HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխանակման ծրագրով Հայաստան ժամանած ուսանող Աննան պատմում է Երևանում հեռավար դասերի մասին

Աննա Հակոբյանը Սանկտ Պետերբուրգից է։ Հայաստան է եկել հունվար ամսին՝ փոխանակման ծրագրով մեկ կիսամյակ սովորելու Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Երկրում կորոնավիրուսի համավարակի տարածումից ու սահմանները փակվելուց հետո Սանկտ Պետերբուրգ չի վերադարձել, մնացել է Հայաստանում եւ այստեղից էլ մասնակցել հեռավար դասերին։

Աննան այժմ բնակվում է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, տատի ու պապի տանը։

Հայաստանում ուսումը շարունակելու որոշմանը նրա ընտանիքի անդամները դեմ են եղել. չնայած որ ամեն տարի ամառային արձակուրդներին այցելել է Հայաստան՝ ծնողները մտածել են, թե աղջկա համար դժվար կլինի նոր շրջապատին հարմարվել ու երկար ժամանակով իրենցից հեռու լինել։

Երևանի պետական համալսարանում երկրորդ կիսամյակի դասերը սկսվել են փետրվարի 10-ից, համալսարանական ուսանողական կյանքին չէր հասցրել ծանոթանալ, երբ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, ու կրթական հաստատություններում դասերը սկսեցին հեռավար անցկացվել։

Աննան չի հասցրել համակուրսեցիների հետ ընկերանալ, բայց նկատել է՝ ուսանողները բարեհամբույր են, երբ ինչ-որ մեկին ինչ-որ հարցով դիմել է, սիրով օգնել են:

Այս ամիսների ընթացքում հասկացել է, որ օնլայն դասերն իր համար չեն, քանի որ սիրում է շփվել, իսկ առցանց տարբերակը չի կարող փոխարինել իրական շփմանը։ 

Աննան այլ կերպ էր պատկերացնում Հայաստանում ուսանողական կյանքը, մտածում էր՝  Հայաստան գալով, ծնողներից հեռու ապրելով՝ ավելի ինքնուրույն կդառնա, կկարողանա Հայաստանը բացահայտել, շփվել իր հասակակիցների հետ, նոր ընկերներ ձեռք բերել։

Նոր հետաքրքրություններ ու փոփոխություններ սիրող մարդ է, բայց ստիպված է տնից դուրս չգալ, դուրս գալու դեպքում էլ՝ խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին։ Տատն ու պապը տարիքով մեծ են, անհանգստանում է նրանց համար, փորձում է սահմանափակել մյուս բարեկամների հետ շփումը, որպեսզի վարակվելու ռիսկը նվազեցնի։

Նրանց հետ Ագարակում բնակվում են նաև Աննայի մորեղբոր կինն ու երկու երեխաները, մորեղբայրը արտագնա աշխատանքի է մեկնել ու համավարակի տարածումից հետո չի կարողանում Հայաստան վերադառնալ։

Այս ամիսների ընթացքում օգնելով քեռակնոջը՝ սովորել է փոքր երեխաների խնամել:

Հիմա արդեն իրարից տարբերում է այգու բոլոր պտղատու ծառերը, գիտի՝ երբ ու ինչքան պետք է ջրել, հողը փխրեցնել։

Տատիկն ու պապիկն էլ պատասխանատվություն են զգում, սահմանափակում են Աննայի տնից դուրս գալը, ավելի ուշադիր են վերաբերվում նրան, քանի որ ծնողներից հեռու է։

Աննան կարող էր Սանկտ Պետերբուրգ վերադառնալ հատուկ չվերթով, քանի որ Ռուսաստանի քաղաքացի է, բայց նախ տոմսերի արժեքը բարձր է, տոմս գնելու հնարավորություն չունի, հետո էլ՝ եթե գնար, «պարտված կլիներ» ծնողներին, ուսումնական տարին կիսատ թողած Ռուսաստան վերադառնալն իր սկզբունքներին դեմ է։

Հիմա էլ, երբ արդեն ավարտվել է ուսումնական տարին, ծնողներն ամեն անգամ զանգելիս հարցնում են, թե ե՞րբ է պատրաստվում վերադառնալ։

Աննան դեռ սպասում է, հուսով է, որ շուտով արտակարգ դրությունը կավարտվի, սահմանները կբացվեն ու կարիք չի լինի հատուկ չվերթով տուն վերադառնալ, իսկ մինչ այդ, ամառային արձակուրդները կանցկացնի Հայաստանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter