HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննության է կանչվել վկայի կարգավիճակով

Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իրեն անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նիստի ընթացքում դժգոհեց, որ ոչ միայն իր նկատմամբ են քրեական հետապնդում հարուցելու գործընթաց սկսել, այլ նաև որդուն են կանչել հարցաքննության։

«Էնքան անբարոյականություն, ինձ կանչում են, հետևիցս տղուս են կանչում: Չեն ասում՝ մի տղամարդ թող մնա տանը: Մա՛րդ եղեք: Էդ անբարոյականությունը՝ դիմադիր-ընդդիմադիր, իշխանություն, ամեն մարդ պետք է մարդկություն ունենա»,-  ելույթի ընթացքում ասաց Գագիկ Ծառուկյանը։

Վերջինիս որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Նվեր Ծառուկյանը հարցաքննություն է հրավիրվել այլ քրեական գործի շրջանակներում։

«Հրավիրվել է որպես վկա, ուղղակի հիմա մի քիչ վատառողջ է, ապաքինվելուց հետո անպայման կներկայանա»,- ասաց Էմին Խաչատրյանը։

Թե ինչ գործի շրջանակներում է Նվեր Ծառուկյանը հրավիրվել հարցաքննության և որ քննչական մարմին, Էմին Խաչատրյանը չպարզաբանեց։ Մեր հարցին՝ Նվեր Ծառուկյանի հարցաքննությունը որևէ առնչություն ունի՞ Ծառուկյանների բիզնես գործունեության հետ, պաշտպանը պատասխանեց, որ որևէ առնչություն չունի։

Պաշտպանը նաև նշեց, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը շարունակում է գտնվել Ազգային անվտանգության ծառայությունում։ Երբ Ծառուկյանն այսօր իր ելույթից հետո դուրս եկավ Ազգային ժողովի շենքից, բակում էին ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ, ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանն, ով, Ծառուկյանի մեքենան նստելով, հեռացավ ԱԺ տարածքից։

Էմին Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ էր Միքայել Համբարձումյանը եկել Ծառուկյանի ետևից։

«Գագիկ Ծառուկյանի հետևից որևէ մեկը չէր եկել, իրեն հարցրեք, թե ինչու էր եկել»,- ասաց Էմին Խաչատրյանը։ Մեր հարցին՝  Ծառուկյանի համար անակնկա՞լ էր, որ ԱԱԾ դեպարտամենտի պետը ԱԺ-ի դիմաց էր, Էմին Խաչատրյանը պատասխանեց, որ իրենց համար վերջին օրերին ոչինչ անակնկալ չէ։

Ազգային անվտանգության ծառայությունից նույնպես փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչու էին ԱԱԾ աշխատակիցները, Միքայել Համբարձումյանի գլխավորությամբ ԱԺ-ի դիմաց, արդյոք նրանց ներկայությունն ԱԺ բակում պայմանավորված էր Գագիկ Ծառուկյանի՝ ներսում լինելու հանգամանքով, ինչին ի պատախան ԱԺ լրատվական ծառայությունից հայտնեցին միայն, որ ԱԱԾ աշխատակիցները կարող են իրենց գործառույթներն իրականացնել ցանկացած վայրում, այդ թվում՝ ԱԺ-ի դիմաց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter