HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վլադիմիր Վարդանյան. «Սահմանափակելով հավաքների ազատությունը՝ երաշխավորում ես մարդու կյանքի իրավունքը»

Սահմանափակելով հավաքների ազատությունը՝ երաշխավորում ես մարդու կյանքի և առողջության իրավունքը: Ազգային ժողովի հատուկ նիստին այսպիսի հայտարարություն արեց խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի ժամանակ կիրառվող սահմանափակումներին:

Ըստ պատգամավորի՝ սահմանափակումները արդարացի են ինչպես արակարգ դրության ռեժիմի պարագայում, այնպես էլ դրանից դուրս, եթե առկա են անհրաժեշտ և համաչափ հիմքեր ժողովրդավարական հասարակություններում և նպատակ են հետապնդում պահպանել սահմանադրական արժեքներ:

Խոսելով քաղաքացիների տեղորոշման համակարգի և դրա վերաբերյալ ընդունված օրենսդրական ակտի քննադատությունների մասին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ օրենքի տված հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան իրականում դրա կիրառումը: 

«Եվրոպայի գրեթե բոլոր պետությունները այս կարգի տարատեսակ մեխանիզմներ են կիրառում»,- ասաց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը:

Վերադառնալով հավաքների ազատության թեմային՝ Վլադիմիր Վարդանյանը հորդորեց այդ հարցով անհանգստացողներին դիմել իրեն և բացատրություն ստանալ՝ տարբեր երկրներում արտակարգ դրության ռեժիմի չարաշահումների և միջազգային կառույցների արձանագրած խախտումների մասին: 

Վլադիմիր Վարդանյանը խոսեց նաև արտակարգ դրության օրերին ոստիկանության գործողությունների մասին՝ ընդգծելով, որ եթե ոստիկանության աշխատակիցները թույլ են տալիս ոստիկանության մասին օրենքի խախտումներ, ապա պետք է ենթարկվեն պատասխանատվության, սակայն արտակարգ դրության ժամանակ իրավական պետությունը և իրավունքի գերակայությունը շարունակում են գործել՝ ներառյալ անմեղության կանխավարկածն ու պատշաճ դատաքննության իրավունքը: Ըստ պատգամավորի՝ արտակարգ դրության օրերին Հայաստանի դատական իշխանությունները գործել են հավուր պատշաճի:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարացվեց մինչև հուլիսի 13-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter