
«Ի՞նչ վատ խոպան ա». Հովհաննեսը Դարանակում ծիրան, ընկույզ, կեռաս ու բալ է աճեցնում
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Դարանակ բնակավայրում շրջելիս փողոցներում մարդ չտեսանք: Առաջին պատահած դուռը թակելով՝ ցանկանում էինք զրուցել գյուղացիների հետ: Տան տերերը ներս հրավիրեցին և հենց դարպասի մոտ հյուրասիրեցին իրենց այգու ծիրանը: Քիչ հեռվում թութն էր արևի շողերի տակ նոր-նոր սևանում, ծառերի վրա շողում էին կեռասն ու բալը:
«Պոպոք, պնդուկ էլ ունենք, ամեն ինչ աճում է»,- մեր զարմանքը փարատելով՝ ասաց տան բնակիչ Հովհաննեսը:
Հովհաննես Խաչատրյանն արդեն 7 տարի է՝ անցել է զինվորական թոշակի: Նախկին զինվորականն այժմ ընտանիքի հետ գյուղատնտեսությամբ է զբաղվում Դարանակում:
Դարանակը Գեղարքունիքի մարզի ամենատաք բնակավայրերից է՝ մեղմ ձմեռներով: Դարանակ բնակավայրը հիմնադրվել է 1922թ., որտեղ բնակվել են հարևան Փամբակ գյուղից տեղափոխվածները: Այն 1990թ.-ին է վերանվանվել Դարանակ, նախկին անվանումը՝ Դարա: 1988-1989թթ. համայնքը վերաբնակեցվել է Ադրբեջանի տարբեր համայնքներից Հայաստան բռնագաղթած փախստականներով:
Հովհաննեսը սեփական տուն, հողամասեր ունի խոշորացված համայնքի մեկ այլ բնակավայրում՝ Գեղամասարում, որը Դարանակից հեռու է ընդամենը 12 կմ: Սակայն, այնտեղ գյուղատնտեսությամբ զբաղվելը եկամտաբեր չէ, ինչի պատճառով էլ Հովհաննեսն ընտանիքի հետ տեղափոխվել է Դարանակ և ժամանակավոր բնակություն հաստատել արտերկրում գտնվող գյուղացիներից մեկի տանը: Արդեն 4 տարի Դարանակում է և այդ ընթացքում հասցրել է գյուղատնտեսության մեջ հաջողություններ գրանցել:
Նախկինում անասնապահությամբ չի զբաղվել, հողի հետ գործ չի ունեցել, այժմ ունի 9 գլուխ կով, 30 ոչխար, սագեր, բադեր, խոզեր, ձիեր: Տան հարևանությամբ նաև արհեստական լճակներ ունի, որտեղ ձուկ է պահում:
Հովհաննեսը զինվորական ծառայությունը թողնելուց երկու տարի առաջ սկսել է հող մշակել: Սկզբում գարի ու ցորեն է ցանել: Ասում է՝ ցանկացել է «ստուգել» իր հմտությունները գյուղատնտեսության մեջ, որպեսզի թոշակի անցնելուց հետո պատկերացնի իր անելիքները: Նկատելով, որ «գլուխ է հանում», մշակվող հողերի մակերեսը մեծացրել է: Այնուհետև սկսել է մի քանի գլուխ ոչխար, այծ պահել: Հաջողությունից ոգևորված՝ ձեռք է բերել նաև խոշոր եղջերավոր անասուններ ու աստիճանաբար գլխաքանակն ավելացրել:
Հովհաննեսը վստահեցնում է, որ գյուղատնտեսությամբ հնարավոր է ապրել: Նա չի հասկանում այն մարդկանց, ովքեր, ապրելով գյուղում, չեն կարողանում ընտանիք պահել և նախընտրում են արտագնա աշխատանքը:
«Որ գնում ես խոպան աշխատելու, վրեդ մուննաթ են գալիս, կարող է մի հատ էլ քացով խփեն, գումարդ չտան: Այստեղ մի 5 հատ կով պահես՝ կապրես: Աշխատող մարդու համար դժվարություն չկա, եթե աշխատող ես, ամեն ինչ կստեղծես»,- ասում է Հովհաննեսը և հավելում, որ հատկապես Գեղարքունիքի մարզը հարուստ է արոտավայրերով, ինչը հեշտացնում է անասնապահությունը:
Կաթի մթերման դժվարություն Դարանակում չունեն: Ամեն օր կաթի մթերման ավտոմեքենան գալիս է գյուղ, կաթը տանում է, գումարն էլ վճարում են 15 օրը մեկ անգամ: Մթերման գինը կախված է կաթի յուղայնությունից: Մեկ լիտր կաթը մթերում են 120-200 դրամով, ինչից դժգոհ չեն, քանի որ իրենց տարածքում կաթի յուղայնությունը բարձր է:
Դարանակցիները դժվարություն ունեն մրգի իրացման հարցում: Քանի որ չեն կարողանում վաճառել, ստիպված մրգերից օղի են թորում: Զրույցի պահին զանգահարեցին, որպեսզի Հովհաննեսից բալ գնեն: Ասաց, որ այս տարի թեև քիչ քանակությամբ է վաճառվում, սակայն նախորդ տարվա համեմատ բալի գինը բարձր է՝ 300 դրամ նախորդ տարվա 100-ի փոխարեն:
Դարանակում Հովհաննեսը նոր հող է գնել և ցանկանում է մեծ այգի հիմնել՝ ծիրանի, բալի, կեռասի, ընկույզի տնկիներով: Եթե խանգարող հանգամանքներ չլինեն, աշնանը կսկսի այգու հիմնման աշխատանքները:
«Մանկության ընկերներ ունեմ, որ գնում են խոպան, բրիգադ են տանում, բայց ամեն անգամ բողոքում են: Սեզոնին 3-4 հազար դոլար փող են բերում, իսկ ես անասունով կրկնակի եմ առնում: Ընդեղ առավոտից իրիկուն տանջվում են, ընտանիքից, էրեխեքից հեռու են, բայց ես ընտանիքիս հետ, խիղճս հանգիստ նույն գումարն առնում եմ, մի բան էլ ավելին: Ի՞նչ վատ խոպան ա»,- ասում է Հովհաննեսը:
Դարանակի վարչական ղեկավար Հովհաննես Կարապետյանն ասաց, որ բնակավայրը բարենպաստ է գյուղատնտեսությամբ զբաղվելու համար և գյուղացիները դժգոհություն չունեն: Միակ մտահոգությունն ու դժվարությունը մրգի, գյուղմթերքի իրացումն է:
Հովհաննես Կարապետյանը պատմեց, որ գյուղացիները դաշտերից բոխի, շուշան են հավաքում, ինչն իրացնելու համար ստիպված պետք է հասնեն Երևան կամ Արտաշատ: Բայց գյուղում կիլոգրամը 1000 դրամով գնում են գյուղացիների հավաքած բանջարը և հանձնում Արտաշատի պահածոների գործարանին:
«4 գյուղերից տարեկան մոտ 5-6 տոննա բոխի ու շուշան են հավաքում: Մարդ կա օրը 10 հազար դրամի բանջար է հավաքում դաշտերից, ինչը գյուղի պայմաններում քիչ գումար չէ: Միրգ էլ շատ կա, բայց գյուղացիները չեն հավաքում, հիմնականում օղի են քաշում: Եթե այս տարածքում գոնե մեկ մթերման կայան լիներ, մարդիկ իրենց բերքը հանձնեին, էլ խնդիր չէինք ունենա»,- ասում է Հ. Կարապետյանը՝ հույս հայտնելով, որ մի օր այդ կայանն էլ կունենան:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել