HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» կընդլայնվի և կավելացնի արտադրողականությունը, դրական եզրակացություն՝ փորձաքննական 12 պահանջով

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» ՓԲԸ-ն կընդլայնի իր տեղամասը և տարեկան 3,5 մլն տ տարեկան արտադրողականությունը կդարձնի 4,5 մլն տ։ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել կոմբինատի այդ նախագծին։

Կոմբինատի ընդլայնման նախագծով լրացուցիչ տարածքներ չեն խախտվելու, նախատեսվող սարքավորումները տեղադրվելու են գործող արտադրամասերի տարածքում։ Բացհանքի ընդլայնումն իրականացվելու է գոյություն ունեցող լեռնահատկացման սահմաններում, լրացուցիչ հողատարածքների խախտում չի նախատեսվում, սանիտարապաշտպանիչ գոտին մնում է անփոփոխ։ Մինչդեռ նախագծում նշվում էր, որ  լցակույտերի ընդլայնման արդյունքում օտարվելու է 22 հա նոր տարածք:

Բոլոր 3 պոչամբարների տարածքները ևս մնում են անփոփոխ։ Գործող պոչատարները և պոմպակայաններն ամբողջությամբ կապահովեն տարեկան 4,5 մլն տ նախատեսվող արտադրողականությունը։

Համաձայն փորձաքննության նախագծի եզրակացության տվյալների՝ ներկայումս 2-րդ և 3-րդ պոչամբարներն արդեն միացված են ջրի շրջանառու համակարգին, սակայն 1-ին՝ ամենամեծ («Դավազամի» անվամբ) պոչամբարի պարզվածքն անմիջապես թափվում է Արաքս գետ։ Կոմբինատի խտացման արտադրամասից պղնձի խտացուցչի պարզվածքը թափվում է Կարճևան գետ՝ Արաքսի հետ միացման կետից մոտ 50 մ հեռավորության վրա։ Վերազինման ներդրումային ծրագիրն, ըստ փուլերի ավարտեոլւց հետո, Ագարակի հարստացուցիչ ֆաբրիկան աշխատելու է լրիվ շրջանառու համակարգով։

Ֆաբրիկայի վերազինման համար նախատեսված ներդրումները գնահատվել են 16 մլն 840 հազար դոլար։

Ինչպես նշվում է եզրակացության մեջ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության փուլերում Մեղրի համայնքի Ագարակ բնակավայրում անցկացված հանրային քննարկումներում գործունեության իրականացումը մասնակիցների կողմից արժանացել է հավանության։ Նապագծային փաստաթղթերի վերաբերյալ փորձաքննական գործընթացում ստացվել են կարծիքներ՝ ՇՄ նախարարության ստորաբաժանումներից և պետական լիազոր մարմիններից՝ Առողջապահության, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի, Արտակարգ իրավիճակների նախարարություններից։ Ստացված կարծիքներով և փորձաքննության արդյունքում առաջացած դիտողություններով ու առաջարկություններով նախագիծը և ՇՄԱԳ հաշվետվությունը լրամշակվել է։

Դրական եզրակացության տալով՝ ՇՄ նախարարությունը փորձաքննական 12 պահանջ է առաջադրել Ագարակի կոմբինատին։ Մասնավորապես,

1․ մինչ գործունեության իրականացումը՝ ստանալ համապատասխան համաձայնեցումները և թույլտվությունները,

2․ապահովել ՇՄԱԳ-ում ամրագրված բնապահպանական միջոցառումների իրականացումը, իսկ դրանց չբավարարման դեպքում ներառել լրացուցիչ միջոցառումներ՝ պարտադիր կարգով պահպանելով բնապահպանական և շահագործման հետ կապված բոլոր նորմերը,

3․նախագծում նախատեսված ժամկետում, այն է՝ 2021թ․-ը, առաջնահերթ վերականգնել նախկինում գործող ջրի շրջանառու համակարգը՝ 1-ին պոչամբարից և այն միացնել 2-րդ և 3-րդ պոչամբարների արդեն կառուցված ջրի շրջանառու համակարգերին՝ որպես մեկ միասնական համակարգ,

4․ մինչև 1-ին՝ «Դավազամի» պոչամբարի պատնեշի բարձրացումը 920 նիշ, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել պոչամբարի ընդլայնման ՇՄԱԳ հաշվետվությունը և նախագիծը (պոչամբարի կայունության նոր հաշվարկով),

5․ բացահանքի ընդլայնման աշխատանքների 2-րդ փուլի համապատասխան փաստաթղթերը, մինչև իրականացումը, ներկայացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության,

6․ օգտակար հանածոյի արդյունահանման արդյունքում բոլոր խախտված հողերի (ճանապարհներ, արտադրաակն հրապարակներ, պոչամբարներ, պայթուցիկ նյութի պահեստ, մաքրման լճակ, երկրորդային պարզման լճակներ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և այլն) վերականգնաման՝ ռեկուլտիվացիոն աշխատանքների համապատասխան փաստաթղթերը ներկայացնել շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության,

7․ ջրօգտագործումն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով, ընկերության գործունեությամբ չխոչընդոտել Ագարակ, Կարճևան բնակավայրերի խմելու-կենցաղային և ոռոգման ջրամատակարարումները։ Նոր ջրօգտագործման թույլտվության ստացման համար ՇՄՆ ներկայացնել հայտ, որում կհստակեցվեն ջրառի քանակներն ըստ ջրային ռեսուրսների,

8․բացառել շրջանառու համակարգից և պոչամբարներից ջրի արտահոսքը բաց ավազան, ինչպես նաև Կարճևան և Արաքս գետեր,

9․ավտոհավաքակայանի կեղտաջրերի մաքրված հոսքաջրերում, նախագծային ցուցանիշներին համապատասխան, ջրի նորմատիվ որակը և աղտոտող նյութերի թույլատրելի կոնցենտրացիաները ապահովելուց հետո միայն օգտագործել ոռոգման նպատակով կամ հեռացնել Կարճևան գետ,

10․ ընկերությանը 2018թ․ օգոստոսի 10-ին տրված ջրօգտագործման թույլտվության պահանջի համաձայն՝ բոլոր ջրառի կետերն ապահովել ջրաչափական դիտակետերով և սահմանված կարգով կնքված ջրաչափերով,

11․ ՇՄՆ ներկայացնել ՇՄԱԳ հաշվետվությամբ ամրագրված շրջակա միջավայրի բաղադրիչների նկատմամբ մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն՝ ներառյալ եռամսյակային հաղորդումները,

12․ մինչև 2022թ․ մայիս ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը, իսկ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և ֆինանսական երաշխիքները։

Հիշեցնենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ակտիվն է և նույն սեփականատերերի ձեռքում է, ինչ Սոթքի ոսկու հանքավայրը: Երկու ռուս գործարարներ` Սիման Պովարենկինը և Ռոման Տրոցենկոն` համապատասխանաբար 50,5 և 48,2 % բաժնեմաս ունեն: 

Ագարակի ՊՄԿ-ն 2016-2017թթ. արտադրել է տարեկան 30 հազար տոննա պղինձ և 450 տոննա մոլիբդենի խտանյութ, որի արժեքը կազմել է ավելի քան 13 մլրդ դրամ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter