
Կորոնավիրուսը «փակել է» Գյումրու «Շիրակ» օդանավակայանը
Կորոնավիրուսի հետեւանքով Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Գյումրու «Շիրակը», հայտնվել է ծանր վիճակում: Բավական է ասել, որ Հայաստանում մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարվելուց հետո՝ ապրիլ-հունիս ամիսներին, «Շիրակից» ուղեւորներ չեն օգտվել: Եվ չէին էլ կարող, քանի որ այդ 3 ամիսներին ընդամենը 1 չվերթ է եղել այստեղ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղավիացիայի կոմիտեի հրապարակած վիճակագրությունից:
Ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայում երեւում է, որ հունվար-փետրվար ամիսներին ուղեւորահոսքի թվերը վերջին երեք տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշներին համահունչ են եղել, բայց մարտին ուղեւորների քանակը կտրուկ նվազել է, իսկ ապրիլ-հունիսին օդանավակայանը փաստացի պարապուրդի մեջ է եղել:
Համեմատության համար նշենք, որ եթե այս տարվա առաջին կիսամյակում «Շիրակն» սպասարկել է 27.533 ուղեւորի, ապա անցյալ տարվա նույն հատվածում այդ թիվը եղել է 2,5 անգամ շատ՝ 68.175 հոգի:
Անցած 6 ամիսներին «Շիրակում» բեռնափոխադրում չի կատարվել: Որքան էլ վատ հնչի, սա սովորական երեւույթ է Գյումրու օդանավակայանի պարագայում, որի միջոցով 2019-ի ամբողջ ընթացքում եւս բեռ եւ փոստ չի առաքվել ու ներմուծվել: Անցյալ տարի կառավարությունը որոշել էր Գյումրիում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) հիմնել: ԱՏԳ-ն գործառնական տեսակով լինելու է լոգիստիկ եւ արտադրական: Այստեղ կարեւոր դեր է վերապահված «Շիրակ» օդանավակայանին, որի միջոցով նախատեսվում են մեծածավալ բեռնափոխադրումներ: Առայժմ սա միակ հույսն է, որ Գյումրու օդային դարպասներում կաշխուժանա բեռնափոխադրումը:
Ինչպես ասվեց, ապրիլ-հունիսին «Շիրակում» միայն 1 չվերթ է եղել (դատելով վիճակագրությունից՝ ուղեւորներ չեն տեղափոխվել): Այս տարվա հունվար-փետրվարին օդանավակայանում ավելի շատ թռիչք-վայրէջքներ են կատարվել, քան նախորդ երկու տարիներին, բայց մարտից իր բացասական ազդեցությունն են թողել համավարակն ու հայտարարված արտակարգ դրությունը՝ չվերթների թիվը հասցնելով 0-ի:
2020 թ. հունվար-հունիս ամիսներին «Շիրակում» կատարվել է 90 թռիչք-վայրէջք, իսկ 2019 թ. նույն ժամանակահատվածում՝ 200:
Թռիչքների առումով «Շիրակի» «դժբախտությունն» այն է, որ կախված է մեկ օպերատորից՝ ռուսական «Պոբեդայից», որը մարտից դադարեցրել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա թռիչքները: Չնայած նախկինում հայտարարվել էր, որ Գյումրուց դեպի Եվրոպա թռիչքներ է իրականացնելու նաեւ իռլանդական «Ryanair» բյուջետային ավիաընկերությունը, հասկանալի է, որ կորոնավիրուսի համավարակը արդեն խառնել եւ դեռ խառնելու է գրեթե բոլոր ավիաընկերությունների ծրագրերը:
Մեկնաբանել