
Ռուբեն Ռուբինյանը կոչ է անում Թուրքիային սթափվել և սթափեցնել Ադրբեջանին, այլապես դա կանեն Հայաստանի զինված ուժերը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ այսօրվա հատուկ նիստին անդրադարձավ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանում` Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ գործողություներին:
«Երեկ Ադրբեջանը սադրանքի է դիմել և ագրեսիվ գործողությունները շարունակվում են նաև այսօր: Սա ևս մի անգամ ի հայտ է դնում այս երկրի հետադիմական և ռազմատենչ էությունը: Ադրբեջանի գործողություներին մեր համապատասխան գերատեսչությունների կողմից տրվել է առավել քան սպառիչ գնահատական, սակայն այս համատեքստում ես կուզեի խոսել Թուրքիայի արձագանքի մասին»,-ասաց Ռուբինյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ Թուրքիայի ԱԳՆ-ն անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին և, ըստ էության, պաշտպանել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի սահմանին: Ռուբինյանի խոսքով` Թուրքիան այդ կերպ իրեն ներկայացնում է որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ և վերահաստատում այն հանգամանքը, որ չի կարող միջազգային դերակատարում ունենալ, որը կառնչվի ԼՂ հակամարտությանը:
«Ավելին` Թուրքիայի ԱԳ նախարարը հարցազրույց է տվել և Հայաստանին կոչ արել սթափվել: Այս առնչությամբ ուզում եմ ասել` այդ մենք ենք կոչ անում Թուրքիայի իշխանություններին սթափվել, ապա սթափեցնել Ադրբեջանին իրենց գործողություններում: Եթե անհապաղ չդադարեցնեն իրենց ագրեսիվ գործողությունները սահմանին, ապա նրանց կսթափեցնեն մեր Զինված ուժերը, իսկ սթափցնել մեր զինված ուժերի մոտ, ինչպես ցույց տվեցին մեր երեկվա և այսօրվա իրադարձությունները, ստացվում է շատ լավ»,-եզրափակեց նա:
Մեկնաբանել