
Գերմանիայի վիրուսաբանները շարունակում են բանավիճել կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների շուրջ
COVID-19 կորոնավիրուսի պատճառով Գերմանիայում հանրային կյանքի սահմանափակումները գործում են արդեն գրեթե երեք ամիս։ Մարտի կեսերից սկսած երկրում աստիճանաբար խստացվել են կարանտինային միջոցառումները, իսկ մայիսից՝ մեղմացվել են։ Գերմանացի առաջատար վարակաբանները շարունակում են բանավիճել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի այս կամ այն միջոցառման նպատակահարմարության մասին։ «Deutsche Welle»-ն հավաքել է մասնագետների տեսակետները։
Ինչպե՞ս կրել դիմակ, և օգնու՞մ է արդյոք դիմակի կրումը կորոնավիրուսի դեմ պայքարին
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ժամանակ պաշտպանիչ դիմակների կրումը եղել է այն վիճելի թեմաներից մեկը, որը քննարկվում է կորոնավիրուսի համավարակի հենց սկզբից։ Դրանց արդյունավետությունը նախկինում ոչ միանշանակ է գնահատվել։ Այն, թե ինչպես են ներկայում օգտագործվում դիմակները, քննադատվում է Բոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրուսաբանության և ՁԻԱՀ-ի հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Հենդրիկ Շտրեկի կողմից։
«Մարդիկ հանում են իրենց դիմակները և դնում տաբատի գրպանը, անընդհատ ձեռք տալիս, կրում երկու շաբաթ, հավանաբար, առանց լվանալու։ Սա հիանալի միջավայր է բակտերիաների և սնկերի տարածման համար»,- հայտարարել է Շտրեկը՝ «Neue Osnabrücker Zeitung» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունիսի 10-ին։ Շտրեկը նաև հիշեցրել է, որ համավարակի սկզբում, սխալ կրման պատճառով, խորհուրդ էր տրվում նույնիսկ դիմակներ չկրել։
Դիմակների զանգվածային կրմանը ոչ այդքան քննադատաբար է վերաբերում Բեռլինի Charite համալսարանական կլինիկայի վիրուսաբանության ինստիտուտի ղեկավար, հայտնի գիտնական Քրիստիան Դրոսթեն։ Այդուհանդերձ, նա ևս ընդգծում է դիմակների սխալ կրման հանգամանքը։ «Լավ չի, եթե քիթը ծածկված չի լինում դիմակով։ Այն պետք է ծածկի շնչառական բոլոր օրգանները»,- ընդգծել է գիտնականը հունիսի 9-ի իր փոդքասթում։ Միևնույն ժամանակ գիտնականը նշել է՝ վերջին հետազոտությունները պնդում են, որ հենց քիթն է այն հիմնական օրգանը, որի միջոցով անձը վարակվում է կորոնավիրուսով։
Հատկանշական է, որ հունիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թարմացրել է իր խորհուրդները՝ պաշտպանիչ դիմակների վերաբերյալ և ներկայում խորհուրդ է տալիս կրել հանրային բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն։ Բնականաբար, հիգիենայի կանոնների պահպանման պարագայում։
Երեխաները և կորոնավիրուսը. վտանգավո՞ր է արդյոք դպրոցների և մանկապարտեզների վերաբացումը
Վիճելի հարցերից մեկն էլ այն է, թե որքանով է բարձր կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը երեխաների մոտ և ինչ դեր ունեն երեխաները՝ կորոնավիրուսի տարածման գործընթացում։ Այդ հարցերն ուղիղ կապ ունեն դպրոցների և մանկապարտեզների գործունեության թույլտվության հետ, այդ իսկ պատճառով բուռն քննարկվում են ողջ աշխարհում։
Գերմանիայի դաշնային հողերի մեծ մասում դպրոցներն ու մանկապարտեզներն առաջիկա օրերին և շաբաթներին, տարբեր տեսակի սահմանափակումներով, կվերաբացվեն։ Այդ ֆոնին Հենդրիկ Շտրեկը նշել է, որ երեխաները «վիրուսի հիմնական կատալիզատորները չեն», իսկ ուսուցիչների շրջանում վարակման ռիսկն այդքան էլ բարձր չէ, քան այն մասնագիտությունների տեր անձանց շրջանում, որոնք համանման փոխգործակցություն ունեն մարդկանց հետ։
Զգուշավորությամբ է այս հարցին մոտենում Քրիստիան Դրոսթեն։ Հունիսի 3-ին, մի քանի գործընկերների հետ միասին, նա հրապարակել է հետազոտություն, որը ցույց էր տալիս, որ երեխաները, ենթադրաբար, կարող են լինել վիրուսի այնպիսի տարածողներ, ինչպիսիք մեծահասակներն են։ Գիտնականների խումբը զգուշացնում է, որ դպրոցներում և մանկապարտեզներում աշխատանքի վերականգնումը կհանգեցնի շփումների ակտիվացմանը և կարող է բարձրացնել կորոնավիրուսի փոխանցման հավանականությունը։ «Այդ հաստատությունների ամբողջական բացումը պետք է ուղեկցվի կանխարգելիչ և ախտորոշիչ թեստավորմամբ»,- եզրահանգում են Դրոսթենը և գործընկերները։
Կարանտինային ո՞ր միջոցառումներն են իրավամբ օգտակար
«Neue Osnabrücker Zeitung» թերթին տված հարցազրույցում Հենդրիկ Շտրեկը քննադատում է նաև այն հանգամանքը, թե ինչպես Գերմանիայում միանգամից մտցվեցին սահմանափակումները։ Նա ընդգծել է, որ նոր վարակակիրների թիվը կրճատվել է առաջին սահմանափակումներից հետո, երբ մարտին չեղարկվել էին զանգվածային միջոցառումները։ «Հետագա միջոցները, այդ թվում նաև շփումների սահմանափակումները, ես կկիրառեի կախված իրավիճակի փաստացի զարգացումից, որպեսզի հասկանայի, թե ինչպես են գործում առանձին սահմանափակումները, և արդյոք առկա է հավելյալ գործողությունների կարիք»,- բացատրել է վիրուսաբանը։ Նա համոզված է, որ համաճարակի նոր բռնկման պարագայում իշխանությունները կխուսափեն այդպիսի խիստ միջոցառումներից։ Շտրեկը կոչ է արել «լրջանալ, բայց և դրամա չսարքել» կորոնավիրուսի հնարավոր վտանգներից։
Լուսանկարը՝ Leon Kuegeler/REUTERS
Մեկնաբանել