
Երևանի քաղաքապետարանը մտադիր է հնացած ծառայողական մեքենաները փոխարինել նորով
Երևանի քաղաքապետարանը մտադիր է թարմացնել ծառայողական ավտոպարկը: Այս մասին խորհրդարանում 2019-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն ասաց, որ օրերս Երևանի բյուջեում վերաբաշխում է եղել, և 9 միլիոն դրամ գումար է նախատեսվել նոր ծառայողական մեքենա գնելու համար, պատգամավորը հետաքրքրվեց, թե նման իրավիճակում նոր մեքենա գնելն ինչով է պայմանավորված:
Փոխքաղաքապետն ասաց, որ այն տրամադրվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին` ծառայողական մեքենայով ապահովելու համար, քանի որ վերջինս վեց ամիս չի ունեցել ծառայողական մեքենա և օգտագործել է սեփական մեքենան:
«Մոտ քսան օր առաջ վթարվել է նաև այդ մեքենան` աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ: Մեր ավտոպարկի մեքենաները ուսումնասիրելով՝ չգտանք մեքենա, որ կարող էր տրամադրվել կամ ինչ-որ մեկից վերցվեր»,- ասաց նա` հավելելով, որ վերջերս ծառայողական մեքենաներ առանձնացրել են կրճատման համար, որոնք չեն օգտագործվում:
Փոխքաղաքապետը նաև ասաց, որ քաղաքապետի մեքենան, որը դրվել էր վաճառքի, չի իրացվել մասնակից չլինելու պատճառով: Սարգսյանի խոսքով` մեքենայի մեկնարկային գինը ութ միլիոն դրամ է:
«Այս մեքենան հնացած է, և ծախսերի կառավարման տեսանկյունից այնքան էլ էֆեկտիվ չէ հին մեքենա պահելը: Մենք քննարկում ենք ամբողջ մեքենաների կազմն անցնել այլ վառելիքի` տնտեսող, և շատ հնացած մեքենաները փոխարինել նոր կազմով»,- ասաց նա:
Տեղեկացնենք, որ ըստ նախորդ տարվա մեր կատարած ուսումնասիրության` Երևանի քաղաքապետարանն ունի 61 ծառայողական մեքենա, սա ավելին է, քան բոլոր մարզպետարանների ծառայողական մեքենաները միասին վերցրած:
Մեկնաբանել