HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Մենք մեր բանակով հպարտանում ենք, բայց զինվորների թիկունքում պետք է երեխաներ ու ընտանիքներ ապրեն»,-ասում է Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենը

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 19-ի իջևանյան ասուլիսում հայտարարեց, որ տվել է հանձնարարականներ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ուսումնական հաստատությունների պատշաճ ապաստարանային ապահովվածության վերաբերյալ: Այս առնչությամբ զրուցեցինք սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի տնօրեն Նաիրա Պապյանի հետ:

Դպրոցի տնօրենը ողջունեց նախարարի այցը` ասելով, որ այս կերպ նախարարությունը ցույց է տալիս իր աջակցությունը սահմանամերձ համայնքներին: Պապյանի խոսքով` նախարարը դիտարկել է դպրոցի  ապաստարանները, տվել համապատասխան ցուցումներ:

«Նախարարի մտահոգությունն էր, թե արդյոք կարող ենք մենք ապահովել երեխաների անվտանգությունը թե' այս համավարակի պատճառով, թե' կրակոցների` սեպտեմբերի մեկին դասերը վերսկսելու համար: Նախարարին խիստ հուզում էր այդ հարցը, և նա ուզում էր իր աչքերով տեսնել, հասկանալ` մենք կարող ենք ապահովել երեխաների անվտանգությունը, թե ոչ: Նախարարի մեծ ցանկությունը նկատեցի` սեպտեմբերի մեկին դպրոցները վերաբացելու»,-ասում է Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենը:

Պապյանն ընդգծեց` համայնքում բոլորը համախմբված են, խուճապ չկա, համայնքը լքելու մտադրություն որևէ մեկի մոտ չկա:

Ապա ժպիտով հավելեց, որ Ներքին Կարմիրաղբյուրում, անկախ տարիքից ու սեռից, ուսումնասիրում են զինված ուժերի խոցած անօթաչու թռչող սարքերի տեսակները, ասում է` նախորդ զինատեսակների մասին արդեն ամեն ինչ ուսումնասիրել էին, վերջին օրերինը նորություն էր: Պապյանն ասում է` հնարավորության սահմանում դպրոցը ներառում են տարբեր կրթական ծրագրերում և փորձում ամեն ինչ անել, որ երեխաներն ավելի լավ կրթություն ստանան ու մրցունակ մասնագետ դառնան:

«Ես ուզում եմ, որ մեր սահմանի երկայնքով երեխաները շատ լինեն, ճիշտ է, մենք մեր բանակով հպարտանում ենք, բայց զինվորների թիկունքում պետք է երեխաներ ու ընտանիքներ ապրեն. այդպես է սահմանն ամրանալու: Երեխաները, որոնք ապրում են զինվորների թիկունքում, ուժ ու կորով են տալիս նրանց»,-ասում է Նաիրա Պապյանը:

Սահմանամերձ համայնքի դպրոցի տնօրենը պնդում է` այն դաստիարակությամբ են երեխաներին կրթում, որ լավ մասնագետ դառնալուց հետո վերադառնան ծննդավայր:

«Լավ բժիշկ ես ուզում դառնալ, դարձիր, բայց էստեղ ներկայացիր, մի կայանա քաղաքում, քաղաքը գյուղ բեր, գյուղը մի տար քաղաք… Ինչ քայլ էլ անեն, որքանն էլ վերադառնան, էստեղ բոլորը պայքարող են, որևէ մեկը ձեռքները ծալած չի նստում»,-ասաց նա:

Պապյանը նաև հայտնեց, որ համայնքում մանկավարժների լավ թիմ է հավաքվել, համագործակցում են նաև «Դասավանդիր Հայաստան» ծրագրի հետ, մանկավարժներ ունեն Երևանից, Վանաձորից, վերջիններս անում են հնարավորը` համայնքը որակյալ կրթությամբ ապահովելու համար:

«Երբ իմանում են Ներքին Կարմիրաղբյուրում են աշխատելու, հրաժարվում են շատ ավելի բարձր պայմաններով աշխատանքից, գալիս են էստեղ ու հաճույքով են աշխատում»,-եզրափակեց Պապյանը:

Լուսանկարը` Նաիրա Պապյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter