HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հրայր Թովմասյանը հրաժարվել է պարգևավճարներից, իսկ Վահե Գրիգորյանին դրանք չեն հատկացվում

Ազգային ժողովում 2019թ. բյուջեի կատարողականի քննարման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատկազմի ղեկավար Էդգար Ղազարյանից, թե որքան պարգևավճարներ և հավելավճարներ են ստացել ՍԴ դատավորները:

Էդգար Ղազարյանն ասաց, որ ՍԴ դատավորները ստանում են օրենքով սահմանված աշխատավարձը, իսկ պարգևավճարների չափի մասին չցանկացավ խոսել՝ հավելելով, որ ինչպես մյուս պետական մարմիններում, նախատեսված է եղել աշխատավարձային ֆոնդի 30%-ի չափով, սակայն փաստացի վճարվել է 28,6%-ի չափով: Պարգևավճարների չափը, ըստ Էդգար Ղազարյանի, կախված է նաև դատավորների աշխատանքային ստաժից:

Ինչպես նշեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, ապրգևավճարները տրվում են ՍԴ նախագահի կարգադրություններով, փորձում են պահել հավասարություն, սակայն առանձին դեպքերով բացառություններ եղել են: Մասնավորապես, Էդգար Ղազարյանի խոսքով՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տևական ժամանակ է՝ հրաժարվել է պարգևավճարներից, և իր կարգադրության մեջ իրեն բացառություն է անում: Վերջին ամիսներին պարգևավճարներ չեն հատկացվել նաև Վահե Գրիգորյանին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նա չի մասնակցում ՍԴ աշխատանքներին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն էլ ասաց, որ իր տեղեկություններով՝ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ստացել է ամսական 793 հազար դրամ աշխատավարձ և պարգևավճար 100-150 հազար դրամի չափով: Աննա Կոստանյանի փոխանցմամբ՝ Վահե Գրիգորյանը ստացել է նաև 1180 լիտր վառելանյութ ավտոմեքենայի համար, և այսքանով հանդերձ մեկ տարվա ընթացքում՝ ընդհանուր 15 միլիոն դրամ: ԼՀԿ պատգամավորը նշեց նաև, որ իր տեղեկություններով Վահե Գրիգորյանը չի զբաղվել իրեն մակագրված գործերով և չի կատարել իր աշխատանքային պարտականությունները: Պատգամավորը ՍԴ աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվեց, թե այս տեղեկությունները համապատասխանու՞մ են իրականությանը, թե՞ ոչ:

Ֆինանսական հարցերի վերաբերյալ Էդգար Ղազարյանը խնդրեց գրավոր դիմել՝ թվերի մեջ չսխալվելու համար: Սակայն հաստատեց, որ Վահե Գրիգորյանը մեկ տարվա ընթացքում չի մասնակցել Սահմանադրական դատարանի ոչ մի նիստի, ընդգրկված չի եղել դատական կազմում, հաղորդումներ չի ներկայացրել Սահմանադրական դատարանին իրեն մակագրված գործերի նախնական ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև չի նախապատրաստել որոշման նախագծեր և այլ անհրաժեշտ նյութեր այն գործերի մասին, որոնցով նշանակված է եղել որպես զեկուցող կամ համազեկուցող դատավոր:

Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա Էդուարդ Ղազարյանի խոսքով՝ իրավունքի ուժով դրանք պարտադիր սահմանված ժամկետում վճարվել են, իսկ պարգևավճար Վահե Գրիգորյանը ստացել է 2-3 անգամ:

Լուսանկարում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter