HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Նոր գույքահարկով հարկվելու է Կադաստրի բազայում առկա յուրաքանչյուր գույք. վագոն-տնակները բացառություն են

Գույքահարկի փոփոխությունները Հայաստանի պետական բյուջեի վրա ոչ այսօր, ոչ էլ վեց տարի հետո որևէ ազդեցություն չեն ունենալու։ Այդ գումարները հոսելու են միայն համայնքային բյուջեներ՝ 2021 թվականի դեկտեմբերից ոչ շուտ։ Այս մասին այսօրվա քննարկմանը հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նախարարը նշեց, որ եկամտային հարկի համահարթեցումը, գույքահարկի փոփոխություններն ու սպասվելիք համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը նույն տրամաբանության մեջ են, միտված են հարկման պրոգրեսիվությունն ապահովելուն՝ շատ եկամուտ ունեցողին հարկել ավելի շատ, քան ավելի նվազ եկամուտ ունեցողին։ Այս «փաթեթը» նա որակում է որպես հարկային բարեփոխումներ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հունիսի 25-ին ընդունել է նախագիծ, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից սահմանել գույքահարկի նոր շեմեր ու դրույքաչափեր, վերացնել բնակարանների համար սահմանված չհարկվող շեմերը, այն է՝ 3 մլն դրամը։ Այս նախագիծը տրամաբանական շարունակությունն է մեկ այլ նախագծի, որով Հայաստանում գույքի կադաստրային և շուկայական արժեքները պետք է մոտարկվեն։ Այս փոփոխությունների արդյունքում գույքահարկից գոյացող հարկային եկամուտների աճ է ակնկալվում։

Ըստ նոր փոփոխությունների՝ անշարժ գույքի սեփականատերերը 2021 թվականին կվճարեն իրենց գույքահարկի 25 %-ը, 2022 թվականին՝ 30 %-ը, 2023 թվականին՝ 35 %-ը, 2024 թվականին՝ 50 %-ը, 2025 թվականին՝  75 %-ը և միայն  2026 թվականին կանցնեն ամբողջական վճարման՝ 100 %-ին:

Ատոմ Ջանջուղազյանը համաձայն չէ, որ գույքահարկի փոփոխությունները կատարվել են բյուջեն «լցնելու» համար, քանի որ այս ամենը երկար ժամանակ քննարկվել և ծրագրվել է։

«Հարկային համակարգի փոփոխությունները մեկ օրում ծագած կարիքների արձագանքը չեն։ Դրանք երկար գնահատված են, մանրամասն վերլուծված։ Սրանով այժմեական խնդիր չի լուծվում։ Այս փոփոխությունը այսօրվա վրա որևէ ազդեցություն չի ունենալու։ Սա պետական բյուջեի վրա ոչ այսօր, ոչ էլ 2026 թվականին ազդեցություն չի ունենալու, որովհետև այդ գումարները ուղղվելու են համայնքային բյուջեներ։ Գույքահարկի գծով համայնքային բյուջեներ մուտքագրվող գումարները կաճեն մոտ 4 անգամ։ Համայնքների տարեկան բյուջեների միջին եկամուտն այսօր 10 մլրդ դրամի շրջանակներում է։ Այսինքն՝ 2026 թվականին դրանք կլինեն 40 մլրդ դրամի շրջանակներում։ Իսկ արտոնություններ տրամադրելու հարցը կորոշեն համայնքները»,- նշեց Ֆինանսների նախարարը։

Նա խորհուրդ է տալիս գույքահարկի բարձրացումը ոչ միայն նոր  հարկային բեռ դիտարկել, այլև պահանջի իրավունք՝ հաշվի առնելով, որ քաղաքացին նոր գույքահարկերի դիմաց կարող է համայնքներից ավելի որակյալ ծառայություններ պահանջել։

Կադաստրային արժեքները շուկայականից ցածր կլինեն

Դեռևս 2018 թվականին Կադաստրի կոմիտեն ձեռնամուխ եղավ կադաստրային արժեքների վերանայման քաղաքականությանը։  Վերլուծվեցին Կադաստրի բազայում առկա մոտ երեք տարվա տվյալները։ Որոշվեց Հայաստանի Հանրապետության գոտիականությունը՝ բաժանելով 20 գոտիների։ Այս նախագծից հետո էլ անցում կատարվեց գույքահարկի շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններին։

Ինչպես այսօրվա քննարկմանը հավաստիացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, նոր գնահատված արժեքներով ևս գույքի կադաստրային արժեքը շուկայականից ցածր է լինելու։ Ըստ նրա՝ հարկվելու է Կադաստրի բազայում գրանցված յուրաքանչյուր գույք։ Չեն հարկվելու վագոն-տնակները, քանի որ դրանք հողին ամրակցված չեն և հարկվող գույք չեն կարող հանդիսանալ։

«Կադաստրի կոմիտեում հաշվառված և գրանցված յուրաքանչյուր գույք հարկման բազայում ներառված է՝ նույնիսկ այն գույքերը, որոնք ինքնակամ կառուցված են և ներկայացված են Կադաստրին։ Ինչ վերաբերում է վագոն-տնակներին, դրանք ամրակցված չեն հողին և հարկման հիմք հանդիսանալ չեն կարող որպես այդպիսին։ Գույքի նոր կադաստրային արժեքները շուկայական արժեքներից էլի նվազ են լինելու։ Օրինակ՝ Կենտրոն համայնքում մեկ քմ հողի համար որպես բազային արժեք գնահատված է 330 հազար դրամը, նորակառույց շենքում բնակարանի համար 1 քմ-ն՝ 700 հազար դրամը և անհատական բնակելի տան համար՝ 420 հազար դրամը։ Գոտիականությունից կախված՝ այս դրույքաչափերը նվազում են։ Մոտարկված արժեքները գույքի շուկայական արժեքները չեն։ Մոտարկված արժեքները օգտագործվում են միայն անշարժ գույքի հարկման բազայի ձևավորման համար։ Իսկ շուկայական գինը ստանալու համար պետք է դիմել որակավորում ստացած անձանց և ստանալ գնահատականը։ Շուկայական արժեքի գնահատման ժամանակ հաշվի կառնվի բնակարանի ներքին հարդարումը, իսկ կադաստրային արժեքի պարագայում այն հաշվի չի առնվում»,- նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։

«Հետքի» հարցին՝ եթե քաղաքացին համաձայն չէ Կադաստրի գնահատականի հետ, կարո՞ղ է բողոքարկել, Սուրեն Թովմասյանը հստակ պատասխան չտվեց։ Միայն հաշվի առնելով վերը նշվածները՝ նա ասաց, որ ըստ էության՝ բողոքարկման կարիք չի լինի։

Կադաստրի կոմիտեի կայքում՝ e-cadastre.am-ում, այս շաբաթվա վերջում արդեն նախատեսված է տեղադրել հաշվիչ, ըստ որի՝ քաղաքացին, հավաքելով իր սեփականության վկայականի ծածկագիրը կամ համարը, կարող է ստանալ տեղեկություններ, թե վեց տարվա փոփոխությունների արդյունքում որքան գույքահարկ է վճարելու։

Բաբկեն Թունյան. «Այն թեզը, որ մենք ճգնաժամային պայմաններում գույքահարկ ենք ավելացնում, կա՛մ սխալ ընկալման արդյունք է, կա՛մ, որոշ դեպքերում, միտումնավոր մանիպուլյացիա»

Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը սխալ ընկալման կամ միտումնավոր մանիպուլյացիայի արդյունք է համարում շրջանառվող այն թեզ, որ ճգնաժամային պայմաններում իշխանությունները գույքահարկ են ավելացնում։

«Կոնկրետ բուն նախագիծը, որն հանգեցրել է գույքահարկերի աճին, կադաստրային արժեքների մոտարկման նախագիծն էր, որն ընդունվել է անցած տարի։ Եվ հիմա այս նախագծով մենք այդ նախագծի էֆեկտը փորձում ենք մեղմել, որովհետև այսօր գործող (դեռևս նոր օրենքով չփոփոխված,-հեղ.) նախագիծը մի քանի շեմեր ունի, առավելագույնը շեմը, բնակարանների դեպքում, 40 մլն դրամն է, որից հետո կիրառվում է առավելագույն գործակիցը՝ 1 %-ը։ Կադաստրային արժեքների վերագնահատման արդյունքում գույքերի մեծ մասը ընկնում է այդ շեմից վերև, ու ըստ այդմ՝ հարկը բազմապատիկ անգամներով կավելանար։ Մենք այս պահին նախ՝ այդ ազդեցությունն ենք մեղմում, երկրորդը՝ մենք վեց տարի ժամանակահատված ենք նշանակում, որ մարդիկ այդ բեռը չզգան։ Պետք է նկատի ունենալ, որ նոր կանոններով առաջին վճարումը կատարելու են 2021 թվականի դեկտեմբերին՝ նոր գույքահարկի 25 %-ի չափով»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Նրա ունեցած տվյալներով՝ այս պահին Հայաստանում կա 9500 բնակարան կամ ընդհանուր բնակարանների 2.5 %-ը, որոնց գույքահարկը տարեկան 64 հազար դրամից բարձր է լինելու։

Եթե այս 9500-ի մեջ կլինեն թոշակառուներ, ինչը նա խիստ անհավանական է համարում, այդ դեպքում կան տարբեր մեխանիզմներ նշված անձանց համար գույքահարկի բեռը թեթևացնելու համար։ Օրինակ՝ համայնքը կարող է որոշել զրոյացնել կամ զեղչել նրանց տան գույքահարկը։

«Եթե մարդու եկամտի միակ աղբյուրը իրապես թոշակն է, այս թոշակը օրենքով արգելանքի տակ չի դրվում։ Բացի դա, կան նաև այլ մեխանիզմներ։ Համայնքի ավագանին իրավունք ունի իր գույքահարկի եկամուտների մինչև 10 %-ի չափով ֆոնդ ունենալ, որով կարող է արտոնություն տալ կոնկրետ մարդկանց, չեղարկել, հետաձգել կամ զեղչել գույքահարկը։ Այստեղ պետք է թափանցիկության որոշակի չափորոշիչներ սահմանվեն։ Պետք է հստակ խաղի կանոններ սահմանվեն»,- ասաց պատգամավորը։

Բանախոսները համաձայն չեն նաև այն տեսակետի հետ, որ գույքահարկի նոր փոփոխությունները կարող են վնասներ հասցնել բիզնեսին։ Մեր հարցին ի պատասխան՝ ի՞նչ հաշվարկներ կան այս մասով, Ֆինանսների նախարարը միայն մեկ օրինակ ներկայացրեց. «Պատկերացրեք՝ Մաշտոցի պողոտայում 1280 քմ հասարակական նշանակության տարածք, որը գտնվում է ամենաիրացվելի վայրում։ Այսօրվա գործող կարգավորումներով այս գույքի համար վճարվում է տարեկան 594 հազար դրամ։ Արդյոք մենք համարում ենք, որ տարեկան 594 հազար դրամը ճշգրտորեն արտացոլում է այդ գույքի հետ կապված ծախսի մասնաբաժինը։ Կարծում եմ, որ չափազանց թերագնահատված է»։

Գույքահարկի փոփոխությունները տարաձայնություններով ընդունվեցին Ազգային ժողովի կողմից։ Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ էին նախագծին՝ համարելով, որ այն դեռևս պետք էր քննարկել ու վերամշակել։ 

Գույքահարկի նոր փոփոխությունների վերաբերյալ հասարակության հնչեցրած հարցերի մի մասը դեռևս անպատասխան են մնացել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter