HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճիռը բեկանվել է, գործն ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կազմով՝ Կարեն Մարդանյանի, Արմեն Բեկթաշյանի, այսօր բեկանել է Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ դատավճիռն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Խոսքը 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի և Պողոսյանի միջև «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի գործի մասին է:

Այս միջադեպի հետևանքով Պողոսյանը սպանվել էր:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար:

Դատարանը հաստատված է համարել, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողող Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:

Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Դեպքի վերաբերյալ, սակայն, վերջերս դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչները:

Դատախազության փոխանցմամբ՝ Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին, որից հետո գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության: Բողոքը, փաստորեն, բավարարվել է:

Նշենք, որ վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու մասին հաղորդագրության մեջ դատախազությունը որոշ մանրամասներ է ներկայացրել վերջին շրջանում այս գործով տեղի ունեցած պրոցեսների վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են ենթադրյալ հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության մասին: Դատախազությունը հայտնում է նաև, որ մինչև բողոքը վերաքննիչ դատարան ներկայացնելը, Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է համապատասխան վարույթ, որի ընթացքում հարցաքննվել են վկաներ, վերջիններս հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը:

Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը, ով տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք, գործով նշանակվել է նաև հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն, ըստ դատախազության հաղորդագրության, էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից:

Լուսանկարում՝ ձախից՝ Կարեն Մարդանյանը, Ռուբիկ Մխիթարյանը, Արմեն Բեկթաշյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter