HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ոստիկանությունը կեղծ համարանիշներով վարելու առանձին դեպքերի հաշվառում չի անում

Ոստիկանությունը կեղծված համարանիշներով վարելու առանձին դեպքերի հաշվառում չի իրականացնում։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ոստիկանության լրատվության վարչությունը։

Հիշեցնենք, որ 2020թ․ հունիսի 12-ին Ճանապարհային ոստիկանությունը կեղծ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենա էր հայտնաբերել Երևանում։ 58 D 073 AM կեղծված համարանիշներով ավտոմեքենան Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական որևէ ներկայացուցչության հաշվեկշռում գրանցված չի եղել։ 

Նշենք, որ 58-ով սկսվող դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաները սպասարկում են Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությանը, բայց փաստորեն հյուպատոսության հաշվեկշռում նման ավտոմեքենա չի եղել։

Այս դեպքից հետո որոշեցինք գրավոր հարցում ուղարկել ոստիկանություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե 2016 թվականից սկսած կեղծ համարանիշներով քանի տրանսպորտային միջոց է հայտնաբերվել Հայաստանում և դրանցից քանիսն են եղել կեղծ դիվանագիտական։ Ոստիկանությունից «Հետքին» փոխանցած տվյալների համաձայն՝ առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով 2016-ին եղել է 97, 2017թ.՝ 83, 2018թ.՝ 178, 2019թ.՝ 253, 2020թ. հունիսի 20-ի դրությամբ՝ 34 դեպք։ 

Սակայն թե նշված դեպքերից քանիսն են եղել կեղծված համարանիշով և առավել ևս կեղծ դիվանագիտական համարանիշով, ոստիկանությունը չի հայտնել, քանի որ առանձին դեպքերով հաշվառում չի տարվում։ 

Ինչ վերաբերում է պատասխանատվության միջոցներին, ապա կեղծված համարանիշով վարելու դեպքերով ճանապարհային ոստիկանությունում իրականացվում է վարչական վարույթ, ինչի արդյունքում վարորդները պատասխանատվության են ենթարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգքրի 123․5 հոդվածի 4-րդ մասով կամ ավելի պարզ ասած՝ մեկ տարով զրկվում են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։

Վարույթի նյութերը ուղարկվում են նաև ոստիկանության տարածքային բաժիններ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը որոշելու համար։ Համաձայն ՔՕ 325-րդ հոդվածի՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը կարող է պատժվել մինչև 2 տարի ազատազրկմամբ, իսկ նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից կատարվելու դեպքում՝ մինչև 4 տարի ազատազրկմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter