, երբ նրան առաջարկել են գործը կարճել՝ եղած ծեծկռտուքը կենցաղային գնահատելու դիմաց: Այդ ըմբոստության համար նրա ազատազրկման ժամկետը նույնիսկ երկարացրել են»,- նշում է մեր զրուցակիցը:

«Ձիուկները» պատմվածքում Դավիթը գրել է. «Ավարտին էր մոտենում օսուժդյոնկայում գտնվելուս երրորդ շաբաթը: Այդ ժամանակ սատանան դրդեց ինձ լսել փաստաբանին ու վճռաբեկ գանգատ ուղարկել օկրուգի տրիբունալ: Որքան էլ տարօրինակ է, ես դեռեւս հավատում էի միֆական արդարության հաղթանակին եւ առաջնորդվելով այդ հավատով՝ չզլացա տասը էջ թուղթ մրոտել, որոնց վրա երկարորեն ու տաղտկաբար ապացուցում էի իմ անմեղությունն այն բանում, ինչի համար դատապարտվել էի»:

Մ. Կարապետյանն ասում է, որ բանտում Դավիթը շարունակել է ինքնակրթվել, միակ բանը, ինչից հնարավոր չէր բողոքել, գրքերի հասանելիությունն էր: «Ընթերցանությունից կորզած բազմագիտակությունը լրացնող կենսափորձն էլ, որ Դավիթը ստիպված էր կուտակել ժամանակից շուտ (բանտում է այդպես), ազատության առաջին իսկ ամիսներին դարձել է պարարտ նյութ՝ կարեւոր ասելիքի ու վերագնահատումների համար»,- նկատում է գրքի թարգմանիչը:  

Թարգմանական դժվարությունների մասին խոսելիս մեր զրուցակիցը նշում է, որ բանտային ժարգոն թարգմանելը դյուրին չէ, եւ ինքն էլ հաճախ անհանգստացել է, որ կխաթարի բնագրի աուտենտիկությունը. «Պակաս բարդ չէր մեկ այլ լեզու փոխադրել Դավիթի շարադրային, ոճական հմտությունները, որոնք լավագույնս դրսեւորվել են ռուսերենի նրա փայլուն, խոր ու բազմաշերտ իմացության շնորհիվ: Բայց երբ արդեն գործը ձեռնարկել ես, հետքայլ չկա: Մի կողմից՝ պարտքի զգացումը, մյուս կողմից՝ մասնագետների խորհուրդներն ու աջակցությունը, մյուս կողմից էլ՝ ընկերների քաջալերանքը, ինչու չէ՝ նաեւ գիրքը արդեն ձեռքիդ շոշափելու սպասումը «խանգարեցին» ինձ ճամփի կեսին մնալ»:

Թարգմանությւոնը տեւել է երկու տարի: Մերի Կարապետյանն ասում է, որ «այդ ճամփորդությունը» ոչ միայն մասնագիտական փորձառություն էր, որ ավարտվելու էր ինչ-որ կետում՝ գրքի տպագրությամբ, այլ նաեւ կարեւոր զրույց, որն ինքն ունեցել է ու հիմա էլ ամեն անգամ փնտրում է իր բնորոշմամբ տաղանդավոր հեղինակ Դավիթ Սարապյանի հետ: «Դժվար չէ պատկերացնել, թե ստեղծագործական ինչ վերելք կունենար Դավիթը, եթե պատերազմը խնայեր նրան»,- առաջաբանում գրել է թարգմանիչը:

Դավիթը զոհվեց 1991 թ. դեկտեմբերի 10-ին Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում: Նա 25 տարեկան էր:

«Դավիթը միշտ մտքիս մեջ է, եւ ես համոզված եմ, որ եթե յուրաքանչյուր ազատամարտիկ ունենա գոնե մեկ տոկոս Դավիթի հայրենասիրությունից, մենք շուտով կազատագրենք Արեւմտյան Հայաստանը»,- Դեւի մասին մի անգամ ասել է Մոնթե Մելքոնյանը:

Տես նաեւ՝ 

Լուսանկարում՝ Դ. Սարապյանի ժողովածուն եւ Է. Մելքումյանի «Մեր օրերի Դավիթը» գիրքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter