
Դատարանը մերժել է սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը
Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, քիչ առաջ մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը դատավորին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին «Հետք»-ին ասաց Կուբանյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Արա Կուբանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Նույն գործով անցնում է նաև սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը։ Վերջինս այսօր կալանավորվել է։ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։ Երկու դատավորներն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։ Ազգային անվտանգության ծառայությունից այսօր առավոտյան «Հետք»-ի հետ զրույցում դատավորներին առնչվող գործի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնել՝ նշելով, թե հաղորդագրություն կտարածեն, սակայն մինչև այս պահը դեռևս որևէ հաղորդագրություն չի տարածվել։
Դատավոր Աննա Մաթևոսյանի լուսանկարը՝ helpcourt.am կայքից
Մեկնաբանել