ԲՀԿ-ն մտադիր է ձևավորել ԱԺ քննիչ հանձնաժողով` կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների ուսումնասիրման համար
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մտադիր է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ձևավորել` ուսումնասիրելու կորոնավիրուսի կանխարգելման, հետևանքների վերացման և աշխատանքների կազմակերպման հանգամանքները: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք, որ խմբակցությունը բոյկոտել է ԱԺ նիստերը, սակայն պատգամավորները խորհրդարանում են: Տոնոյանի խոսքով` բոյկոտել են նիստերը, սակայն ոչ ամբողջական խորհրդարանական աշխատանքը:
Խորհրդարանական երկրորդ խմբակցությունը ևս մեկ նախաձեռնությամբ է հանդես գալու: ԲՀԿ-ն դիմելու է Սահմանադրական դատարան` վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման արգելքի որոշման իրավաչափությունը: Սակայն թե՛ քննիչ հանձնաժողով ձևավորելու, թե՛ ՍԴ դիմելու համար ԲՀԿ-ական պատգամավորների թիվը բավարար չէ. քննիչ հանձնաժողով ձևավորելու համար հարկավոր է 33 պատգամավորի ստորագրություն, ՍԴ դիմելու համար` 27 ստորագրություն, իսկ խմբակցությունում պատգամավորների թիվը 25 է:
Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ բանակցում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերների հետ, որպեսզի հավաքեն անհրաժեշտ թվով ստորագրություններ:
«Մենք պարտավոր ենք պարզել կորոնավիրուսի դեմ պայքարի, կանխարգելելու քայլերը, արդյոք կառավարության և պարետատան կողմից իրականացված գործողությունները եղել են իրավաչափ և ժամանակին, որովհետև որոշումների հապաղումից շատ դեպքերում եղել է դեպքերի, մահերի ավելացում»,- ասաց նա:
Մեկնաբանել