
Դատախազությունն ուսումնասիրում է «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու վերաբերյալ «Հետքի» հրապարակումը
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում Սպիտակ Շորժա հանգստի գոտին» վերտառությամբ «Հետքի» հոդվածում տեղ գտած հանգամանքները:
Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխանել հայտնել են դատախազությունից: Մեր հրապարակումն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատախազություն` դրանում նշված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ:
Հուլիսի 31-ին հրապարակված մեր հոդվածում պարզել էինք, որ Սպիտակ Շորժա հանգստի գոտում փաստացի գործունեություն իրականացնողը պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է` Արտյոմ Մելքումյանը: Վերջինս դիմել էր «Սևան ազգային պարկ»-ին անտառմաքրման աշխատանքներ կատարելու համար, ինչից հետո տարածքում հայտնվել էր ինքնակամ կառուցված ապօրինի մետաղական կոնստրուկցիա: Ուշագրավն այն է, որ Մելքումյանը հրաժարվում էր իր և Հայկ Սարգսյանի մտերիմ կապից, բայց երբ մատնացույց արեցինք այդ կապը հաստատող լուսանկարները, ասաց` վաղեմի ընկերներ են, սակայն վաղուց չեն շփվել:
Մենք դատախազությունից հետաքրքրվել էինք, թե արդյոք ուսումնասիրվում է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կապը հանգստի գոտու փաստացի շահագործման հետ:
Մեր հրապարակումից հետո Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարեց կասեցնել հանգստի գոտու գործունեությունը և ապամոնտաժել տարածքի ապօրինի կառույցները: Օգոստոսի 5-ին նախարարությունը հայտնեց, որ վաղ առավոտից ընթանում են ապօրինի տաղավարների և ժամանցի ենթակառուցվածքների ապամոնտաժման աշխատանքներ:
Լուսանկարում` Արտյոմ Մելքումյանը և Հայկ Սարգսյանը (աղբյուրը` Արտյոմ Մելքումյանի ֆեյսբուքյան էջ)
Մեկնաբանել