HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կենտրոնական բանկ. 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը 4%-ով անկում կապրի

Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) կանխատեսմամբ՝ Հայաստանը 2020 թվականը կամփոփի 4% տնտեսական անկմամբ։ Տնտեսական աճի վրա ամենամեծ բացասական ազդեցությունը կունենան ծառայություններն ու շինարարությունը։ Բացասական նպաստմամբ կհաջորդի արդյունաբերությունը։ Իսկ գյուղատնտեսությունն ամենափոքր բացասական ազդեցությունը կունենա։ 

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մեկնաբանմամբ՝ կանխատեսումների համար հիմք են հանդիսացել արտաքին աշխարհի և Հայաստանի երկրորդ եռամսյակի տնտեսական անկումները։ Տնտեսության ապագան կախված կլինի առողջապահական իրավիճակից՝ նոր կորոնավիրուսի (COVID-19) զարգացումներից։ ԿԲ նախագահն այսօր լրագրողներին ներկայացրեց 2020 թվականի երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը։

Ըստ Մարտին Գալստյանի՝ ապագայի վերաբերյալ բարձր անորոշությունը զգալի ազդեցություն է ունենում մարդկանց և կազմակերպությունների վարքագծի վրա։ Այն հանգեցնում է սպառման և ներդրումների կրճատմանը, ինչը լրացուցիչ զսպող ազդեցություն է ունենում համախառն պահանջարկի վրա: Այս ամենն ազդում է տնտեսական աճի գրանցվող ցուցանիշների ու կանխատեսումների վրա։

Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե

ՀՀ կենտրոնական բանկ

ԿԲ նախագահը հիշեցրեց նաև, որ վերջերս գլխավոր դրամատունը կրկին իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս անգամ՝ 0.5 տոկոսային կետով, որպեսզի որոշ չափով խթանի պահանջարկը։

«Արդյունքում, չնայած գնաճի ընթացիկ մակարդակը համահունչ է առաջին եռամսյակի կանխատեսումներին, սակայն կանխատեսվում է, որ համախառն պահանջարկը կմնա թույլ, նույնիսկ խթանող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում, իսկ գնաճը տարեվերջին կկազմի 1.9 տոկոս: Միաժամանակ Կենտրոնական բանկի Խորհուրդը, գնահատելով, որ գնաճային սպասումները բավականին խարսխված են, իսկ փողի շուկայում շարունակել են նվազել ռիսկերը, նպատակահարմար գտավ ավելի մեծ քայլով նվազեցնել տոկոսադրույքը՝ մինչև 4.5 տոկոս և գտնում է, որ անհրաժեշտ կլինի միջնաժամկետում շարունակել վարել խթանող դրամավարկային քաղաքականություն՝ կանխատեսվող հորիզոնում գնաճը աստիճանաբար թիրախին վերադարձնելու նպատակով»,- նշեց ԿԲ նախագահը:

«Հետքի» հարցին՝ առաջիկայում և՞ս սպասվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցնում և ի՞նչ այլ գործիքներ ունի ԿԲ, որ պատրաստ է հիմա կիրառել տնտեսության գահավիժումը դանդաղեցնելու համար, Մարտին Գալստյանը պատասխանեց, որ տոկոսադրույքի վերաբերյալ առայժմ որոշումներ չկան, սակայն ԿԲ-ի գործիքները միայն տոկոսադրույքով չեն սահմանափակվում։

«Խթանող լինել չի նշանակում անպայման տոկոսադրույք իջեցնել։ Մենք տոկոսադրույքի մասին որոշումները կայացնում ենք մեր Խորհրդի նիստերի ընթացքում։ Ու ամեն նիստից առաջ լայնածավալ քննարկումներ ենք ունենում, որի արդյունքում նոր որոշում ենք իջեցնե՞լ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թե՞ ոչ՝ իջեցնել, բարձրացնել, թե պահել չեզոք։ Այս անգամ տոկոսադրույքի հետ կապված մենք մի քիչ ավելի կտրուկ գտնվեցինք։ Նախկին  0.25-ի փոխարեն այս անգամ 0.5 տոկոսային կետով իջեցրինք տոկոսադրույքը, որպեսզի խթանենք ամբողջական պահանջարկը։ Ցածր գնաճային միջավայրը մեզ թույլ տվեց այդ քայլն իրականացնել։ Տոկոսադրույքը միակ գործիքը չէ, որը Կենտրոնական բանկը կարող է կիրառել։ Այն հիմնական գործիքն է, որը մեզ արդյունավետորեն թույլ է տալիս հասնել մեր նպատակներին՝ կայուն մակրոմիջավայր և կայուն գնաճ պահպանել։ Կենտրոնական բանկը հավատարիմ մնաց իր հայտարարություններին, որոնք արվեցին մարտի սկզբին։ Մենք առևտրային բանկերին տալիս և տալու ենք անսահմանափակ քանակությամբ իրացվելիություն՝ մեր շաբաթական ռեպո գործիքի միջոցով»,- նշեց ԿԲ նախագահը։ 

Ըստ նրա՝ վերլուծությունները ցույց են տվել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվացեզումն արդեն իսկ ազդել է ֆինանսական շուկաների տոկոսադրույքների վրա։ Նա նաև նկատում է, որ բանկերի կողմից տրամադրվող վարկերի որոշակի աճ է գրանցվում։

Կենտրոնական բանկի մասնագետների գնահատում են, որ տնտեսական ռիսկերը ներկայում բազմաթիվ են՝ սկսած աշխարհում և Հայաստանում համավարակի ավելի դանդաղ հաղթահարումից, հակահամավարակային խստացնող լրացուցիչ միջոցառումների կիրառումից, սպառողների վարքագծի փոփոխություններից մինչև անորոշության պահպանում։ Այս ամենը կարող է հանգեցնել արտադրական շղթաների խաթարմանը, աշխատուժի թուլացմանը և այլն։ 

Գնաճը կմնա ցածր մակարդակում

Ըստ վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) ամենաթարմ տվյալների՝ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. մայիսը 2019թ. մայիսի նկատմամբ) կազմել է 1.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.1% գնանկում:

ԿԲ-ն որպես 12-ամսյա գնաճի թույլատրելի միջակայք է ընտրել 4 +/-1.5 %-ը: Այսինքն՝ համարվում է, որ գնաճի 2.5-5.5%-ի միջակայքը գնաճի այն թիրախն է, որը կարող է նպաստել տնտեսական աճին։ Վերջին ամիսներին գնաճը ԿԲ-ի նախանշած միջակայքից բավականին ցածր է, որի պատճառով էլ գլխավոր դրամատունը իջեցնում է բանկերին տրվող վարկերի տոկոսադրույքը՝ հույս ունենալով, որ բանկերն էլ իրենց հերթին կիջեցնեն վարկերի տոկոսները, կավելանան վարկավորման ծավալները, բնակչությունը կսկսի ավելի շատ ապրանքներ ու ծառայություններ սպառել, որը կհագեցնի գնաճի մակարդակի որոշակի բարձրացմանը կամ եղած տեմպերի պահպանմանը։

Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճն առաջիկայում կմնա ցածր մակարդակում։ Պատճառը կանխատեսվող թույլ պահանջարկն է։ Ինչպես նշվեց վերևում, կանխատեսվում է, որ գնաճը տարեվերջին կկազմի 1.9%:

«12-ամյս գնաճն առաջիկայում դեռևս կպահպանվի ցածր մակարդակում, քանի որ կարճաժամկետ հատվածում թույլ մասնավոր պահանջարկի ազդեցությունները կգերակշռեն հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությունը, իսկ միջնաժամկետ հատվածում, խթանող դրամավարկային քաղաքականության արդյունքում, գնաճն աստիճանաբար կվերականգնվի՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակայաին ցուցանիշի շուրջ»,- նշված է գնաճի հաշվետվության մեջ։

Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե

ՀՀ կենտրոնական բանկ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter