
Աղքատությունը՝ նաև հակաբնապահպանական ծրագրերի հետևանք. ո՞րն է միջազգային բանկերի դերը
Սոֆյա Մանուկյան
Թեև աղքատության դրդող բազմաթիվ պատճառներ կան, սակայն (Հայաստանում) համեմատաբար քիչ քննարկվող պատճառներից մեկը դեռևս շարունակում է լինել հակաբնապահպանական գործունեությունը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հատկապես էներգետիկ և բնական ռեսուրսների հետ կապված ծրագրերի իրականացումը, ինչպիսիք են հիդրոէլեկտրոկայանների, ջրամբարների կառուցումը, հանքերի շահագործումը և այլն, հանգեցնում են «նոր աղքատության»: Այս տերմինը կիրառվում է մասնավորապես հակաբնապահպանական ծրագրերի արդյունքում տեղացիների սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացնող գործոնները նկարագրելու համար: Այդ գործոններն են՝ տեղահանումը կամ այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնք թույլ չեն տալիս ապրել և վաստակել առողջ և մաքուր միջավայրում հողի, ջրի որակի կորստի, աշխատանքի կորստի, տան, ինչպես նաև դրանց հետ առնչվող մշակութային ինքնության կորստի հետևանքով, սոցիալիզացիայի վերացման, մարգինալիզացման ռիսկերը, առողջապահական ռիսկերը, կրթության ընդհատումը, սոցիալական ծառայություններից օգտվելու անհասանելության ռիսկը, ինչպես նաև որոշակի խմբերի, ինչպես օրինակ կանանց, տարեցների, բնիկ ժողովուրդների առավել խոցելի լինելը:
Համաձայն, օրինակ, Համաշխարհային բանկի մի ուսումնասիրության՝ մեծ հիդրոէներգետիկ ծրագրերից տեղահանվածների շարքերում տարբեր երկրներում ամենաշատը տուժում են արդեն իսկ ամենաաղքատ և հասարակության ամենախոցելի խմբերը: Օրինակ, Հնդկաստանում մոտ 100 զարգացման ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 1.6 միլիոն մարդ է տեղահանվել ու նրանց մոտ կեսը բնիկ ժողովուրդներ են: Ընդ որում, բնիկների համայնքներն արդեն իսկ աղքատացած են, իսկ տեղահանման հետևանքնով նրանց վիճակն ավելի է վատթարանում, ինչը նրա հետևանքն է, որ բնիկներն առավել մեծ կախվածություն ունեն բնությունից, օրինակ գետերից, ուստի միջավայրը աղտոտող որևէ ծրագիր էլ ավելի է սպառնում նրանց սոցիալ-տնտեսական վիճակին:
Այնուամենայնիվ, հենց Համաշխարհային բանկի գործունեությունն է, որ երբեմն հանգեցնում է կյանքի պայմանների նման վատթարացմանը: Այսպես, 2015թ-ին լույս տեսավ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի և Հաֆինգթոն փոսթի համատեղ ուսումնասիրությունը, համաձան որի 2004-2013թթ-ներին մոտ 3 միլիոն 350 հազար մարդ է տարհանվել իրենց բնակության վայրերից ու հողերից՝ Համաշխարհային բանկի էներգետիկ և այլ «զարգացման» ներդրումային ծրագրերի իրականացման համար: Այս թիվը կարող է ավելին լինել, քանի որ ինչպես նշում են հետաքննողները, բանկը միշտ չէ, որ լիարժեք հաշվարկ է իրականացնում իր ծրագրերի բացասական հետևանքները կրող մարդկանց քանակի վերաբերյալ:
Հետազոտությունը բացահայտում է, որ միայն 2009-ից 2013թ-ը բանկը մոտ 50 միլիարդ դոլար է ներդրել սոցիալական և բնապահպանական տեսանկյունից բարձր ռիսկայնությամբ ծրագրերում: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ծրագրերից հատկապես տուժել են ֆերմերները, ձկնորսները, անտառաբնակները, բնիկ ժողովուրդները և այլն: Անգամ բանկի ներկա և նախկին որոշ աշխատակիցներ նշում են, որ բանկի չափանիշները հաճախ տեղի են տալիս ներքին ճնշումներին՝ խոշոր ծրագրերի համար թույլտվություններ ստանալու համար: Նրանք նշում են, որ բանկի հաջողությունները չափվում են ֆինանսավորված ծրագրերի քանակով, ուստի և լրացուցիչ պահանջները, որոնք ավելացնում են ծրագրերի արժեքը, պարզապես անտեսվում են:
Հայաստանում ևս իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս հակաբնապահպանական ծրագրերի և աղքատացման կապը: Ամերիկյան համալսարանի 2013թ-ին լույս տեսած ուսումնասիրության համաձայն՝ չնայած տնտեսական զարգացման ցուցանիշներ գրանցելուն, հանքարդյունաբերությունն, այնուամենայնիվ, ՀՀ-ում նպաստում է անհավասարությանն ու աղքատացմանը: Այս ուսումնասիրությունն ընդգծում է այն, որ հանքերի հասցրած վնասները թերագնահատվում են, իսկ հանքերը տնօրինողները հաշվի չեն առնում ամբողջական վնասները, ինչն էլ հանգեցնում է բնության և տեղական ռեսուրսների վատթարացմանը, անհավասարությանը և աղքատությանը: Ուսումնասիրությունը նաև նշում է դեպքերի մասին, երբ բնակիչները ստիպված են ցածր գներով վաճառել իրենց սեփականությունը որևէ հանքային ծրագիր իրականացնողի, ինչն աղքատացման պոտենցիալ ռիսկ է պարունակում: Այս ռիսկը մեծանում է նաև այն հանգամանքից, որ հանքերում աշխատողների համար չի կազմակերպվում առողջապահական ապահովագրություն և ողջ առողջապահական բեռը մնում է աշխատողի կամ իր ընտանիքի ուսերին:
Նման մի օրինակ էլ Մոնղոլիան է, որը, չնայած իր բնական ռեսուրսների շնորհիվ աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունն ունի, սակայն բնակչության մեկ երրորդն ապրում է աղքատության մեջ: Մոնղոլական Օլու Տոլգոյ ծրագրում էլ ներգրաված են մի շարք միջազգային ֆինանսական ինստիտուտներ և անգամ դիվանագիտական կառույցներ: Օլու Տոլգոյը Մոնղոլիայում ոսկու և պղնձի ամենամեծ պաշարով հանքավայրն է, որի շահագործումը, սակայն, մտահոգել է ինչպես ազդակիր համայնքներին, այնպես էլ միջազգային քաղհասարակությանը՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի թերի լինելու՝ դրանում պոչամբարի կառավարման, հանքի փակման և ռեկուլտիվացիայի ծրագրերի բացակայության պատճառով, ինչպես նաև տարածքում մակերևութային ջրերի միակ աղբյուր հանդիսացող Ունդայ գետի հունի փոփոխության հետևանքով էկոհամակարգին և տեղի բնակիչներին, հատկապես անասնապահներին, հասցվող վնասների պատճառով: Այս ծրագրում ներգրաված են ոչ միայն Համաշխարհային բանկն իր Միջազգային ֆինանսական կորպորացիայով, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և մի քանի խոշոր անգլո-ավստրալական և կանադական կորպորացիաներ, այլ նաև Մոնղոլիայում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև մի քանի այլ պետություններ՝ Բրիտանիան, Կանադան և այլն: Արտահոսած տեղեկություններից պարզ է դարձել, որ տարբեր առիթներով հանքը շահագործել ձգտող կորպորացիաները դիմել են նշված պետություններին՝ առաջարկելով ազդել մոնղոլական կառավարության վրա, որպեսզի վերջինս զերծ մնա հանքային բիզնեսից՝ միևնույն ժամանակ ստեղծի թափանցիկ, կանխատեսելի, լավագույն փորձի վրա հիմնված օրենսդրական դաշտ երկրի ռեսուրսները արդյունահանելու նպատակով:
Ավելին, ինչպես ԱՄՆ դեսպանատան արտահոսած նամակագրություններից է պարզ դառնում, ԱՄՆ-ի հետաքրքրվածությունն այս ծրագրում պայմանավորված է եղել նրանով, որ ծրագրի իրագործումը կստեղծի մեծ շուկա հանքային սարքավորումներ արտադրող ամերիկյան ընկերությունների համար (մոտ 200 միլիոն ամերիկյան դոլար շրջանառությամբ): Միևնույն ժամանակ մոնղոլական պետությունը, որն այս ծրագրի համար անգամ ջրերի, ճանապարհների, նախատեսվածից ավել եկամուտների հարկման և կորպորատիվ հարկերի մասին օրենքներն էր փոփոխել, ծրագրի միայն 34% մասնաբաժինն է ձեռք բերել: Իսկ չունենալով բավարար գումար հանքի ծախսերի իր մասնաբաժինը հոգալու համար՝ մոնղոլական կառավարությունն այդ գումարը վարկի տեսքով ներգրավել էր հանքը շահագործող կորպորացիաներից մեկից, ինչի արդյունքում էլ, ըստ որոշ ֆինանսական զեկույցների, այս ծրագիրը պարզապես չնչին եկամուտներ է բերելու Մոնղոլիայի բյուջեին՝ տնտեսական աճի ու բնակչության բարեկեցության վրա որևէ դրական անդրադաձ չունենալով:
Այս դեպքը թերևս հիշեցնում է Ամուլսարում ոսկու հանքի շահագործման փորձը, ուր ևս ներգրաված էին ինչպես միջազգային վերոնշյալ բանկերը, այնպես էլ դիվանագիտական կառույցներ, դե իսկ Հայաստանի կառավարությունը մի շարք օրենքներ էր փոփոխել՝ ի նպաստ հանքի շահագործմանը:
Տարբեր զեկույցներ և վերլուծաբաններ խոշոր պետությունների և մասնավոր հատվածի այսպիսի համագործակցություններն անվանում են կորպորատիվ շահերի պաշտպանություն ի վնաս ժողովրդավարության: Ավելին, միջազգային ֆինանսական ինստիտուտներն էլ հաճախ ծրագրեր են ֆինանսավորում ազգային քաղաքականությունների և ինստիտուցիոնալ ռեֆորմների դիմաց, որոնք հանգեցնում են պետական հաստատություններում աշխատավարձերի կրճատմանը, ավելացված արժեքի հարկեր ավելացմանը կամ ռեգրեսիվ հարկերի ներմուծմանը, աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների թուլացմանը, սոցիալական ծառայությունների կրճատմանը կամ մասնավորեցմանը և այլն: Նման քաղաքականությունները ոչ միայն բացասական ազդեցություն են թողնում տվյալ պետության սոցիալ-տնտեսական վիճակի վրա, այլև խարխլում են տվյալ պետության ինքինշխանությունը, քանի որ մի կողմից խոչընդոտում են պետության՝ սեփական քաղաքականությունները ինքնուրույն մշակելու իրավունքը, մյուս կողմից էլ խոչընդոտում են մարդու իրավունքների ասպարեզում պետության ստանձնած պարտավորությունները իրագործելուն:
Սակայն նման համագործակցությունները մտահոգիչ են նաև նրանով, որ ոչ միշտ հիմնավորված ֆինանսների ներգրավման հետևանքով շարունակաբար աճում է պետության արտաքին պարտքը: Արդյունքում պետությունն ավելի շատ գումարներ է սկսում հատկացնել այդ պարտքի և տոկոսների մարման, քան բնապահպանության, սոցիալ-առողջապահական և այլ հանրային ոլորտների վրա, ինչպես և այժմ Հայաստանի պարագայում է:
Ու չնայած ֆինանսական ինստիտուտները շարունակ հայտարարություններ են անում իրենց բարձր միջազգային չափանիշների մասին, այնուամենայնիվ, նրանց ներդրումները շարունակում են սպառնալ էկոլոգիական աղետներով: Այսպես, օրինակ, Եվրոպական ներդրումային բանկը հայտարարել է Եվրոպական Կանաչ համաձայնագրի իրագործման մեջ առաջատար դեր խաղալու մասին, որով նախատեսվում է մինչ 2050թ-ը վերացնել Եվրոպայի ազդեցությունը կլիմայական փոփոխությունների վրա: Չնայած սրան, անգամ բանկի նախագահը հայտարարել է, որ բանկի մեթոդոլոգիան երբեմն այնպես է կիրառվում, որ որոշ ծրագրերի միայն անվանումն է լինում կանաչ ներդրում: Ընդհանրապես, այս բանկին վերագրվում է ոչ թափանցիկ գործունեություն, բանկի գործունեությունից տուժածների դիմումների անտեսում, օֆշորներում գրանցված և հարկերից խուսափող ընկերությունների միջոցով ծրագրերի իրագործում, մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ թույլ վերահսկողություն և այլն:
Ցավոք, արևմտյան ֆինանսական ինստիտուտների օրինակին են հետևում նաև, օրինակ, ասիական ֆինանսական ինստիտուտները: 2018թ-ին Մումբայ քաղաքում տեղի ունեցած Ենթակառուցվածքային ֆինանսավորման թեմայով Ժողովուրդների համագումարը, որին մասնակացել են Հնդկաստանի քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ, մի բանաձև են ընդունել, որում նշում են, որ ասիական զարգացման բանկերի գործելաոճը արևմտյան ֆինանսական ինստիտուտների պես ոչ ժողովրդավար, բնության և սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացնող ոճով է իրականացվում: Նրանք նշում են օրինակներ, ինչպես Չինաստանի հիմնադրած Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի ներդրումները Հնդկաստանում քաղաքների, ճանապարհների կառուցման ոլորտում, և թե ինչպես են դրանք տեղացի բնակչության տեղահանման, աղքատացման, ինչպես նաև բերրի հողերի կորստի պատճառ դարձել: Ընդ որում, նրանք նշում են մի սցենար, որը հաճախ կրկնվում է նաև այլ պետություններում, երբ վերջիններս շարունակ պնդում են պետության սուղ միջոցների և սոցիալական, առողջապահական, կրթական և այլ ոլորտներին գումարներ տրամադրելու անհնարինության մասին, սակայն կարողանում են հանրային բյուջեն ծառայեցնել միջազգային ֆինանսական ինստիտուտների մեգա ծրագրերի իրագործման համար, անգամ երբ այդ ծրագրերի իրագործումն արդարացված չէ:
Ասիական բանկերի ներդրումների աշխարհագրությունը ևս ընդլայնվում է: Սոցիալ-բնապահպանական տեսանկյունից հակասական մի ներդրում էլ իրականացվում է հարևան Վրաստանում՝ Վերին Սվանետիում գտնվող Նենսկրա գետի վրա կառուցվելիք հիդրոէլեկտրակայանում, ուր Եվրոպական ներդրումային բանկից, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկից զատ ներգրաված են նաև Ասիական զարգացման բանկը, Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը, Կորեական զարգացման բանկը: Այս ծրագիրը ևս մեծ ընդդիմության է արժանացել ինչպես դրա բացասական բնապահպանական հետևանքների համար, այնպես էլ տեղի բնիկ սվան ժողովրդի կողմից՝ նրանց տեղահանման, իրենց հողից և ապրուստի միջոցներից զրկելու ռիսկերի հետևանքով:
Հակաբնապահպանական ծրագրերի և բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի փոխկապակցվածության, դրանում միջազգային ֆինանսական ինստիտուտների ներդրումների դերի, ինչպես նաև պետությանն ու ֆինանսական ինստիտուտներին ուղղված քաղաքականությունների մշակման առաջարկների մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ վերջերս լույս տեսած հետազոտությունում: Այն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ հանրային քաղաքականության հետազոտությունների կրթաթոշակներ ծրագրի շրջանակներում:
Սոֆյա Մանուկյանը հետազոտող է, իրավապաշտպան-բնապահպան: Հետազոտական աշխատանքների ոլորտը ներառում է մասնավոր հատվածի ազդեցությունները բնության և մարդու իրավունքների՝ մասնավորապես սոցիալ-տնտեսական իրավունքների վրա: Հետաքրքության ոլորտներից է նաև աշխատանքային իրավունքները և կանանց իրավունքների պաշտպանությունը: independent.academia.edu/SofiaManukyan
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել