HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարված իրավիճակ Ամուլսարի դիրքերում

Այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության նոր պահնորդական ծառայությունը («Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ) վերամբարձ կռունկներով տեղափոխել է Ամուլսարի 1-ին և 2-րդ դիրքերում տեղադրված տնակները և փոխարենը դրել է ընկերությանը պատկանող նոր տնակներ։

Այս մասին Ջերմուկից հայտնում են Ամուլսարի պահապանները և «Հայկական բնապահպանական Ճակատ» խմբի անդամները։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դեռ անցած տարվանից պնդում է, որ տնակները տեղադրված են ընկերությանը պատկանող տարածքում։ Սակայն, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարջության Ջերմուկի բաժինը, Ջերմուկ համայնքի և «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի հետ անցած տարի իրականացրել են չափագրումներ, և կազմվել են տեղանքի քարտեզներ։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հրաժարվել է մասնակցությունից։

Գործողությունների արդյունքում պարզվել է, որ ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղադրված են եղել Ամուլսարի պահապանների տնակները չեն գտնվում «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ հայտարարության մեջ պնդում է, որ տնակները դրված են եղել ընկերությանը պատկանող տարածքում։

Տեղացիների խոսքով՝ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում Ջերմուկում և Վայքում կարելի էր նկատել ոստիկանության մեծ թվով ծառայողների։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս տևած համեմատաբար խաղաղ իրավիճակը լարվել էր այն բանից հետո, երբ հուլիսի 1-ի լուսադեմին, վերը նշված պահնորդական ծառայության աշխատակիցները զինված ներխուժել էին ակտիվիստների պահակակետ, մեքենայով վրաերթի էին ենթարկել ակտիվիստների խնամած շան 3 ձագի և զինված շրջել տարածքում։ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի աշխատակիցների գործողությունները տեղացիները որակում են որպես սադրանք և բռնության հրահրում։ 

Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու դեմ պայքարող տեղացիները և բնապահպանները պահանջում են ուժը կորցրած ճանաչել հանքի ՇՄԱԳ փաստաթուղթը, պնդում են, որ դրա համար կան բոլոր իրավական հիմքերը։

Սոցիալական կայքերով հայտարարվել է բնապահպանական մոբիլիզացիա։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter