
Մանե Թանդիլյան. «Արդեն երկրորդ անգամ է, որ Երևանի քաղաքապետը չի գալիս ԱԺ քննարկումներին»
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը միակ պաշտոնյան է, որն արդեն երկրորդ անգամ չի գալիս բյուջետային քննարկումներին: Այս մասին խորհրդարանում` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը` դիմելով Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
«Արդեն երկրորդ անգամ է, որ Երևանի քաղաքապետը չի գալիս ԱԺ քննարկումներին, եզակի ու միակ պաշտոնյան է, որն արդեն երկրորդ անգամ է չի գալիս, խնդրում եմ` նշեք Ձեզ մոտ»,- ասաց Թանդիլյանը` դիմելով փոխքաղաքապետին:
Թանդիլյանի խոսքով` մամուլից տեղեկացել է, որ Երևանի քաղաքապետը մեկուսացել է, եթե նման խնդիր կա, ապա կարող էին հանդիպումը հեռավար կազմակերպել: Թանդիլյանը նաև նկատեց, որ խորհրդարան է ներկայացել ոչ թե քաղաքապետի առաջին տեղակալը, այլ ուղղակի տեղակալը:
Հրաչյա Սարգսյանն արձագանքեց, որ քաղաքապետարանի լրատվական վարչությունից դեռ երեկ հայտնել էին, որ քաղաքապետը կոնտակտավոր անձ է, շփվել է վարակված երկու աշխատակցի հետ, դրա համար է մեկուսացել:
Թանդիլյանն արձագանքեց` խորհրդարանը մամուլից չէ, որ պետք է տեղեկանա քաղաքապետի՝ խորհրդարան չներկայանալու մասին:
«Կոնտակտավոր լիենլը վարակված լինելուց վատ չէ, եթե վարչապետը վարակված հեռավար մասնակցել է, քաղաքապետը ևս կարող էր»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է ինքը ներկայացնում զեկույցը, Հրաչյա Սարգսյանն արձագանքեց` հավանաբար քաղաքապետը նպատակահարմար է համարել, որ զեկույցը ներկայացնի ֆինանսական գծով տեղակալը:
Մեկնաբանել