HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Բժիշկ Կարեն Տոնոյան. «Եթե հիվանդը որոշել է ապրել, բժշկությունն ընդամենը օգնում է նրան»

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն ապրիլի 1-ից վերապրոֆիլավորվել ու ժամանակավորապես դարձել է ինֆեկցիոն հիվանդանոց։ Երկու ամսից ավելի այն ծառայում է COVID-19 դրական պացիենտների հոսպիտալացման և բուժման համար։

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ Կարեն Տոնոյանը մեզ հետ զրույցում պատմել է կորոնավիրուսային հիվանդության ընթացքի, բուժման ու իր առօրյայի մասին։

Ե՞րբ եք սկսել աշխատել կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ, ինչպե՞ս որոշում կայացրիք, որ պետք է ներգրավվեք այդ աշխատանքներում։

Հիվանդանոցն ապրիլի 1-ից ամբողջությամբ վերապրոֆիլավորվել էր, Covid-19 դրականով առաջին պացիենտին ընդունել ենք ապրիլի 5-ին, իմ հերթապահության ժամանակ, սկզբում չէինք հասկանում, թե ինչ է կատարվում։ Ո՞նց պիտի բուժենք, մանավանդ, որ հիվանդության համար հատուկ դեղ չկար։ Որոշում կայացնելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ արդեն 2 տարի է աշխատում եմ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»-ում, հետևաբար, եթե հիվանդանոցն ամբողջությամբ ծառայում է վարակակիրներին բուժելու համար, ես էլ պիտի ներգրավվեի, քանի որ հիվանդանոցի մի մասն եմ կազմում։ Նախորդ երկու ամիսներին հերթապահել եմ ամսվա մեջ 10 օր, բայց սովորական օրերին, երբ հերթապահության չեմ, երեկոյան մինչև ժամը 10-11-ը լինում եմ հիվանդանոցում։ 

Ձեր ընտանիքի անդամներն ինչպե՞ս ընդունեցին այդ փաստը, չէին վախենու՞մ։

Կինս, որ մասնագիտությամբ բժշկուհի է, բայց այս պահին չի աշխատում, ամեն օր ինձ ասում էր տուն արի։ Պետությունը բուժաշխատողների համար հյուրանոցներում սենյակներ է առաձնացրել, որպեսզի մեր հարազատների անվտանգության նկատառումներից ելնելով, տուն գնալու փոխարեն հյուրանոցներում գիշերենք։ Ես սկզբում հենց էդպես էլ անում էի, ապրիլ ու մայիս ամիսներին տուն չեմ գնացել, բայց արդեն 10-15 օր է գնում եմ տուն, գալիս աշխատանքի, եթե արդեն վարակվելն անուսափելի է, իմաստ չեմ տեսնում տուն չգնալու։ Մեր տան տարիքով մարդկանց քաղաքից դուրս ենք ուղարկել, որպեսզի ինձնից վարակվելու ռիսկը նվազեցնենք, հիմա տանը ես, 5 ամսական տղաս ու կինս ենք։

Հիվանդների հետ կապված ի՞նչ դեպքեր եք հիշում։

Բոլորն էլ երևի գիտեն 101 տարեկան տատիկի մասին, որ կորոնավիրուսով վարակվել, բուժվել ու տուն էր վերադարձել, դա շատ ոգևորող փաստ է բոլոր նրանց համար, ովքեր մտածում են, թե մեծ տարիքի մարդիկ որ վարակվեն, հիվանդությունը տխուր ավարտ կունենա։ Այդ կինը բուժվեց, որովհետև ուզում էր ապրել։ Ինքը միակը չի, 70-ն անց կին ունեինք, որ վիճակը շատ ծանր էր, բայց ինքը նայում էր դեմքիս, ասում էր՝ «Բժիշկ ջան, ես ուզում եմ ապրեմ, նենց արա ապրեմ, էլի, ես էնքան անելիք ունեմ դեռ», շատ երկար տևեց նրա բուժումը, մոտ 40-45 օր, բայց հիմա ապաքինվել ու իր տուն է վերադարձել։ Իր փեսան էր անընդհատ զանգում նրա վիճակի մասին տեղեկանալու համար, մի օր ինձ ասաց՝ «Եթե կարողացար նենց անես, որ զոքանչս առողջանա, էս վիճակներն անցնի, պիտի գաս, քո համար գառ եմ մորթելու» ու հիմա էլ մեկ-մեկ որ զանգում ա, ասում ա՝ չես մոռացել, չէ՞, գառ ենք ուտելու միասին։ Ես էս ընթացքում համոզվել եմ՝ ամենաուժեղ դեղը, որ կարող է բուժել, ապրելու ցանկությունն է, կամքը, մարդիկ կան, որոնք հուսալքված են գալիս, ինչ անում ես, դժգոհ են լինում, մտածում են՝ դատապարտված են մահվան, բայց դա էդպես չի։

Մի տղամարդ կար, որ թոքերի պրոբլեմ ուներ, ես իր պայքարող տեսակով հիանում էի, էդ մարդն ասում էր՝ ես պիտի ապրեմ, ասել էինք, որ կրծքավանդակի մկաններն աշխատացնելը կթեթևացնի վիճակը, իր մահճակալի կողքին, հիվանդասենյակում պառկում ժիմ էր անում, ֆիզիկական վարժություններ էր անում, չնայած դժվար էր իր համար, բայց փորին պառկած էր քնում, որ թոքերը լավ աշխատեն։ Եթե հիվանդը որոշել է ապրել, բժշկությունն ընդամենը օգնում է նրան։

Մահվան դեպքերի մասին կպատմե՞ք, հիմնականում ո՞ր դեպքերում են լինում մահեր։

Վատ դեպքերի մասին խոսել չեմ ուզում, անկեղծ ասած, որովհետև դա մեզ՝ բժիշկներիս համար էլ շատ տխուր է։ Այդ դեպքում մեզ ենք վատ զգում, մեղադրում ենք մեզ անզոր լինելու համար։ Եղել են դեպքեր, որ մարդը մահացել է արյան վատ մակարդելիության պատճառով ստացած թրոմբից, ինֆարկտից, ինսուլտից, բայց նաև ունեցել է կորոնավիրուս, հիվանդությունն անկանխատեսելի է, չենք կարող կանխատեսել՝ որ պահին ինչ ընթացք կամ սրացում կունենա։

Ինչպե՞ս է կատարվում բուժումը, եթե բարդություններ են առաջանում,  ի՞նչ մեթոդներ են օգտագործվում։

Քանի որ հիվանդությունը բուժող հատուկ դեղ չկա, իսկ տարբեր մարդկանց մոտ այն անցնում է տարբեր կերպ, որպես էդպիսին բուժման սահմանված մեթոդ չկա։ Ամենաբարդը շնչառական սարքավորումների կարիք ունեցողների բուժումն է։ Արհեստական օդափոխման սարքերը, որ միացնում ենք ծանր վիճակում գտնվող մարդկանց, բարդացնում են շնչելը։ Իրականում շատ դժվար է դրանց տակ շնչել, մեծ ճնշումով օդը փչում է դեմքիդ, իսկ դու պիտի դրան զուգահեռ շնչես։

Հիվանդների հարազատների հետ շփվո՞ւմ էիք, նրանք ի՞նչ հոգեվիճակում էին։ 

Ամբողջ օրը զանգեր էինք ստանում հիվանդների հարազատներից։ Եթե մի  բաժանմունքում կա 50-60 հիվանդ, օրվա մեջ ամեն մեկի հարազատը մի քանի անգամ զանգի, ստիպված կլինենք ողջ օրը հեռախոսի մոտ մնալ։ Դրա համար զանգերի համար ժամ ենք սահմանել։ Եթե հանկարծ զանգերին ուշ էինք պատասխանում, մարդիկ կային, որ հայհոյում էին, փնովում բժիշկներին: Ոչ բոլորն են հասկանում, որ բժշկի գործը միայն հեռախոսազանգերին պատասխանելը չի, որ իրենց նման շատերն են զանգում ու ֆիզիկապես բոլորին ճիշտ պահին պատասխանել չենք կարող։ 

Իրավիճակը կարծես պատերազմի նման լինի, պատերազմ՝ համաշխարհային մասշտաբով, միկրոչափերի հասնող թշնամու դեմ։ Բոլորս այդ պատերազմի մեջ ենք, ոչ միայն բժիշկներն են պայքարում, այլև հիվանդները: Շատ հաճախ պացիենտի պայքարի ձևից է կախված՝ նա կապրի, թե՞ ոչ։ 

Ուսանողական տարիներին ինչպիսի՞ն եք ձեզ պատկերացրել՝ որպես բժիշկ, հիմա համապատասխանու՞մ եք ձեր պատկերացումներին։

Պացիենտների հետ աշխատելու մի քանի մեթոդ կա, դու պիտի ընտրես, թե որ մեթոդով ես աշխատելու հետագայում, որ մեթոդն է քեզ հոգեհարազատ։ Մեկը ստիպելու մեթոդն է ընտրում, մյուսը՝ խնդրելու, վախեցնելու, արհամարհելու, ես ընտրում եմ բոլոր մեթոդները միասին։ Պատկերացրել եմ, որ ցանկացած հիվանդի պիտի անհատական մոտեցում ցույց տամ: 

էս իմ սովորած բոլոր մեթոդներն ամեն մեկի հետ յուրովի կիրառում եմ, մեկին պիտի խնդրես, որ դեղը խմի, մյուսին պիտի պարտադրես, մեկին պիտի ամոթանք տաս, ասես՝ չես ամաչու՞մ, քո մասին չես մտածում, գոնե ընտանիքիդ մասին մտածի, ես մտածում եմ, որ իմ պատկերացումներին համապատասխան մասնագետ եմ դարձել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter