HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Մայրապետը

Գայանե Մկրտչյանը աշխատում է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում: Ապրիլի 1-ից կենտրոնը վերապրոֆիլավորվել է՝ սպասարկելով միայն կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներին:

Գայանեն ծնվել է Ուզբեկստանում։ Մասնագիտությամբ ինժեներ է։ Ամուսնացել է, 2005-ին ընտանիքի հետ տեղափոխվել են Երևան։ Երբ մեծացել են երկու երեխաները, որոշել է աշխատանք գտնել։ Իր մասնագիտությամբ աշխատելու փորձ չի ունեցել, իսկ հայերեն լեզվին էլ լավ չի տիրապետել (Գայանեն հիմնականում խոսում է ռուսերեն): Հինգ տարի առաջ նա մայրապետի աշխատանք է գտել «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։

Մայրապետների աշխատանքը հերթափոխով է` 1 օր աշխատանքի, 2 օր տանը: Հիվանդանոցի ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմի պատճառով Գայանեն մայիսին աշխատել է՝ 1 օր տանը, մեկ օր աշխատանքի ռեժիմով։

Սկզբնական շրջանում տեղավորվել է պետության կողմից բուժաշխատողների համար նախատեսված հյուրանոցում, բայց արդեն 20 օր է՝ հերթափոխից հետո տուն է գնում։

Հերթապահության օրերին մայրապետի աշխատանքային ժամը սկսում է 9-ից, բայց նա հիվանդանոց է հասնում ավելի շուտ՝ 8։30, որպեսզի հասցնի պատրաստվել՝ հագուստը փոխել, ախտահանվել։

Կրտսեր բուժաշխատողների պարտականությունների մեջ են մտնում տարածքի ախտահանումը, մաքրությունը, հիվանդների սանիտարահիգիենիկ վիճակին հետևելը, սնունդ բաժանելը։

Նախորդ հերթափոխի մայրապետներն արդեն տարածքը ախտահանած են լինում։ Գայանեն ու մյուս մայրապետները պատրաստում են սպիրտային հիմքով ախտահանիչ լուծույթը և երկու ժամը մեկ ախտահանում հիվանդանոցի ողջ տարածքը։

Բաժանմունքը մանկական է, այս օրերին էլ բաժանմունքի հիվանդները հիմնականում երեխաներով ծնողներ ու հղի կանայք են։

Իր աշխատանքային պարտականությունները չի սահմանափակվում միայն սենյակներ մաքրելով ու սնունդ բաժանելով։ Հիմա հատկապես ուշադիր է հիվանդների հոգեվիճակի նկատմամբ։

Պատմում է, որ մեկուսացված մարդիկ անընդհատ ուզում են, որ իրենց հետ շփվեն, զրուցեն: 14 օր միայնակ մնալը նրանց շատ է ընկճում:

«Երբ մտնում եմ հիվանդասենյակ, տեսնում եմ նեղված են, լավ բաներից եմ խոսում, երեխաներիս մասին եմ պատմում, պատմում եմ, որ ես էլ մի ամիս տուն չեմ գնացել, որ չնեղվեն: Ասում եմ վա՜յ, էս պատուհանը բացենք, մի քիչ արև ընկնի: Երեխաների հետ իրենց սիրած մուլտերն ու խաղերն ենք քննարկում: Գիտեմ, որ դժվար է, մեկուսացման մեջ լինել, վարակվել տարվա չարիք համարվող վարակով ու կարողանալ բարձր տրամադրություն ունենալ, դա պետք է մենք՝ բուժաշխատողներս ապահովենք»,- ասում է Գայանեն։

Շատ հաճախ վարակակիրները ոչ թե հիվանդության պատճառով են իրենց վատ զգում, այլ հոգեպես ճնշված են լինում, իսկ մայրապետներն ամենից հաճախ են հիվանդասենյակներ մտնում, Գայանեն զրուցում է հիվանդների հետ, հավաստիացնում, որ բոլոր դժվարությունները անպայման կհաղթահարվեն։

Վարակված մի կին իր 5 տարեկան երեխայի հետ բուժում է ստացել հիվանդանոցում։ Գայանեն երեխայի հետ շատ է մտերմացել, ասում է, որ իր հերթափոխերին երեխան անհամբեր սպասել է, մյուս մայրապետներից հարցրել, թե ե՞րբ է գալու։ Դուրս գրվելու օրը, երբ տան անդամները եկել են նրանց տուն տանելու, ծաղկեփունջ են բերել Գայանեի համար։ Հետո միմյանց կոնտակտներն են վերցրել, որպեսզի կապը պահեն։ Հիմա էլ ժամանակ առ ժամանակ զանգում, զրուցում են։ 

Գայանեն այս օրերի ընթացքում զգացել է, որ բուժաշխատողների արած աշխատանքը մարդիկ սկսել են ավելի շատ արժևորել, անգամ ստվերում մնացած մարդկանց գործը սկսել են գնահատել։

«Վարակի շրջանակը գնալով լայնանում է, բոլորն էլ ունենում են գոնե մի ծանոթ, որը վարակված կլինի, երևի դա է պատճառը, որ մարդիկ սկսել են ավելի լուրջ վերաբերվել հիվանդությանը, մի ամիս առաջ ու հիմա պատկերն այլ է»,- նշում է Գայանեն։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter