HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազները պնդեցին, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշումը կայացվել է օրենքի հիման վրա չստեղծված դատարանի կողմից

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, կազմով դատավորներ Նարինե Հովակիմյանի և Անդրանիկ Մնացականյանի, երեկ սկսվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կարճելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքի քննությունը։

Թեև բողոքը դատարան է ուղարկվել գլխավոր դատախազի անունից՝ նիստին ներկայացել էին Գլխավոր դատախազության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը և նույն վարչության ավագ դատախազ Վահե Դոլմազյանն, ով գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն է։

Գլխավոր դատախազը ծավալուն բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատական ակտն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Դատավոր Դավիթ Բալայանը պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Դավիթ Գրիգորյանի և նրան օժանդակելու մեջ մեղադրող Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց վերաբերյալ քրեական գործը կարճելու որոշում է կայացրել հունիսի 5-ին՝ գործի նախապատրաստական փուլում, այսինքն՝ այս գործով դատաքննություն չի նշանակվել։

Դատախազ Արսեն Մարտիրոսյանը բողոքը ներկայացնելիս նշեց, որ քրեական գործով առկա չի եղել դատական քննություն նշանակելու բացակայությունը վկայող օբյեկտիվ անհրաժեշտություն և Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված այնպիսի հանգամանքներ, որոնք հնարավորություն կտային դատարանին, առանց դատական քննություն նշանակելու, կայացնել գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, որ առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ արձանագրված հանգամանքների վերաբերյալ եզրահանգում կարող էր կատարել բացառապես հրապարակային դատական քննության պայմաններում՝ գործի նյութերը հետազոտելով։

Ըստ դատախազի՝ դատական քննության նախապատրաստական փուլում քրեական գործով վարույթը կարճելու և մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելիս դատարանը խախտել է մրցակցության սկզբունքը՝ արդյունքում մեղադրող դատախազին զրկելով դատարանին ինքնաբացարկ հայտնելու հնարավորությունից, իսկ ինքնաբացարկի հիմք, Մարտիրոսյանի խոսքով, եղել է։

Մասնավորապես՝ Արսեն Մարտիրոսյանը նշեց, որ նախագահող դատավոր Դավիթ Բալայանն ուղղակի կապի մեջ է գտնվել մեղադրյալ Գոռ Վարդանյանի հետ, վերջինս քննչական մարմիններում հայտնել է, որ աշխատում է Բալայանի աշխատակազմում։ Այս հանգամանքն, ըստ դատախազի ներկայացրած բողոքի, դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք է, և իրենք նախատեսում էին դատավոր Բալայանին ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն։

«Մինչդեռ, դատարանը, կայացված ակնհայտ ապօրինի որոշմամբ, մեղադրողին զրկել է այդ հնարավորությունից՝ արդյունքում խախտելով կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը»,- վերաքննիչ բողոքում գրել է գլխավոր դատախազը։

Դատավորի անկախության, անաչառության վերաբերյալ համապաատսխան իրավակարգավորումներ և իրավական դիրքորոշումներ վկայակոչելով՝ դատախազը նշեց, որ  դատավորի՝ գործով որպես կողմ հանդես եկող Գոռ Վարդանյանի հետ ուղղակի կապի մեջ գտնվելու հանգամանքն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած է հարուցում գործով նրա անաչառության վերաբերյալ։ Այլ կերպ, ըստ դատախազության, դատական ակտը կայացվել է օրենքի հիման վրա չստեղծված դատարանի կողմից, ինչը ինքնին այն բեկանելու հիմք է։

Դատավոր Դավիթ Բալայանը Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի գործը կարճելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մեջ նշել է, որ քրեական գործ հարուցելիս դատավորի անձեռնմխելիության արգելքը հաղթահարված չի եղել։

Ըստ դատախազի՝ առաջին ատյանի դատարանի պնդումներն առ այն, որ գլխավոր դատախազի կողմից քրեական գործը հարուցվել է առանց դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու, հետևաբար առանց օրինական հիմքի, վերջինիս ենթադրություններն են՝ հիմնված քրեադատավարական վերաբերելի նորմերի և դրանց մեկնաբանման կապակցությամբ Վճռաբեկ դատարանի որոշումների միակողմանի և ոչ համակարգային, սուբյեկտիվ մեկնաբանությունների վրա:

Արսեն Մարտիրոսյանը նշեց, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի մեկնաբանության տրամաբանությունն  այն է, որ յուրաքանչյուր կասկածի դեպքում պետք է քրեական գործ հարուցվի և յուրաքանչյուր դեպքում, երբ առկա տվյալների ներքին տրամաբանությունից կարելի է ենթադրել, որ քրեական գործ հարուցելու օրինական առիթ հանդիսացող հաղորդումը վերաբերում է դատավորին, Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր է համաձայնություն տալ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն ու իր որոշմամբ կասեցնի դատավորի լիազորությունները, ինչն անընդունելի է և անտրամաբանական։

Վճռաբեկ դատարանը 2011 թվականին դատավոր Լևիկ Պողոսյանի վերաբերյալ գործով արձանագրել է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին՝ որպես հանցանք կատարողի մատնանշելու պարագայում, նա իրավունք է ձեռք բերում օգտվելու որոշակի դատավարական երաշխիքներից, այդ թվում՝ պաշտպանության իրավունքից, այսինքն՝ եթե քրեական գործ հարուցելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական կամ եզրափակիչ մասերում առկա ձևակերպումներից ուղղակիորեն հետևում է, որ դատավորը կատարել է քրեորեն պատժելի արարք, ապա քրեական գործ հարուցելու մասին որոշումը ենթակա է դատական կարգով բողոքարկման:

Վճռաբեկը նաև արձանագրել է, որ վերը  նշված գործով քննիչի կողմից կայացված որոշման արդյունքում դատավոր Լևիկ Պողոսյանին, ըստ էության, քրեական մեղադրանք է առաջադրվել և արձանագրել, որ Հատուկ քննչական ծառայության կողմից չեն պահպանվել դատավորին մեղադրանք առաջադրելու սահմանադրական և օրենսդրական ընթացակարգերը, դատավոր Լևիկ Պողոսյանին քրեական մեղադրանք է առաջադրվել՝ առանց ՀՀ արդարադատության խորհրդի միջոցով ՀՀ նախագահի համաձայնությունը ստանալու, ինչի հետևանքով դատավորը փաստացի զրկվել է արդարադատություն իրականացնելու հնարավորությունից: Նշենք, որ այժմ «Արդարադատության խորհուրդ» գոյություն չունի, և  դրան փոխարինում է Բարձրագույն դատական խորհուրդը։

Վճռաբեկ դատարանի՝ վերը նշված դիրքորոշմանը հղում կատարելով՝ դատավոր Դավիթ Բալայանն իր որոշման մեջ գրել է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանին որպես ենթադրյալ հանցանք կատարած անձի մատնանշելը հանգեցրել է նրա իրավունքների և, հետևաբար, ողջ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության։

Դատախազությունը, սակայն, այս դիրքորոշման հետ համամիտ չէ։ Արսեն Մարտիորսյանը նշեց, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճառաբանական մասում Դավիթ Գրիգորյանի՝ որպես ենթադրյալ հանցանք կատարած անձի մասին նշումն ինքնին Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վկայություն չէ, հետևաբար հետագա վարույթի անօրինականության չի կարող հանգեցնել։

Դատախազը նշեց՝ նկատի ունենալով, որ Լևիկ Պողոսյանի վերաբերյալ գործով արտահայտած իրավական դիրքորոշումները գործնականում դատարանների կողմից տարաբնույթ ձևով են մեկնաբանվել ու կիրառվել, Վճռաբեկ դատարանը մեկ այլ՝ Ա. Կարապետյանի վերաբերյալ գործով զարգացրել է նախկինում արտահայտած իր դիրքորոշումը՝ փաստելով, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին՝ որպես հանցանք կատարողի մատնանշելն ինքնին չի հանգեցնի անձի իրավունքների խախտման, եթե վերջինս պատշաճ կարգով տեղեկացվում է պաշտպանության իրավունքի մասին, և նրա համար ապահովվում են դրա բովանդակությունը կազմող նվազագույն իրավունքների իրացման համար անհրաժեշտ դատավարական երաշխիքները։ Ըստ Արսեն Մարտիրոսյանի՝ տվյալ դեպքում վերը նշված երաշխիքներն ապահովվել են դատավոր Դավիթ Գրիգորյանի համար, և նա տեղեկացված է եղել պաշտպանության իրավունքի մասին։

Առաջին ատյանի դատարանը որոշման մեջ նշել է, որ դատական նիստի արձանագրությունը Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ (պաշտոնեական կեղծիք) հանցակազմի առարկա չի հանդիսանում։ Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը մեղադրվում է դատական նիստի արձանագրություն կեղծելու մեջ։

Մեջբերելով Վճռաբեկ դատարանի որոշումներից մեկը՝ դատախազը նշեց, որ դատական նիստի արձանագրությունը իր մեջ ներառում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր, իրադարձություններ, ունի համապատասխան ռեկվիզիտներ և գտնվում է նյութական կրիչի վրա։ Ինչ վերաբերում է ենթադրյալ կեղծ արձանագրության իրավաբանական հետևանքին, ապա, ըստ դատախազի՝ տվյալ դեպքում կազմված կեղծ արձանագրության իրավական հետևանքը արտահայտվում է նրանում, որ եթե վերադաս դատարանում պարզվեր դրա կեղծ լինելու փաստը, ապա այն անվերապահորեն կհանգեցներ կայացված դատական ակտի բեկանման։

«Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առարկայի կամայական, ոչնչով չփաստարկված հիմնավորումներով ակնհայտ անհիմն գտել է, որ Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի մեղադրանքի հիմքում դրված դատական նիստի արձանագրու­թյունները չեն հավաս­տում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր կամ իրադարձություն­ներ, քանի որ նիստերի հետաձգման բուն պատճառը չարձանագրելը և չկայացած նիստը մեկ այլ օր վերանշանակելը իրավաբա­նական նշանակություն ունեցող փաստ կամ իրադարձություն չէ, հետևաբար դրանք Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առարկա չեն կարող կազմել»,- ասաց Արսեն Մարտիրոսյանը։

Ըստ դատախազի՝ առաջին ատյանի դատարանը խեղաթյուրել է նաև Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի մեղադրանքի հիմքում դրված փաստերը․ դատական նիստերի արձանագրությունները կեղծ են ամբողջությամբ՝ իրենց բովանդակությամբ և կազմվել են փաստացի չկայացած դատական նիստերի վերաբերյալ։

«Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ընդամենը նիստերի հետաձգման պատճառի և վերանշանակման մասին է, ինչպես անհիմն նշել է դատարանը, այլ նախ՝ ընդհանրապես նիստ չի կայացել, կողմերը ծանուցված չեն եղել, որպիսի պայմաններում կազմվել է դատական նիստի վերաբերյալ կեղծ արձանագրություն այն մասին, որ կողմերի՝ նիստին չներկայանալու պատճառով այն հետաձգվել և վերանշանակվել է մեկ այլ օր»,- բողոքում նշել է գլխավոր դատախազը։

Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ նշել է, որ Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի մեղադրանքի ձևակերպում­ները անորոշ, անհստակ ու վերացական են, և դրանք թույլ չեն տալիս պատկերացում կազմելու նրանցից յուրաքանչյուրի, որ գործողություներն են հիմք հանդիսացել նրանց արարքներին նման քրեաիրա­վական որակում տալու համար։

Ըստ դատախազի՝ մեղադրանքի ձևակերպման, այլ կերպ ասած՝ դրա հստակ կամ անորոշ, վերացական կամ կոնկրետ լինելու հանգամանքներին դատարանը կարող էր անդրադառնալ բացառապես դատաքննության ընթացքում՝ կողմերի մասնակցությամբ մրցակցային պայմաններում, գործում առկա ապացույցները համակողմանի ստուգման և վերլուծության ենթարկելով, արդյունքում կայացնելով համապատասխան դատական ակտ, մինչդեռ, դատարանը հիշատակված դատավարության փուլի խնդիրների անտեսմամբ անդրադարձել է մեղադրյալներին մեղսագրված արարքների ձևակերպումներին, իրավական որակմանը՝ ակնհայտորեն դուրս գալով տվյալ փուլի խնդիրների շրջանակից։ Դատախազը նաև նշեց, որ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները հստակ են, և դրանցում արտացոլվել են Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տարրերը բնութագրող բոլոր պարտադիր հատկանիշները։

Առաջին ատյանի դատարանը նաև նշել է, որ մեղադրյալների արարքը ձևականորեն է պարունա­կում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ։ Դատախազը, Քրեական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի, Սահմանադրության, Դատական օրենսգրքի համապատասխան նորմեր մատնանշելով՝ ասաց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանին և դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին մեղսագրված արարքների կատարումն ուղղակիորեն կապված է Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնող մարմնի՝ դատական իշխանության հետ, և դատարանի լիազորություններն իրականացնող անձի և այդ լիազորություններն իրականացնելիս դատարանի կազմի մեջ մտնող սուբյեկտի՝ դատական նիստի քարտուղարի կողմից պաշտոնեական կեղծիքների կատարմանն օժանդակելը հանրության համար վտանգավոր է և  ոչ թե ձևական, այլ բովանդակային առումով պարունակում է Քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության բոլոր հատկանիշները:

Ըստ դատախազի՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների վտանգավորությունը գնահատելիս էական նշանակություն ունի նաև հանցանքը ենթադրաբար կատարած սուբյեկտի զբաղեցրած դիրքը: Արդարադատություն իրականացնող պաշտոնատար անձը Սահմանադրական նման բարձր առաքելություն իրականացնելիս օժտված է բացառիկ լիազորություն­ներով, երաշխիքներով և, համապատասխանաբար, բարձր պատասխանատվությամբ։

Վերը նշվածն ամփոփելով՝ դատախազը միջնորդեց առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Դատավորների հարցերը դատախազներին

Բողոքը ներկայացնելուց հետո դատավորները հարցեր ուղղեցին դատախազներին։

Մասնավորապես՝ նրանցից Անդրանիկ Մնացականյանը հետաքրքրվեց՝ եթե դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքեր են եղել, ապա ինչո՞ւ դատախազությունը գործի նախապատրաստական փուլում ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացրել դատարան, այլ ակնկալել է, որ վերջինս սեփական նախաձեռնությամբ պետք է ինքնաբացարկ հայտնի։

Արսեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ մեղադրողի իրավասությունն է որոշել, թե երբ դատավորին ինքնաբացարկ հայտնի։ Ըստ դատախազի՝ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, առկա են եղել բոլոր անհրաժեշտ հիմքերը՝ գործը դատական քննության նշանակելու համար, բայց իրենց համար անհասկանալի պայմաններում դատարանը նման որոշում չի կայացրել։ Նիստ նշանակված լինելու պայմաններում, ըստ Արսեն Մարտիրոսյանի, մեղադրող դատախազը ինքնաբացարկի միջնորդություն պետք է ներկայացներ դատավորին։

Անդրանիկ Մնացականյանը նշեց, որ գործի նախապատրաստական փուլում կարող էր և դատաքննության նշանակելու մասին որոշում չկայացնել, ինչը, փաստորեն, այս դեպքում եղել է, և դատավորը որոշել է կարճել գործի վարույթը։

Արսեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ գործի նախապատրաստական փուլում, դատախազությունն, ըստ էության, հնարավորություն չուներ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու, որովհետև այդ փուլում դատարանը միանձնյա, առանց կողմերի մասնակցության հետազոտում է քրեական գործում առկա ապացույցները և կայացնում որոշում։

Անդրանիկ Մնացականյանը հարցրեց, թե արդյոք դատախազությունը տեղյակ եղե՞լ է, որ գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին, ինչին ի պատասխան Մարտիրոսյանն ասաց, որ տեղյակ են եղել։

Դատավոր Սևակ Համբարձումյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ է դատախազությունը տեղեկացվել դատավոր Դավիթ Բալայանի կողմից գործը վարույթ ընդունելու մասին։ Դատախազ Վահե Դոլմազյանը նշեց, որ մինչև քրեական գործը կարճելու մասին որոշումը դատախազությունն այդ մասին տեղյակ չի եղել, չի ծանուցվել։ Վահե Դոլմազյանը նշեց, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելիս իրենց համար պարզ է դարձել, որ գործը վարույթ ընդունելու մասին դատարանը պաշտպանության կողմին հայտնել է։ Դատավոր Սևակ Համբարձումյանը նշեց, որ գուցե օրենքի բաց է, բայց օրենքը դատավորի վրա պարտականություն է դրել պաշտպանական կողմին տեղյակ պահել գործը վարույթ ընդունելու որոշման մասին, իսկ մեղադրող կողմին այս մասին տեղյակ պահելու պարտականություն դատարանը չունի։

Ինչպես արդեն վերը նշել ենք, դատավոր Դավիթ Բալայանին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն, ըստ դատախազության, այն է, որ ամբաստանյալ Գոռ Վարդանյանը եղել է նրա նիստերի քարտուղարը։ Անդրանիկ Մնացականյանը փորձեց հստակեցնել՝ այսինքն՝ ամբաստանյալի հետ որոշակի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքով դատավորը կաշկանդվա՞ծ է նրա վերաբերյալ որոշում կայացնելիս, Արսեն Մարտիրոսյանը դրական պատասխան տվեց։

Դատավոր Նարինե Հովակիմյանը նշեց, որ դատական նիստերի քարտուղարները դատարանի աշխատակազմում ընդգրկված աշխատակիցներ են և պարտավոր են սպասարկել տվյալ դատարանի բոլոր դատավորներին, իսկ դատարանին կցված աշխատակիցներ համարվում են միայն նրա գործավարն ու օգնականը։ Հովակիմյանը նշեց, որ անգամ նիստերի քարտուղարի՝ արձակուրդ գնալ-չգնալու վերաբերյալ հարցը չի լուծվում դատարանի կողմից, եթե դատարանի նիստերի քարտուղարը ինչ-որ պատճառով բացակայում է, ապա դատարանը դիմում է տվյալ դատարանի աշխատակազմի ղեկավարին՝ որևէ քարտուղարի մասնակցությունն ապահովելու համար։

«Ձեր փաստարկը կարող էր ողջամիտ լինել, եթե խոսքը դատավորի գործավարի կամ օգնականի մասին լիներ, սակայն նիստերի քարտուղարը «մեր աշխատողը չէ»,- ասաց Նարինե Հովակիմյանը։

Արսեն Մարտիրոսյանը նշեց, որ ծառայողական ենթակայությունը տվյալ դեպքում որևէ նշանակություն ունենալ չի կարող, և եթե դատավորը ամեն օր առնչվում է նիստերի քարտուղարի հետ, ապա նա կաշկանդվածություն ունի՝ կապված այդ անձի հետ։ Դատախազ Վահե Դոլմազյանն էլ դիտարկեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝ դատավորները հաճախ ավելի շատ կապի մեջ են լինում դատական նիստերի քարտուղարի, քան օգնականի կամ գործավարի հետ։

Անդրանիկ Մնացականյանը, հղում կատարելով Ա․ Կարապետյանի և Լևիկ Պողոսյանի գործերով Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներին, և դրանց վերաբերյալ դատավոր Դավիթ Բալայանի հայտնած դիրքորոշմանը, նշեց, որ Լևիկ Պողոսյանը, ինչպես նաև Դավիթ Գրիգորյանը անձեռնմխելությամբ են օժտված եղել՝ ի տարբերություն Ա․ Կարապետյանի։ Արսեն Մարտիրոսյանը նշեց, որ Լևիկ Պողոսյանի վերաբերյալ իրավական դիրքորոշում հայտնելիս Վճռաբեկ դատարանը չի նշել, թե խոսքը կոնկրետ դատավորի մասին է, պարզապես քննարկման առարկա է դարձրել հանգամանքը՝ քրեական գործ հարուցելու որոշման մեջ անձի մասին տեղեկություններ նշելը արդյոք հանգեցնո՞ւմ է նրա իրավունքների խախտման, իսկ հետագայում, Ա․ Կարապետյանի վերաբերյալ գործով, զարգացրել իր հայտնած իրավական դիրքորոշումն ու նշել, որ եթե քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին՝ որպես հանցանք կատարողի մատնանշելն ինքնին չի հանգեցնի անձի իրավունքների խախտման, եթե վերջինս պատշաճ կարգով տեղեկացվում է պաշտպանության իրավունքի մասին, և նրա համար ապահովվում են դրա բովանդակությունը կազմող նվազագույն իրավունքների իրացման համար անհրաժեշտ դատավարական երաշխիքները։ Այսինքն՝ ըստ դատախազ Մարտիրոսյանի՝ կապ չունի տվյալ դեպքում անձը դատավոր է, թե ոչ։ Արսեն Մարտիրոսյանը նշեց, որ եթե իրենք խախտած լինեին Դավիթ Գրիգորյանի իրավունքը, ապա ԲԴԽ-ն նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ համաձայնություն չէր տա։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը, քրեական գործի նախաքննության ընթացքում, քննության առնելով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու որոշման դեմ բողոքը՝ այն բավարարել է, բեկանել խուզարկության թույլտվության վերաբերյալ որոշումը՝ արձանագրելով, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում, այդ թվում նաև՝ բովանդակային (գործնական) իմաստով, իրականացնելու համար վարույթն իրականացնող մարմնի համար պարտադիր է Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը, ինչը, սակայն, ստացված չի եղել:

Գլխավոր դատախազն այս որոշման դեմ վճռաբեկ բողոք է տարել, որում նշել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի նման տրամաբանությունը դեռևս կատարվելիք նախաքննության փուլում քրեական գործը կտանի փակուղի, քրեական գործով վարույթի բացառման։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազի բողոքը։ Այս հանգամանքին անդրադառնալով՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դիտարկել է, որ չնայած դատախազը վճռաբեկ բողոքում նշել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի կայացված որոշման տրամաբանությամբ գործը փակուղի կմտնի, բայց, փաստորեն, գործով մեղադրական եզրակացություն է կազմվել, ու այն ուղարկել դատարան։ Դատավոր Անդրանիկ Մնացականյանը հարցրեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ գործը փակուղի չի մտել։

Արսեն Մարտիրոսյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի կողմից Ա․ Կարապետյանի վերաբերյալ որոշումը վճռաբեկ բողոք ներկայացնելու պահի դրությամբ դեռևս կայացված չի եղել, իսկ այդ որոշման լույսի ներքո արդեն իրավիճակը փոխվում է։

Անդրանիկ Մնացականյանը նաև հարցրեց՝ ըստ դատախազների, եթե առաջին ատյանի դատարանը գործի նախապատրաստական փուլում անդրադառնար միայն դատավորի անձեռնմխելիության հարցին, կարո՞ղ էր առանց դատաքննություն նշանակելու քրեական գործի վարույթը կարճելու որոշում կայացնել, անկախ նրանից՝ իրենք այդ որոշման բովանդակության հետ համամիտ են, թե՞ ոչ։ Արսեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ եթե անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու հանգամանքն ակնհայտ լիներ, ապա դատարանն, այո, կարող էր նման որոշում կայացնել։

Հաջորդ դատական նիստի ընթացքում Դավիթ Գրիգորյանի, Գոռ Վարդանյանի պաշտպաները կներկայացնեն բողոքի պատասխանը։ Այսօր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը միայն կարճ հայտարարություն արեց այն մասին, որ գլխավոր դատախազը առնվազն 2020 թվականի մայիսի 23-ից պաշոնապես տեղյակ է եղել, որ դատավոր Դավիթ Բալայանը վարույթ է ընդունել քրեական գործը։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 13-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter