HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Նորությո՞ւն է, որ Բարգավաճ Հայաստանը ընտրակաշառքով է ընտրվել»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներին իր եզրափակիչ ելույթում խոսեց ոչ թե բյուջեի թվային ցուցանիշների, այլ, իր ձեւակերպմամբ, ավելի հրատապ հարցերի մասին: Նախ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին: Մարուքյանն ասել էր, որ իշխանությունները ճնշումներ են իրականացնում քաղաքական ընդդիմախոսների և ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ:

«Ցույց տվեք Երրորդ Հանրապետության պատմության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն 3-4  հեռուստաալիք առավոտից իրիկուն, կներեք արտահայտությանս, ինչքան քաղաքական դիակ կա, գարշահոտություն են տարածում երկրով մեկ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց` արտակարգ դրության հաստատումից հետո կորոնավիրուսի վերաբերյալ ինֆորմացիայի սահմանափակումներ են եղել մամուլում, սակայն Կառավարությունը, ականջալուր լինելով ընդդիմադիրների, ՀԿ-ների, մարդու իրավունքների պաշտպանի հորդորներին, հանել է այդ սահմանափակումները: Սա վարչապետը համարեց Կառավարության հիմնական սխալներից մեկը, քանի որ, նրա խոսքով, համաճարակի տարածման հիմնական պատճառը սուտ լուրերն են կորոնավիրուսի վերաբերյալ:

«Մարդկանց մղում են մահվան` գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ»,-ասաց նա:

Փաշինյանը համոզմունք հայտնեց` կուսակցությունները, ՀԿ-ները, ԶԼՄ-ները ևս, ինչպես Կառավարությունը, պետք է ֆինանսապես թափանցիկ լինեն, որպեսզի Հայաստանի ժողովրդի նկատմամբ հիբրիդային պատերազմ չմղեն: Փաշինյանն ընդգծեց` ժողովրդավարությունն ամենաթողություն չէ:

Ապա անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեակա գործին և այն պնդումներին, թե Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Որտե՞ղ եք տեսել քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ…նորությու՞ն է, որ «Բարգավաճ Հայաստան»ը- ընտրակաշառքով է ընտրվել, սա նորությու՞ն է որևէ մեկի համար: Երբ կանգնում ես ամբիոնի մոտ ու ասում մի բան, որը բոլորը գիտեն ինչպես է եղել, նշանակում է ինքնաոչնչանում ես, որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող ու սուտ խոսող ուժը քաղաքական գործունեություն այլևս չի կարող ծավալել»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով` այժմ քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում, և  նրանք, ովքեր կուլիսներից, մարիոնետների կողմից են կառավարվել, այլևս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու, ինչպես նաև նրանք, ովքեր ղեկավարել են մարիոնետներին:

Ըստ Կառավարության ղեկավարի կանխատեսումների` հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այն ուժերը, ովքեր պաշտպանել են 2018 թվականի հեղափոխության արժեքները: Փաշինյանը նաև մանրամասնեց` հենց նման ուժերի քննադատության կարիքն իրենք ունեն և նրանց քննադատությունից են նեղսրտում:

Փաշինյանը վրդովվեց, որ իշխանություններին հանրահավաք անելով են փորձում վախեցնել, ասաց, որ չնայած որոշ ուժեր կես միլիոն դոլար են ծախսում, սակայն հազիվ 200 անձ են կարողանում հավաքել:

«Բա որ մենք անենք հանրահավաք... եկեք մեզ վախեցրեք թալանելու ձեր կարողությամբ, ձեր կրթական ցենզով, այ դա վախենալու բան է: Մի հոգի էլ կա մեկի ընտանիքից, ասում է` ես եմ  տղամարդը, կուխնու սեղանի տակից դուրս չեմ գալիս, մի հատ էլ ուրիշներին խորհուրդ է տալիս` դուրս եկեք ֆեյսբուքից, հաղորդակցվեք հասարակության հետ, դու հլը կուխնուց դուրս արի, նոր ուրիշներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր»,-ասաց Փաշինյանը` ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Միքայել Մինասյանին:

Փաշինյանը շարունակեց անդրադառնալ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին և նրա փեսային՝ Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին` համոզմունք հայտնելով, որ նրանք ներգրավված են եղել մի շարք կոռուպցիոն գործընթացներում:

«Ասում ենք` Ձորահէկը գողացել եք, Սերժ Սարգսյանի ընտանիք, «Սպայկա» ընկերությամբ մաքսանենգություն եք արել, «Հիլթոն», «Օպերա Սյուիթ» հյուրանոցները ձերն են, Հայաստանի լրատվական դաշտը… սեփականատերերից, ըստ էության, զոռով խլել եք «Արմենիա», «Շանթ» Հ/Ը-ները: Ասում ենք` ընտրությունների կեղծման համակարգ է գոյություն ունեցել, որը ղեկավարել է Սերժ Սարգսյանի ընտանիքը` սկսած սոցիալական հարցումներից, վերջացած ընտրական միջադեպեր բեմադրելով: Էն որ ասում էին` էս ինչ ընտրատեղամասում խախտումներ կան, բոլոր լրագրողները, դիտորդները վազում էին էդտեղ, սա Սարգսյանի ընտանիքի մշակած պլանն է եղել, որ բոլորը կենտրոնանան մի ընտրատեղամասում, իսկ մյուսներում այդ ընթացքում շաղգամն իր գործը անում էր»,-ներկայացրեց Փաշինյանը:

Վարչապետը նաև բացատրեց, թե վերջին շրջանում ինչու է իր ընտանիքը հայտնվել այնպիսի լուրերի կիզակետում, որոնց համաձայն, իբր, մաքսանենգությամբ են զբաղվում կամ կոռուպցիայով:

«Մեզնից ուզում են ստանալ իրենց կերպարը, հասկացել են, որ իրենց կերպարն է հեղափոխության հիմնական շարժիչ ուժը, ուզում են «ազատ» լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան, իրենց նման եղկելի կերպար: Սա է նրանց ամբողջ նպատակը, բայց այն չի անցնի, որովհետև, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, ուժը ոչ թե փողի մեջ է, այլ ճշմարտության»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի որոշ ծրագրերի չկատարմանը` Փաշինյանն ասաց, որ հիմնական խնդիրը կոռուպցիոն գումարների վերադարձն է, որը դեռ պետք է իրականացվի: Ապա հիշեցրեց իր խոստումը, որ 1,5-2 միլիարդ դոլար գողացված գումարներից պետք է ներդրվի անվտանգության համակարգում:

Մեկնաբանություններ (2)

barseghian
Katch Nazar
Ян Казарян
Как раз самже Никол всячески социальные волнения и провоцирует. Не зря же, видимо, опросы касаемо отношения к действующей власти и проводимой ей политике начали проводить: https://www.scribd.com/document/465945982/Presentation-Public-Opinion-EnG .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter