HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Կորոնավիրուսից ապաքինված Կարինեն կարծում է, որ բուժված մարդկանց մի քանի ամիս պետք է նախկին կյանքին վերադառնալու համար

14-օրյա ինքնամեկուսացումից հետո Կարինե Ավետիսյանը հունիսի 16-ին վերադարձել է տուն:

20-ամյա Կարինեն վարակվել է կորոնավիրուսով, բայց բուժվել է ոչ թե հիվանդանոցում, այլ ինքնամեկուսացման պայմաններում։

Նա հորաքրոջ աղջկա՝ Գայանեի հետ գնացել է Վանաձոր՝ հանգստանալու: Ենթադրում է որ,  Վանաձորի բարեկամներից է վարակվել։

Հորաքրոջ աղջիկն ախտանշաններ է ունեցել՝ հազ, թուլություն, ջերմություն։ Դիմել են Վանաձորի պոլիկլինիկա, հորաքրոջ աղջկան թեստավորել են, իսկ Կարինեին` ոչ, քանի որ գանգատներ չի ունեցել։ Գայանեին տեղափոխել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ Կարինեն վերադարձել է Երևան։ Քանի որ կորոնավիրուսով վարակված մարդու կոնտակտավոր է եղել, որոշել է մեկուսանալ, որպեսզի, վարակված լինելու դեպքում, չվարակի ընտանիքի անդամներին։ Նա  իրենց տուն չի գնացել, տեղավորվել է հորաքրոջ տանը որտեղ ոչ ոք չի բնակվել։

Վանաձորից վերադառնալուց հետո` մայիսի 29-ին, Կարինեն նույնպես ախտանշաններ է ունեցել։ Ասում է, որ ամեն ինչ սկսվել է 37.5 ջերմությունից, հետո՝ հաջորդ օրը, համի ու հոտի զգացողության կորուստ է ունեցել, հազ է սկսվել։ Վախեցել է հնարավոր թոքաբորբից, զանգահարել է պարետատուն, հետո Երևանի այն պոլիկլինիկա, որտեղ հաշվառված է։ Հունիսի 1-ին Կարինեին թեստավորել են։ Հունիսի 3-ին ստացված թեստի արդյունքը ցույց է տվել, որ նա վարակված է։ Բժիշկները նշանակել են ջերմիջեցնող և հակաբորբոքային դեղեր: 

Կարինեն հորաքրոջ տանն է մեկուսացել, որտեղ ոչ ոք չի ապրել այդ ժամանակ:  Տան մեջ փակված լինելն ու դրսի աղմուկը, բակի երեխաների խաղերն ու  մարդկանց խանութ, աշխատանքի շտապելը  զուգահեռ իրականություններ են եղել Կարինեի համար:

«Գիշերները ավելի դժվար էր, ինձ անտանելի մենակ ու անօգնական էի զգում, որովհետև, սովորաբար, գիշերը ջերմությունս ավելի էր բարձրանում, և ինձ շատ վատ էի զգում, ստիպված արթուն էի մնում, որ հանկարծ մի բան չլինի ինձ, ու ես չզգամ»,- ասում է նա։

Ամեն օր մայրը Կարինեի համար ուտելիք է բերել և թողել դռան մոտ։ Նա դիտանցքից հետևել է, թե ինչպես է մայրը ուտելիքը բերել։ Դուռը բացել է այն ժամանակ, երբ մայրը դռնից որոշակի հեռավորության վրա է եղել արդեն։

«Մամայիս հետ էի խոսում տեսազանգով, սենյակս, պատից կախված նկարներս, այնպես ինձ հուզեցին, որ սկսեցի լացել, ու այդ ժամանակ հասկացա, որ այս հիվանդությունը ինչքան բան է ստիպում զգալ, արժևորել ու օր օրի ավելի շատ կարոտել նախկին կյանքդ, տունդ, սենյակդ ու առավոտյան քրոջդ հետ սրճելը»,- պատմում է Կարինեն։

Կարինեն միշտ փորձել է պահպանել անվտանգության կանոնները, երբ դեռ համավարակը նոր էր տարածվում, միշտ պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցներով է եղել, բայց չի խուսափել վարակից:

Մի քանի օր թուլություն է զգացել, անընդհատ քնելու ցանկություն: Հետո չի կարողացել հանգիստ քնել, որովհետև շունչը կտրվել է, օդը չի հերիքել, մտածել է` «բա որ խեղդվե՞մ»։

«Ջերմաչափը առօրյայիս մի մասն էր դարձել, զարթնում էի ու միանգամից ջերմաչափում, մենակությունն ավելի անտանելի էր, օրացույցին հանգիստ չէի թողնում․․․․ օր, ժամ, րոպե այնքան երկար էր թվում, օրացույցի վրա հերթով օրերը ջնջում էի, հետո հաշվում, թե երբ պիտի ավարտվի 14-օրյա մեկուսացումս»,- հիշում է Կարինեն։

Հարազատներն ամեն կերպ այդ օրերի ընթացքում փորձել են ուրախացնել նրեն, այնպես անել, որ չհուսահատվի, չմտածի, որ մենակ է։  Ընկերուհին՝ Անահիտը, որն ապրում է Քաջարանում, իմանալով, որ վարակվել է, եկել է Երևան, Կարինեի քույրիկից ճշտել այն հասցեն, որտեղ մեկուսացած է Կարինեն։ Գնել է նրա սիրած ուտելիքները, թողել դռան մոտ, զանգել Կարինեին ու ասել, որ դուռը բացի, Կարինեն ընկերուհու այդ քայլից շատ է հուզվել ու տպավորվել։

Թեստավորման հաջորդ օրը Կարինեն պետք է մասնակցեր անգլերենի օնլայն քննության, նախօրոք դասախոսին ուղարկել է այն բոլոր հանձնարարությունները, որոնք պետք է աներ նախքան քննությունը, տեղեկացրել է նրան, որ չի կարող պատասխանել քննությանը, քանի որ լավ չի զգում իրեն, ասել է, որ վարակված է։

Դասախոսն անմիջապես զանգել է Կարինեին, խորհուրդ տվել, որ թեյ խմի, վիտամիններով հարուստ սնունդ օգտագործի, խուճապի չմատնվի ու քննաշրջանի մասին մտածելու փոխարեն` ուժերը կենտրոնացնի վիրուսի դեմ պայքարելու համար։ Զարմացել, անակնկալի է եկել դասախոսի ուշադրությունից։

Կարինեի մենակությունն ու տխրությունը որոշ չափով անցել են, երբ հորաքրոջ աղջիկը՝ Գայանեն, դուրս է գրվել հիվանդանոցից, եկել իրենց տուն, քանի որ բժիշկները հավաստիացրել են, որ հիվանդանոցային բուժման կարիք չկա և Գայանեն հետագա բուժումը պիտի շարունակի մեկուսացման պայմաններում, մինչ հունիսի 16-ը։

Գայանեի տուն վերադառնալուց հետո մեկուսացումն այդքան էլ ծանր չի թվացել, քանի որ արդեն ստիպված չի եղել 4 պատի մեջ միայնակ լինել։

Հունիսի 16-ը Կարինեի կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է եղել։ Նա տուն է վերադարձել։ Ասում է, որ նախորդող գիշերն անհանգիստ է եղել, մտածել է` ինչպես պետք է տանն իրեն պահի, անհանգիստ է եղել հատկապես այն պատճառով, որ տնային բուժում ստացողներին մեկուսացումից հետո չեն թեստավորում, չի իմացել` ինքն իրոք առողջացել է, թե ոչ։

Տուն վերադառնալուց հետո էլ մտածել է` գրկե՞ր տան անդամներին, թե ոչ: Ամեն ինչին ձեռք տալուց հետո անմիջապես ախտահանել է տարածքը, լվացվել, տան անդամների մոտ չի նստում, մինչև հիմա էլ պարբերաբար ջերմաչափվում է։

Կարինեի կարծիքով, կորոնավիրուսով վարակված և բուժված մարդկանց մի քանի ամիս պետք է, որպեսզի նախկին կյանքին սովորեն։ «Վարակվելուց հետո մարմնիդ բոլոր բջիջներով հասկանում ես, որ առողջությունից թանկ ոչինչ չկա»,- ասում է Կարինեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter