
Կես տարվա ընդմիջումից հետո վերականգնվել է «Սթրես» կենտրոնի պետպատվերը
«Արթմեդ» բժշկական կենտրոնն այսօր հայտնել է, որ «Սթրես» հոգեկան առողջության կենտրոնում մարդիկ կրկին կարող են բուժում ստանալ պետպատվերի շրջանակում. «Կենտրոնը հոգեկան առողջության բացառիկ բաժանմունք է, որտեղ բուժվելուն նախապատվություն են տալիս հարյուրավոր պացիենտներ»։
Արդեն երեկ առողջապահության նախարարությունը բուժկենտրոնին փոխանցել է պետպատվերի գումարը։
Դեռևս ապրիլին «Հետք»-ն անդրադարձել էր «Սթրես» կենտրոնի՝ պետպատվերից զրկվելու հարցին. հոգեկան առողջության վերականգնման կենտրոնի մոտ 350 շահառու այս տարվա հունվարից զրկվել էին կենտրոնում պետպատվերով բուժում ստանալու հնարավորությունից․ նրանց բոլորին Առողջապահության նախարարությունն ուղղորդել էր «Ավան հոգեկան առողջության կենտրոն» և Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»։
Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը մայիսի 26-ին «Հետք»-ին հայտնել էր, որ ԱՆ-ն ուսումնասիրել է հոգեկան առողջության խնդիր ունեցող, խնամքի ծառայություններ մատուցող, բժշկական սպասարկում իրականացնող կազմակերպությունների ծառայությունները և որոշել, որ չի տրամադրի պետպատվեր «Սթրես» կենտրոնին՝ առավել «նպատակային, որակյալ և արդյունավետ հոգեբուժական բժշկական օգնություն» կազմակերպելով «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ում և «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ընկերություններում։
«Մայիսի 26-ին ընդունված որոշումից հետո նորից քննարկում եղավ և որոշվեց, որ մինչ տարեվերջ պետպատվերը կհատկացնենք բուժկենտրոնին, դրանից հետո պետպատվերի հարցը նորից կքննարկենք։ Քանի որ դեռևս որևէ այլ հիմնարկում ընթացիկ չեն կարողանում ընդունել այդ հիվանդներին, մինչ տարեվերջ դա կարվի «Արթմեդ» ԲԿ-ում, մինչ բաժանմուքներ կբացենք, կծավալվենք, կկարողանանք բոլորին ընդունել»-«Հետք»-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը։
Ըստ նրա՝ «Արթմեդ» ԲԿ-ին հատկացվելիք պետպատվերը միջանկյալ լուծում է համարում։ Ասում է՝ Առողջապահայության նախարարությունը զուգահեռաբար գործընթացներ կկազմակերպի՝ մյուս տարիներին այդ շահառուների բուժումը պետական բուժկենտրոններում կազմակերպելու համար։
Դեռևս մայիս ամսին մենք հարցում էինք ուղարկել ԱՆ-ի ենթակայության տակ գտնվող այս երկու հաստատություններին՝ խնդրելով հայտնել՝ արդյոք մինչ օրս «Սթրես» կենտրոնում բուժվողներից որևէ մեկը դիմել է իրենց։
Հունիսի 15-ին ԱՆ-ից մեզ հայտնել էին, որ «Սթրես կենտրոնում նախկինում բուժօգնություն ստացող որևէ քաղաքացի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ չի դիմել, իսկ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում նմանատիպ վիճակագրություն չի իրականացվել»՝ դարձյալ նշելով, որ պետպատվեր կենտրոնին չի տրամադրվելու։
Նշենք, որ նախկինում «Սթրես» կենտրոնը գտնվում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ և ստանում էր պետպատվեր։ 2020թ.-ից ծրագիրը փոխանցվել է Առողջապահության նախարարությանը։ Վերջինիս ստեղծած հանձնաժողովն ուսումնասիրություն էր կատարել՝ վերանայելով պետպատվերի հատկացման անհրաժեշտությունը:
Տես նաև՝
-
«Բուժումս ուշացել է, անասելի գլխացավեր ունեմ». 350-ից ավելի մարդ սպասում է Առողջապահության նախարարության որոշմանը
-
«Սթրես» կենտրոնը չի ստանա պետպատվեր․ բուժվողներին ուղղորդել են հոգեկան առողջության կենտրոններ
Մեկնաբանել