HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քրեական գործ է հարուցվել Մայիսյան համայնքի հողերը համայնքապետի կնոջը վաճառելու փաստով

«Հետք»-ի հոդվածի հիման վրա, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, քրեական գործ է հարուցվել Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի հողերի վաճառքի փաստով: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի փոխանցմամբ, քրեական գործը հարուցվել է ոստիկանությունում՝ հունիսի 6-ին: Դեռևս դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա, կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ հոդված էինք հրապարակել այն մասին, որ Մայիսյան համայնքի ավագանին պարբերաբար «հատուկ» ուշադրության է արժանացնում համայնքի ղեկավարի ընտանիքին: Նրանց վաճառվում են հողեր, տրվում սոցիալական օգնություններ:

Մասնավորապես, 2019թ. նոյեմբերի 8-ին արտահերթ նիստով ավագանին որոշել էր համայնքի սեփականությունը հանդիսացող 0.2 հա (2000քմ) արոտավայր գործառնական նշանակության հողամասն ուղղակի՝ առանց աճուրդ հայտարարելու, վաճառել համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին: Հողամասը վաճառվել է ընդամենը 16.000 դրամով, որն, ըստ ավագանու, հողամասի կադաստրային արժեքն է:

Բացի այդ, 2019թ. դեկտեմբերի 27-ի արտահերթ նիստում կայացրած որոշումով Մայիսյանի ավագանին որոշել էր Ռուզաննա Մկրտչյանին օտարել 0,2776 հա (2776 քմ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որից 0,2 հա-ը՝ արոտավայր, իսկ 0,0776 հա-ը՝ վարելահող: Հողամասի վաճառքի ընդհանուր գինն ավագանին սահմանել է ընդամենը 134,146 դրամ, որը դարձյալ կադաստրային արժեքն է:

Դրանից առաջ աճուրդներով դարձյալ հողեր են վաճառվել համայնքապետի ընտանիքի անդամներին, որոնք ևս ուշադրության են արժանացել իրավապահ մարմինների կողմից:

Գրել էինք նաև, որ 2019թ. դեկտեմբերի 13-ի նիստով ավագանին որոշել է դիմում ներկայացրած ընտանիքներին տալ դրամական օգնություն: Սոցիալական օգնության համար դիմում է ներկայացրել նաև համայնքի ղեկավարի դուստրը՝ Նելլի Մովսիսյանը: Համայնքային բյուջեից նրան հատկացվել է 40,000 դրամ օգնություն: 2020թ. հունվարի 16-ին էլ ավագանին որոշել է 50.000-ական դրամ օգնություն հատկացնել համայնքապետի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին և վերջինիս քրոջը՝ Դիանա Մկրտչյանին: Իսկ ապրիլի 10-ին 40,000 դրամ օգնություն է հատկացվել համայնքապետի քենու՝ Դիանա Մկրտչյանի սկեսրայրին՝ Սերգեյ Հարությունյանին:

Մեր հրապարակումից հետո Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը համայնքային բյուջե է վերադարձրել դստերը, ինչպես նաև կնոջը՝ 60-ամյակի առիթով ավագանու որոշումներով հատկացրած սոցիալական օգնությունների գումարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter