HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը պաշտոնապես դարձել է Դոնալդ Թրամփի մրցակիցն առաջիկա նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը դարձել է 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության պաշտոնական թեկնածուն, որը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին։ «Twitter»-ի իր միկրոբլոգում Բայդենը գրել է, որ սկսելու է պայքարել «ազգի ոգու» համար։ 

Վերլուծաբանների կարծիքով՝ Բայդենի նախընտրական քարոզարշավի հիմնական թեմաները լինելու են նոր կորոնավիրուսի դեմ պայքարը, գործազրկության հիմնախնդիրը, ինչպես նաև ռասիզմի դեմ զանգվածային ցույցերը։ Փրայմերիզների արդյունքներով Բայդենն ստացել է կուսակցության ավելի քան 1990 պատվիրակների աջակցությունը և այդպիսով դարձել Դեմոկրատական կուսակցության պաշտոնական թեկնածուն։

Ջո Բայդենը Բարաք Օբամայի նախագահության տարիներին եղել է երկրի փոխնախագահը։ Փրայմերիզների ժամանակ նա պարտվել է Այովա և Նյու Հեմփշիր նահանգներում, սակայն Հարավային Կարոլինայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո, նրա ընտրարշավն սկսել է մեծ արագություն հավաքել, իսկ մրցակիցներն սկսել են հեռանալ թատերաբեմից։

«Ես հպարտ եմ, որ մրցակցել եմ Դեմոկրատական կուսակցության ամենատաղանդավոր թեկնածուի հետ և ուրախ, որ ընտրություններից առաջ մեր շարքերում իշխում է միասնությունը»,- հայտարարել է Բայդենը՝ ի նկատի ունենալով դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսին։

Բայդենը 77 տարեկան է։ Սա Բայդենի ԱՄՆ նախագահական ընտրապայքարին մասնակցության երրորդ փորձն է։ «Այսօր դժվարին պահ է Միացյալ Նահանգների համար։ Եվ Դոնալդ Թրամփի զայրալից, երկպառկություն սերմանող քաղաքականությունը չի օգնում երկրին։ Պետությունը կարիք ունի առաջնորդի, ընդ որում, այնպիսի առաջնորդի, որը կկարողանա միավորել բոլորին»,- նշել է Բայդենը։ 

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր աջակցությունն է հայտնել Ջո Բայդենին նախագահական քարոզարշավի շրջանակներում։ Ապրիլին տարածված տեսաուղերձի ժամանակ, Օբաման նշել է, որ Բայդենն ունի բոլոր այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են պետության ղեկավարին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ «սպասում է իր մրցակցի հետ մենամարտին»։ Թրամփը Բայդենին անվանել է «Քնկոտ Ջո»։ 

Մինչև կուսակցության պաշտոնական թեկնածու դառնալը, Բայդենը բախվել է մի շարք խնդիրների հետ։ Նա ստիպված է եղել ներողություն խնդրել իր այն խոսքերի համար, որ աֆրոամերիկացիները չեն կարող իրենց սեւամորթ համարել, նույնիսկ եթե մտածում են Թրամփի օգտին քվեարկելու մասին։ Նրա նախկին օգնական Թարա Ռիդը Բայդենին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ, որոնք վերջինս իբր իրականացրել է 1993 թվականին։ Բայդենը ժխտում է այդ փաստը։

Սկանդալներից մեկն էլ կապված է Բայդենի որդու՝ Հանթերի հետ, որը եղել է ուկրաինական «Burisma» նավթային ընկերության տնօրենների խորհրդի անդամ այն ժամանակ, երբ Բայդենն զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։ Դոնալդ Թրամփը և մյուս հանրապետականները պնդում են, որ այս փաստը կարող է շահերի բախման հարց առաջացնել։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter