HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի պետական պարտքն առաջին կիսամյակում աճել է 5.1%-ով

Այս տարվա հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ  7.722 մլրդ ԱՄՆ դոլար, որից 5.985 մլրդ դոլարը արտաքին պարտքն է, 1.737 մլրդ դոլարը՝ ներքին։

Ինչպես վկայում են Ֆինանսների նախարարության ներկայացրած ցուցանիշները, հունիսի ընթացքում ընդհանուր պետական պարտքն աճել է 5.9 մլն դոլարով կամ 0.08%-ով։

Ընդ որում՝ հունիսին արտաքին պարտքը նվազել է 13.4 մլն դոլարով կամ 0.2%-ով։ Մինչդեռ ներքին պարտքն ավելացել է 19.3 մլն դոլարով կամ 1.1%-ով։

Ի դեպ, Ֆինանսների նախարարությունը վերանայել է պետական պարտքի մայիսյան ցուցանիշները։ Ավելի վաղ գրել էինք, որ մայիսի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է 7.433 մլրդ դոլար։ Սակայն, այս անգամ ներկայացված փաստաթղթում տեսնում ենք, որ պարտքի չափը նշված է 7.716 մլրդ դոլար՝ 283 մլն դոլարով ավելին, քան նշված էր մայիսին հրապարակված տեղեկագրում։ Ինչպես «Հետքի» հետ զրույցում հաստատեց Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը, այդ գումարը Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) ստացված վարկն է, որը թեև ստացվել է մայիսին, սակայն վավերացվել է հունիսին։ Սակայն, մայիսի վիճակագրության մեջ հետագայում ճշգրտում է արվել և նշված վարկը գրանցվել է ստացման ամսաթվով։

«Վարկը ստանալուց հետո այն չէինք ձևակերպում մինչև Ազգային ժողովը չվավերացներ։ Ազգային ժողովը վավերացրել է ավելի ուշ, բայց մենք այն ձևակերպել ենք ստացման օրով՝ մայիսի 20-21-ով։ Վարկը պահվել է Կենտրոնական բանկում՝ տարանցիկ հաշվի վրա։ Եթե Ազգային ժողովն այն չվավերացներ, պետք է հետ ուղարկեինք։ Երբ վավերացվաց, այն միանգամից ներառեցինք մեր հաշվառման մեջ»,- պարզաբանեց Արշալույս Մարգարյանը։

ԱՄՀ-ից ստացվող վարկի մասին ավելի վաղ հայտարարել է նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ «2019-ին մենք ԱՄՀ-ի հետ ծրագիր ենք հավանության արժանացրել, որը գնահատվում է որպես կանխարգելիչ և ենթադրվում էր, որ միայն արտաքին ցնցումների դեպքում կօգտվենք ԱՄՀ-ի կողմից մեզ տրամադրվելիք վարկի հնարավորությունից: Մինչդեռ, համավարակը հաշվի առնելով, մենք մարտի վերջին և ապրիլի սկզբին հեռավար կարգով ավարտեցինք բանակցությունների հերթական փուլը։ Վերանայվեց ծրագիրը: Դրա շրջանակում համաձայնություն ձեռք բերվեց, որայդ միջոցներըկարող են  ավելի մեծ չափով  հասանելի լինել՝ մոտավորապես 315 մլն դոլարին համարժեք, որից 280 մլն դոլարի չափով արդեն իսկ հասանելի են»,- հունիսի 4-ին տեղի ունեցած կառավարության նիստին ասել է նախարարը։

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետական պարտքը մեծացել է մոտ 398 մլն դոլարով կամ 5.1%-ով։

Կառավարությունը վերջին տարիներին նպատակադրել է աստիճանաբար նվազեցնել արտաքին պարտքի կշիռը՝ փոխարենը ամրապնդելով ներքին պարտքի կշիռը։ Կառավարություն դա բացատրում է փոխարժեքի և այլ հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով, քանի որ ի տարբերություն արտաքին պարտքին, ներքին պարտքը տրվում և մարվում է ՀՀ դրամով։ Այսինքն՝ փոխարժեքի ռիսկն այստեղ չեզոքանում է։

Տարեսկզբի արտաքին պարտքը ծանրացել է 197 մլն դոլարով կամ 3.4%-ով։ Իսկ ներքին պարտքը՝ 200.5 մլն դոլարով կամ 13%-ով։

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.324 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ պետական պարտքի ծավալն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8%-ով:

Պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 53.5%` նախորդ տարվա նույն ցուցանիշի նկատմամբ նվազելով 2.2 տոկոսային կետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter