
Ծառուկյանի փաստաբանը հաղորդում է ներկայացրել՝ ԱԱԾ աշխատակիցների գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել մեղադրանքի վերաբերյալ Ծառուկյանի դիրքորոշման, պաշտպանների գործողությունների մասին։
-Պարո’ն Խաչատրյան, Գագիկ Ծառուկյանին երեկ միայն մե՞կ հոդվածով է մեղադրանք առաջադրվել։
-Այո՛, մեղադրանք առաջադրվել է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
-Նա մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնե՞լ է, ցուցմունք տվե՞լ է։
-Իհարկե, մեղադրանքը չի ընդունել, դիրքորոշում է հայտնել, որ իրեն ապօրինի, չհիմնավորված մեղադրանք է առաջադրվել, որի տակ քաղաքական ենթատեքստ կա: Այս պահին, կարծում եմ, նպատակահարմար չէ ցուցմունքից մանրամասներ հայտնել։
-Երեկ՝ մինչև Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու Ազգային ժողովի թույլտվությունը, նա Ազգային անվտանգության ծառայությունում էր։ Ի՞նչ գործի շրջանակներում էր ցուցմունք տալիս։
-Ցուցմունք էր տալիս ԱԱԾ-ի տարածած հայտարարությունների շրջանակներում, հետո մեղադրանք են առաջադրել, նաև մեղադրանքի շուրջ ենք ցուցմունք տվել ու դուրս եկել։ Իհարկե, ընթացքում ընդմիջումներ են տվել, որպեսզի անընդմեջ չմասնակցենք քննչական գործողությունների։
-Մինչև մեղադրանք առաջադրելը Գագիկ Ծառուկյանը վկայի դատավարական կարգավիճակով ցուցմունք տվե՞լ է այն գործի շրջանակներում, որով հետո նրան մեղադրանք է առաջադրվել։
-Ո՛չ, չի տվել։
-Բացի մեղադրանք առաջադրելուց Ծառուկյանի մասնակցությամբ որևէ այլ քննչական գործողություն իրականացվե՞լ է։
-Ծանոթացրել են նաև դատարան ներկայացվող միջնորդությանը, այս պահին պլանավորած այլ քննչական գործողություն չունենք։
-ԱԱԾ քննիչին ներկայացրե՞լ եք Գագիկ Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն։
-Չենք ներկայացրել, որովհետև մենք գտնում ենք, որ կալանքի հիմքեր առհասարակ գոյություն չունեն, անգամ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէ։
-Ծառուկյանի վերաբերյալ ԱԱԾ-ի հայտարարություններից հետո իրավաբանների մի խումբ տեսակետ հնչեցրեց, որ առանց Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։ Դուք համամի՞տ եք։
-Մեր փաստաբանական խմբի անդամներից Սմբատ Մինասյանը այս առնչութjամբ երեկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ ԱԱԾ առանձին աշխատակիցների գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ՝ կապված հենց այն հանգամանքի հետ, որ անձի անձեռնմխելիությունը դեռ չհաղթահարված ժամանակահատվածում բացահայտ քրեական հետապնդում է իրականացվել մեր պաշտպանյալի նկատմամբ։
-Գագիկ Ծառուկյանը մասնակցելու՞ է իրեն կալանավորելու միջնորդության քննությանը։
-Միանշանակ, պարոն Ծառուկյանը ներկա է լինելու դատական նիստին։ Մենք վարույթն իրականացնող մարմնին նման հաճույք չենք պատճառի։
Մեկնաբանել