HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչպես է կորոնավիրուսն ազդել «Զվարթնոց» օդանավակայանով կատարվող փոխադրումների վրա

Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը Հայաստանի 2 միջազգային օդանավակայանների՝ Երեւանի «Զվարթնոցի» եւ Գյումրու «Շիրակի» վրա շատ մեծ է: Ապրիլին անդրադարձել էինք, թե ինչպես են համավարակն ու դրանով պայմանավորված թռիչքների խիստ նվազումը ազդել հայկական օդանավակայանների արտադրական ցուցանիշների վրա:

Եթե կարճ նկարագրենք, ապա պիտի ասենք, որ հունվար-փետրվար ամիսներին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճ է եղել, բայց մարտին, երբ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, եւ շատ ավիաընկերություններ դադարեցրին իրենց թռիչքները դեպի մեր երկիր, «Զվարթնոցի» ու «Շիրակի» թվերը կտրուկ անկում ապրեցին:  

Ինչպես եւ կանխատեսել էինք, ցուցանիշների անկումը շարունակվել է նաեւ առաջին եռամսյակից հետո: Ներկայացնենք ՀՀ քաղավիացիայի կոմիտեի պաշտոնական տվյալները:

Ստորեւ երեւում է, թե ինչպես է «Զվարթնոցի» ծառայություններից օգտված ուղեւորների թիվը 2020 թ. անցած ամիսներին գահավիժել ցած՝ ապրիլին հասնելով 5371-ի: Հասկանալի է, որ այս պատկերը կշարունակվի այնքան, քանի դեռ ուղեւորափոխադրումների շուկան ուշքի չի եկել համավարակի ծանր հարվածից:

Passengers: EVN (06.2014-06.2020)
Infogram

Այս տարվա հունվար-հունիս ամիսների կտրվածքով «Զվարթնոցը» սպասարկել է (ընդունել եւ ճանապարհել է) 554.289 ուղեւորի, այնինչ 2019-ի առաջին կիսամյակում այդ թիվը 1.252.441 էր, այսինքն՝ մարդկանց հոսքը Հայաստանի գլխավոր օդային դարպասներում նվազել է ավելի քան 2 անգամ:

Իրենց հերթին բեռնափոխադրումները հունվար-մարտ ամիսներին ընթացել են սովորական հունով, բայց ապրիլին կտրուկ նվազել են: Ուղեւորափոխադրման սեգեմենտի պես այս ոլորտում եւս թվերը մայիսից սկսել են քիչ-քիչ աճել, բայց դեռ շատ հեռու են վերջին տարիների միջին ցուցանիշներից:      

Cargo (t): EVN (06.2014-06.2020)
Infogram

Եթե 2019-ի առաջին կիսամյակում «Զվարթնոցով» առաքվել եւ ներմուծվել էր ընդհանուր 7741 տ բեռ, ապա այս տարվա առաջին 6 ամիսներին այդ ցուցանիշը 6623 տ է:

Հասկանալի է, որ թե՛ ուղեւորների, թե՛ բեռների ծավալների նվազման գլխավոր պատճառն այս դեպքում թռիչքների նվազումն է:

Ստորեւ կարելի է տեսնել, թե այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ որոշակի աճից հետո որքան քիչ են եղել թռիչք-վայրէջքները «Զվարթնոցում» մարտ-հունիս ամիսներին (քաղավիացիայի կոմիտեն 1 թռիչքն ու 1 վայրէջքը հաշվում է որպես 1 թռիչք-վայրէջք):

EVN Flights: 06.2018-06.2020
Infogram

Ընդհանուր առմամբ, 2020 թ. առաջին կիսամյակում «Զվարթնոցում» կատարվել է 3094 թռիչք-վայրէջք, այնինչ, օրինակ, 2019-ին այդ թիվը եղել է 5488, այսինքն՝ 1,8 անգամ ավելի շատ:

Հաջորդ հոդվածում կանդրադառնանք Գյումրու «Շիրակի» ցուցանիշներին: Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանը շատ ավելի վատ վիճակում է հայտնվել:    

Լուսանկարը՝ zvartnots.aero-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter