HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մինեապոլիսում ոստիկանները կրակ են արձակել «Deutsche Welle»-ի նկարահանող խմբի ուղղությամբ

Մինեապոլիսում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ կրակի տակ է հայտնվել «Deutsche Welle»-ի նկարահանող խումբը։ Մայիսի 31-ին՝ կիրակի օրը, ուղիղ հեռարձակում մտնելուց մի քանի րոպե առաջ, լրատվամիջոցի թղթակից Շտեֆան Զիմոնսը և օպերատոր Մաքս Ֆյորգը հայտնվել են ոստիկանության կրակի տալ։ Դեպքի վայրում իրականացված տեսանյութերից պարզ է դառնում, որ կրակոցի ձայնից հետո մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ոստիկանն իջեցնում է առարկա, որը նման է զենքի։

Հաջորդած քաշքշուկի ժամանակ ոստիկանները «Deutsche Welle»-ի լրագրողներից պահանջել են լքել ցույցերի վայրը, չնայած նրան, որ վերջիններս ներկայացրել են հավատարմագրման վերաբերյալ փաստաթղթեր։ Դեպքից հետո Զիմենսը հայտարարել է, որ օպերատորը գտնվել է ավելի մեծ ռիսկի տակ, քան ինքը՝ հավելելով, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ ավարտ ունենալ։ Նա նաև նշել է, որ ոստիկանները գտնվել են ուժեղ սթրեսային վիճակում։

Սա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ պատահարի առաջին դեպքը չէ ԱՄՆ-ում մի քանի օր շարունակվող ցույցերի ընթացքում։ Զիմոնսը հայտարարել է, որ իրենց պատահարից ոչ շատ առաջ, անհայտ պատճառներով, ոստիկանական երեք ավտոմեքենաներ շրջափակել են հեռուստաընկերություններից մեկի տեղում աշխատող լրագրողներին։ Մայիսի 30-ին էլ ռետինե փամփուշտներից տուժել են «Reuters» գործակալության երկու աշխատակիցներ և շվեդական թերթերից մեկի թղթակիցը։

Մայիսի 29-ին ուղիղ եթերում ձերբակալվել է «CNN»-ի թղթակից Օմար Խիմենեսը, որն լուսաբանում էր Մինեապոլիսում տեղի ունեցող իրադարձությունները։ Ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալվածները բաց են թողնվել այն բանից հետո, երբ հաստատվել է նրանց լրագրող լինելը։ Այդուհանդերձ,  «CNN»-ը հերքում է ոստիկանության վարկածը՝ հայտարարելով, որ իր աշխատակիցներն անմիջապես հայտնել են իրենց ով լինելը, և այդ ամենը տեղի է ունեցել ուղիղ եթերում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանները, որոնք ստուգում էին կեղծ փողերի օգտագործման տեղեկատվությունը։ Ֆլոյդին հրամայել են հեռանալ ավտոմեքենայից։ Նրանց խոսքերով Ֆլոյդը դիմադրել է ձերբակալությանը։

Համացանցում տարածվել է տեսագրությունն, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանը ծունկը դրել Ֆլոյդի վզին՝ փորձելով խեղդել։ Տեսագրության մեջ լսվում է, որ գետնին պառկած Ֆլոյդը կրկնում է. «Ես խեղդվում եմ, խեղդվում եմ, մի՛ սպանեք ինձ»։ Հավաքվածները խնդրել են ոստիկանին դադարեցնել խեղդել Ֆլոյդին և չափել նրա ճնշումը։ Որոշ ժամանակ անց Ֆլոյդը դադարել է շարժվել և նրան տեղափոխել է շտապ օգնությունը։ Հիվանդանոցի ճանապարհին վերջինս մահացել է։

Անընդհատ ընթացող անկարգությունների ֆոնին՝ ԱՄՆ մի շարք քաղաքներում հայտարարվել է պարետային ժամ։ Ի սկզբանե Մինեապոլիսում, այնուհետև՝ Վաշինգտոնում, Ատլանտայում, Նյու Յորքում և ԱՄՆ մյուս քաղաքներում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, չնայած որ հայտարարվել էր ոստիկանության աշխատակից Դերեք Շովինի ձերբակալության մասին։ Հենց նա էր մահացու հարված հասցրել Ֆլոյդին՝ ծունկը դնելով վերջինիս վզին։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter