
Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է
Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է, որևէ խնդիր չկա: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
«Այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է: Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը: Որևէ խնդիր չենք նկատել»,- նշեց Վահրամ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով Տավուշի մարզում ստեղծված իրավիճակը՝ Պաշտպանության բանակը լրացուցիչ միջոցներ է կիրառում, որպեսզի վերահսկի հակառակորդի բոլոր տեղաշարժերը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով փորձել էին հատել Հայաստանի պետական սահմանը, սակայն Հայաստանի զինվաժ ուժերի կողմից ճնշվելուց հետո կորուստներ կրելով՝ հետ էին շպրտվել: Հուլիսի 12-ի երեկոյան Ադրբեջանի զինված ուժերն արդեն 82 մմ ականանատեից և տանկից սկսել են հրետակոծել հայկական դիրքերը:
Այդ օրվանից սկսած հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պարբերաբար լարվում է: Ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև խաղաղ բնակավայրերը, մասնավորապես Բերդ քաղաքը և Չինարի գյուղը: Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը՝ 5 վիրավոր:
Մեկնաբանել