HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկապարտեզի հողն օտարվել է համայնքապետի եղբորը․ նա էլ վարձակալության է տվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին

Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին մանկապարտեզի սպասարկման համար նախատեսված հողը օտարվել է համայնքի ղեկավարի եղբորը, որն էլ այն վարձակալության է տվել «ՎիվաՍել–ՄՏՍ»-ին։ Բացի այդ, համայնքի ղեկավարն իր ազգականներին աշխատանքի է ընդունել համայնքապետարանում, որոնք նույն ժամանակահատվածում արտագնա աշխատանքի են մեկնել, բացակայել են Հայաստանից։

«Հետք»-ը մայիսին գրել էր Զոլաքար համայնքի ոռոգման համակարգից 1.8 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի անհետացման մասին։ Գյուղացիների պնդմամբ, խողովակներն ապամոնտաժել և յուրացրել է գործող համայնքապետ Արման Ղազարյանը։ Համայնքի ղեկավարն էլ մեղքը բարդում է նախորդ համայնքապետի վրա։

Համայնքը զրկվել է եկամուտից

Զոլաքար համայնքում խորհրդային տարիներին կառուցված մանկապարտեզ կա, որը չի գործում։ Մանկապարտեզի սպասարկման հողակտորից 567քմ–ն առանձնացվել է և 2014 թ․-ին օտարվել է Ալեքսան Սերյոժայի Ղազարյանին։ Նա համայնքի ղեկավար Արման Ղազարյանի եղբայրն է։ Թե ինչ արժեքով է հողն օտարվել Արման Ղազարյանի եղբորը, հայտնի չէ, քանի որ Զոլաքար համայնքի ղեկավարը չի կատարում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջները և չի հրապարակում համայնքի ավագանու ու ղեկավարի որոշումները։ Գեղարքունիքի մարզպետարանն էլ կամ չի կարողանում կամ չի ուզում ապահովել նույն օրենքի պահանջները և համայնքի ղեկավարից ստանալ այդ որոշումները։

Ըստ Կադաստրի կոմիտեի՝ Արման Ղազարյանը հողը գնելուց հետո վարձակալության է տրամադրել «Ղ–տելեկոմ» ՓԲԸ–ին (ներկայիս «ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ին)։ Հողը վարձակալելուց հետո կապի օպերատորը դրա վրա տեղադրել է հեռահաղորդակցության դաշտային կայան։  Հողն այժմ ունի բնակավայրերի/հասարակական կառուցապատման կատեգորիա, այնինչ պետք է լիներ էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա։

Այդպիսով, Զոլաքար համայնքը 6 տարի շարունակ՝ 2014 թ․-ից զրկվել է լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորությունից։ Դրա փոխարեն տարիներ շարունակ եկամուտ է ստացել համայնքի ղեկավարի եղբայրը։

Համայնքապետի ազգականները գրանցվել, բայց աշխատանքի չեն ներկայացել

Զոլաքարի համայնքապետարանի 2016-2020 թվականների հաստիքացուցակների ուսումնասիրությունից էլ պարզվում է, որ համայնքի ղեկավարի ազգականները տարբեր պաշտոններ են զբաղեցրել գյուղում։ 2016 թ․-ի հաստիքացուցակում Հայկ Համլետի Հարեյանը զբաղեցրել է գյուղապետի օգնականի հաստիքը, Արայիկ Լիպարիտի Գրիգորյանը՝ ֆինանսատնտեսական բաժնի պետի հաստիքը, Հայկ Եղիազարի Ավետիսյանը՝ ֆինանսական բաժնի առաջատար մասնագետի հաստիքը, Վախթանգ Ֆուրմանի Հարոյանը՝ աշխատակազմի առաջատար մասնագետի հաստիքը։ Այս անձանց շարքը 2017 թ․-ին համալրել է Մարտին Անդրանիկի Հովսեփյանը՝ արխիվի գծով մասնագետի հաստիքում։ Վերոհիշյալ անձինք նույն հաստիքներում են «աշխատել» նաև 2017 թ․-ին, իսկ 2018 թ․-ից համայնքապետարանի հաստիքացուցակում են մնացել միայն Արայիկ Գրիգորյանը, Հայկ Եղիազյարյանը և Մարտին Հովսեփյանը։ Զոլաքարում գյուղացիները մեզ փոխանցեցին, որ համայնքապետի ազգականները, տարիներ շարունակ գրանցված լինելով նշված հաստիքներում, մեկնել են արտագնա աշխատանքի և չեն գտնվել գյուղում։

Համայնքի ղեկավար Արման Ղազարյանը հրաժարվեց տեսախցիկի առաջ մեր հարցերին պատասխանելուց, սակայն հաստատեց, որ մեր կողմից թվարկված անձինք իր ազգականներն են և որ արտագնա աշխատանքի են մեկնել։

«Նման բան չկա, որ գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում և աշխատավարձ են ստացել։ Դիմում են գրել, դուրս են եկել կամ արձակուրդում են եղել»,- ասաց Արման Ղազարյանը։

Գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ Զոլաքարում ապամոնտաժված խողովակների փաստի առթիվ հունիսի 6-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական օրենսգրքի 177-րդ 3-րդ մասի 1-ին կետի՝ առանձնապես խոշոր չափերի գողության հատկանիշներով հարուցված քրեական գործով անցնող անձինք չկան։ Նշված հանցագործության համար նախատեսված է 4-ից 8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց բռնագրավման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter