HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ավիակոմպանիա Արմենիան» հատուկ թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով ու Վորոնեժ

Հայկական ավիափոխադրող «Ավիակոմպանիա Արմենիան» այսօր՝ հունիսի 4-ին, Երեւան-Դոնի Ռոստով-Երեւան եւ Երեւան-Վորոնեժ-Երեւան թռիչքներ է իրականացնելու: Սրանք լինելու են հատուկ չվերթներ, ինչպիսիք տվյալ փոխադրողը կատարում է ՀՀ-ում արտակարգ դրությունից հայտարարվելուց հետո: 

Վորոնեժն այն կանոնավոր ուղղություններից է, որոնք մինչեւ կորոնավիրուսի պանդեմիան ու արտակարգ դրությունը շահագործում էր «Արմենիան»: Հիշեցնենք, որ օպերատորը մայիսի 26-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով մինչեւ հունիսի 13-ը (ՀՀ-ում արտակարգ դրության ավարտը այս պահին հայտնի տվյալներով) չի իրականացնի թռիչքներ Երեւան-Լիոն-Երեւան, Երեւան-Թել Ավիվ-Երեւան, Երեւան-Վորոնեժ-Երեւան, Երեւան-Մին. Վոդի-Երեւան ուղղություններով: Երեւան-Թբիլիսի-Երեւան կանոնավոր չվերթներն էլ հետաձգվում են մինչեւ հունիսի 30-ը:

Սրանցից Երեւան-Լիոն-Երեւան թռիչքների մասին արդեն կարող ենք մոռանալ, քանի որ ավիաընկերությունը ՀՀ գրանցում ունեցող այլ ընկերությունների պես զրկվել է ԵՄ օդային տարածք մուտք գործելու իրավունքից:   

Օդանավ շահագործողի վկայական ունեցող հայկական 7 ավիաընկերություններից (իրականում 6, քանի որ դրանցից մեկի՝ «Մարս Ավիայի» վկայականի գործողությունը կասեցված է) մինչեւ այս պահը միայն «Ավիակոմպանիա Արմենիան» (Ռուսաստան, Վրաստան, Մերձավոր Արեւելք, Ֆրանսիա) ու «Արմենիա Էյրվեյզն» (Իրան) են Հայաստանից ու դեպի Հայաստան կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացրել: 

Մարտի 7-ից մինչեւ մայիսի 31-ը կառավարության որոշմամբ վիզային ռեժիմ էր սահմանված ՀՀ մուտք գործել ցանկացող Իրանի քաղաքացիների համար, հունիսի 1-ից այն այլեւս չի գործում, սակայն քանի որ արտակարգ դրության ժամկետը մինչեւ հունիսի 13-ն է (այս պահի դրությամբ) իրանցիների համար պարետի որոշմամբ ընդունված սահմանափակումները դեռ գործում են: Նկատենք, որ «Արմենիա Էյրվեյզը» փետրվարի 26-ին ու 28-ին է Իրանից ՀՀ տեղափոխել մեր հայրենակիցներին, ինչից հետո դադարեցրել է թռիչքները դեպի Թեհրան:   

Այսինքն՝ ներկա իրավիճակում միակ հայկական ավիաընկերությունը, որը երկինք է բարձրանում միջազգային ուղեւորափոխադրումներ կատարելու համար, «Ավիակոմպանիա Արմենիան» է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter