
Պեկինը դարձյալ անցել է կարանտինային ռեժիմի
Պեկինի միլիոնավոր բնակիչներ դարձյալ անցել են կարանտինային սահմանափակումների։ Հունիսի 17-ի տվյալներով քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք։ Այդ մասին գրում է BBC-ն։ Վերջին 7 օրերի ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը հասել է 137-ի։
Մինչ այդ Պեկինի մշտական բնակչության մոտ 57 օր շարունակ չէր գրանցվել կորոնավիրուսի դեպք։ Հայտնաբերված դեպքերի պարագայում վարակակիրը չի եղել Պեկինի բնակիչ։ Համարվում է, որ կորոնավիրուսի նոր բռնկման աղբյուրը «Սինֆադի» շուկան է, որն ապահովում է 21 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի 80 %-ի բանջարեղենն ու միսը։
Պեկինի 27 միկրոշրջաններում հայտարարվել է միջին ռիսկային վտանգի գոտի, իսկ մեկ շրջանում՝ Հուասյան թաղամասում, որը գտնվում է շուկայի մոտ, բարձր ռիսկայնության գոտի։ Քաղաքում ընդհանուր առմամբ հայտարարվել է երեք հնարավորից «երկրորդ աստիճանի արտակարգ ռեժիմ»։
Չինական իշխանությունների որոշմամբ՝ 28 շրջանների բնակիչներին արգելվել է լքել Պեկինը։ Մյուս քաղաքացիները կարող են լքել քաղաքը, միայն նախապես կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո։ Ըստ «BBC»-ի ունեցած տվյալների՝ թեստավորում ունեցող երեք լաբորատորիաներում մինչև հուլիս ամիս հնարավոր չէ թեստ հանձնել։ Մյուս լաբորատորիաներում գրանցվում են հերթեր։
Ներկայումս Պեկինից և դեպի Պեկին չեղարկվել է 1255 ավիաթռիչք։ Երկաթուղային հաղորդակցությունն սահմանափակվել է մինչև հուլիսի 9-ը։ Կրկին փակվել են դպրոցները, լողավազանները, ֆիթնես ակումբները, չեղարկվել են սպորտային մրցաշարերը։ Բաց են ճանապարհները, ձեռնարկությունները և ընկերությունները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով։
Իշխանությունները սահմանափակումները կիրառում են ընտրողաբար, քանի որ քաղաքի առանձին հատվածումներ իրավիճակը խիստ տարբեր է։
Այն բանից հետո, երբ ի հայտ են եկել առաջին հիվանդները, «Սինցզինբաո» պարբերականը հայտնել էր, որ փորձագետներն իրականացրել են ուսումնասիրություն և կորոնավիրուս հայտնաբերել «Սինֆադի» շուկայի սեղաններին առկա տախտակների վրա, որոնք օգտագործվել են ներկրված սաղմոնի կտրատման համար։ Ձուկը շուկա էր բերվել ծովամթերքի Ցզինշեն փակ շուկայից, որտեղ ավելի վաղ հայտնաբերվել էր նոր տիպի կորոնավիրուսի օջախ։
Աշխատանքից հեռացվել են շուկայի կառավարիչը և առանձին բաժինների ղեկավարներ։ Պեկինի պրոֆիլակտիկայի և հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչ Յան Պենը, հանդես գալով տեղական հեռուստատեսության եթերում, հայտնել է, որ մարդկանց և ապրանքների հոսքը շուկա խիստ բարձր է եղել և դժվար է պարզել վիրուսի տարածման իրական ծավալները։
Մեծ հաշվով, Չինաստանը կարողացել է հաղթահարել կորոնավիրուսի համավարակը։ Մարտի սկզբին այնտեղ հայտնաբերվել էր կորոնավիրուսի մոտ 80 000 դեպք, իսկ վերջին երեք ամիսներին նոր դեպքերի թիվը կազմում է 3200։ Օրինակ, հունիսի 16-ի տվյալներով Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք, որոնցից 27-ը միայն Պեկինում։ Շանհայի իշխանությունները սահմանել են երկշաբաթյա պարտադիր կարանտին՝ մայրաքաղաքից ժամանող բոլոր անձանց համար։
Լուսանկարը՝ REUTERS/Thomas Peter/File Photo
Մեկնաբանել