
«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի կրկնակի չեմպիոն
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 28-րդ տուրի վճռորոշ խաղում «Արարատ-Արմենիան» 2:0 հաշվով հաղթեց «Նոային» և վաստակած 52 միավորով երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն: Նշենք, որ վերջին տուրից առաջ «Նոան» ընդամենը մեկ միավորով էր զիջում գործող չեմպիոնին և հաղթելու դեպքում կնվաճեր չեմպիոնական տիտղոսը, սակայն Վարդան Մինասյանի սաներն ավելի ուժեղ գտնվեցին:
Առաջին խաղակեսում «Արարատ-Արմենիան» կարողացավ երկու գնդակ ուղարկել «Նոայի» դարպասը: Նախ 16-րդ րոպեին աչքի ընկավ Ֆուրդջել Նարսինգը, իսկ խաղակեսի վերջում՝ 45-րդ րոպեին, Լուիս Օգանայի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո դիպուկ հարվածով մրցակցի դարպասը գրավեց Յուսուֆ Օտուբանջոն:
Երկրորդ կեսում «Նոայի» բոլոր ջանքերը խաղում բեկում մտցնելու համար ապարդյուն անցան, այլևս գոլեր չգրանցվեցին: Արդյունքում, «Արարատ-Արմենիան» այս հաղթանակի շնորհիվ կարողացավ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը:
Հիշեցնենք, որ այս երկու թիմերը հուլիսի 10-ին մրցում էին նաև Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում: Լարված և դիտարժան խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներում թիմերը 5-ական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասները, սակայն հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Նոան»:
Այսպիսով, նշենք, որ «Արարատ-Արմենիան» իր երկրորդ մրցաշրջանն էր անցկացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում և երկու տարում էլ իրեն հավասարը չունեցավ: Ինչպես արդեն նշեցինք, «Արարատ-Արմենիան» առաջնությունն ավարտեց 52 միավորով: «Նոան» 48 միավորով դարձավ փոխչեմպիոն, «Ալաշկերտը»՝ 47 միավորով եզրափակեց լավագույն եռյակը, իսկ «Շիրակը» 46 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հենց այս 4 թիմերն էլ Հայաստանը կներկայացնեն եվրագավաթային մրցաշարերում, «Արարատ-Արմենիան»՝ Չեմպիոնների լիգայում, իսկ մյուս երեքը՝ Եվրոպա լիգայում:
Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն՝ 23 գոլով:
Հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/21 թվականների առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 14-ին:
Մեկնաբանել