HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Բժիշկ Սարգիս Շիմալյան. «Գնահատե՛ք բժշկի աշխատանքը՝ ձեր անվտանգությանը հետևելով, դիմակ կրելով, տանը մնալով»

Սարգիս Շիմալյանը  մայիսի 6-ից «Ավիատրանս» հյուրանոցում աշխատել է որպես մեկուսարանի կառավարիչ։ Հյուրանոցի անձնակազմը բաղկացած է եղել 12 հոգուց։ 6-ը հյուրանոցի աշխատակիցներ են եղել, 6-ը՝ բուժաշխատողներ։

«Մեր հայրենակիցներին խնդրում եմ, որ գնահատեն բժշկի աշխատանքը՝ գնահատեն իրենց անվտանգությանը հետևելով, դիմակ կրելով, տանը մնալով, հիգիենան պահելով, որովհետև բժիշկներն էլ կարող են ֆիզիկապես հոգնել։ Գիտեմ, որ Ֆեյսբուքում բժիշկներին վերաբերող նկարներ տեսնելիս միանգամից լայքում են, հուզվում են, լավ խոսքեր են գրում, բայց մենակ լայքելը բավարար չի, զգույշ լինել է պետք, մի քանի ժամ դիմակ կրելուց նեղվում են, բայց բժիշկը ստիպված է 24 ժամ դիմակով ու արտահագուստով լինել։ Մեղավորներ փնտրելը միշտ այնքան հեշտ է։ Մարդիկ մեղադրում են Կառավարությանը, առողջապահական համարկարգին, բայց եթե ամեն մեկս մեր անվտանգությունը չպահպանենք, ինչպե՞ս վարակը կնահանջի,- ասում է Սարգիս Շիմալյանը։ 

Առաջին մարդը, ում տեղեկացրել է գնալու մասին, եղել է մայրը, հետո ընկերուհուն է ասել, ընկերուհին նեղվել է, խնդրել, որ չգնա:

«Այդ օրը, երբ ասացի, որ գնալու եմ, լացում էր, երևի վախենում էր, որ կվարակվեմ, սկզբում շատ ծանր էր տանում, ասում էր՝ կլինի՞ չգնաս, բայց ես դրա բարոյական իրավունքը չունեի»,- ասում է նա։

Ամենաբարդը բժիշկների համար հիվանդներին բացատրելն է, որ արտահագուստներով են ոչ միայն իրենց, այլև պացիենտների անվտանգության համար։

«Ես եթե տեսնեի, որ ինձ մոտեցող մարդիկ պաշտպանվում են ինձնից, հատուկ հագուստ են կրում, ինձ վատ կզգայի, բարդ է հիվանդներին բացատրել, թե ինչու է կարևոր մեր հատուկ հանդերձանքը, անընդհատ բախվում ենք հոգեբանական դժվարությունների»,- ասում է Սարգիս Շիմալյանը։

Պատմում է, որ երկրորդ օրը մի ամբողջ ընտանիքի էին մեկուսացրել, ընտանիքը հյուրանոցում է եղել, իսկ անդամներից մեկը՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որովհետև վիճակը ծանր է եղել։ Երբ տեղեկացել են, որ վերջինս մահացել է, ընտանիքի անդամներին թույլ չեն տվել գնալ թաղմանը։ Սարգիսն ասում է, որ հիացած էր այդ ընտանիքի անդամների սթափ մտածողությամբ, նրանք չեն ըմբոստացել, չեն հակառակվել, հասկացել են պահի լրջությունը ու չեն մասնակցել թաղմանը։

Եղել են նաև դեպքեր, որ հարազատները ծանրոց ուղարկելիս հյութի շշերի մեջ ալկոհոլային խմիչքներ են լցրել, որպեսզի փոխանցեն մեկուսացածներին։ Դրա համար բոլոր ծանրոցներն ընդունարանում հարազատներից վերցնելուց հետո պարտադիր ստուգվում էին։ «Ջերմուկի շշի մեջ օղի, իսկ Coca cola-ի շշի մեջ կոնյակ էին փորձում ուղարկել մեկուսացածներին։ Բացատրում էինք, որ հիվանդների իմունիտետը շատ ցածր է ոգելից խմիչք օգտագործելու համար, որ դրանով միայն վնասում են իրենց հարազատին»,- ասում է Սարգիս Շիմալյանը։

Հանգստի կամ քնի մասին խոսելիս ասում է, որ օրական քնում էին 3-4 ժամ։ Եղել է նաև, որ արտահագուստը չեն հանել, հյուրանոցի սպասասրահում են քնել, քանի որ գիշերը պետք է հիվանդ ընդունեին, իսկ նորից հագնվելն ու սենյակից դուրս գալը ժամանակի անիմաստ կորուստ կլիներ։

«Հիմնական ինչ-որ բան ուտում էինք գիշերը, երբ արդեն պետք է քնեինք, 3 անգամվա տրամադրած սնունդը գիշերը քնելուց առաջ նոր ուտում էինք։ Մեկ-մեկ մտածում էի, որ մեզ 24 ժամն էլ չի բավականացնում»,- ասում է Սարգիս Շիմալյանը։

Գլխավոր լուսանկարում՝ բժիշկ Սարգիս Շիմալյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter