
Բաքվից դեպի հեռավոր Փամբակ. Արկադի Նարինյանի պատմությունը
Երբ փամբակցի Արկադի Նարինյանին հարցրինք, թե ինչպես է Բաքվի քաղաքային կյանքից հետո հարմարվել գյուղական կյանքին, նա ցանկացավ ռուսերեն պատասխանել՝ когда что-то дико для тебя, трудно совместить эту жизнь с той жизнью (երբ ինչ-որ բան վայրի է քեզ համար, դժվար է այս կյանքը համատեղել այն կյանքին):
52-ամյա Արկադի Նարինյանն ապրում է Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում, որը Գեղամասար խոշորացված համայնքի բնակավայրերից է: Փամբակը փոքր գյուղ է, գտնվում է Սևանա լճի ավազանում: Բնակիչները 1980-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանից գաղթած հայերն են: Նրանցից մեկն էլ Արկադի Նարինյանն է:
Նա եղբայրների և ծնողների հետ Փամբակ է տեղափոխվել 1989 թվականին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից` այնտեղի իրենց տունը փոխանակելով Փամբակի տան հետ: Ասում է, որ Բաքվի 4 սենյականոց սեփական տունը վաճառելու ժամանակ չեն ունեցել, այդ պատճառով համաձայնել են փոխանակմանը: Այժմ եղբայրներն ու ծնողներն ապրում են Ռուսաստանում:
Արկադի Նարինյանը Բաքվում հասցրել է ուսումնարանն ավարտել, այնուհետև ցանկացել է կրթությունը շարունակել Պոլիտեխնիկական ինստիտուտում, սակայն Արցախյան շարժման սկսվելուց անմիջապես հետո տեղափոխվել են Հայաստան: Այստեղ սովորել է Մանկավարժական համալսարանում, այժմ Փամբակի դպրոցի զինղեկն է:
«Բաքվից տեղափոխվելու պահը շատ դժվար էր: Պատկերացրեք՝ ամբողջ կյանքում ո՛չ հող ես մշակել, ո'չ անասնապահությամբ ես զբաղվել, սակայն ստիպված, քիչ-քիչ սովորեցի այս կյանքին, հարմարվեցի և արդեն 31 տարի է այստեղ ենք: Նայելով, հարցուփորձ անելով՝ հողագործություն սովորեցի»,- պատմում է Արկադի Նարինյանը:
Իր տնամերձ հողամասում Արկադի Նարինյանը կարտոֆիլ և լոբի է մշակում, կան նաև վարունգի մարգեր: Բացի բոստանային բույսերից, պտղատու ծառեր ունի՝ խնձոր, տանձ, դեղձ, ծիրան, բալ, կեռաս և ընկույզ: Ստացված բերքը չի վաճառում, ասում է, որ բավարարում է միայն իրենց, մի մասն էլ ուղարկում է դուստրերին:
Առանձնահատուկ խանդավառությամբ խոսում է իր փեթակների մասին, մեծ սիրով է մեղվաբուծությամբ զբաղվում: Պատմում է, որ այս տարի ռեկորդային չափի մեղր է քամել՝ 14 փեթակից 150 կիլոգրամ: Վաճառել է կնոջ` Արմավիրի մարզի Արևիկ գյուղում, 1 կիլոգրամը՝ 3500 դրամով:
«Կան 4000-4500 դրամով վաճառողներ, բայց խիղճն էլ է լավ բան, այնպես պետք է լինի, որ մարդիկ կարողանան գնեն: Անարատ մեղր է, ես էլ առևտրական չեմ, որ տանեմ դնեմ ամիսներով վաճառեմ, բազառ անեմ: Հարամ բանը մեզ պետք չէ, մարդիկ որպես դեղորայք էլ են գնում, ո՞նց կարող ես թանկ վաճառել»,- ասում է Արկադի Նարինյանը:
Նա մտադիր է մեղվաբուծությունն ընդլայնել, քանի որ ոչ միայն եկամտաբեր է, այլև մեծ սեր ունի դրա հանդեպ: «Լավն այն է, որ շատ չես չարչարվում, չես վազվզում մեղվի հետևից: Իմ գաղափարն էլ հերիքում է սրանով զբաղվելու համար, արդեն 25 տարի է: Ինքնուրույն սովորել եմ, թե չէ Բաքվում որտեղի՞ց պետք է իմանայի սրա մասին»:
Արկադի Նարինյանը, սակայն, դժգոհում է փեթակների գներից: Նրա խոսքով՝ մեկ դատարկ փեթակն արժե 30 հազար դրամ, սակայն տնտեսությունն ընդլայնելու համար դրան էլ է պատրաստ:
Գյուղատնտեսության համար գլխավոր խոչընդոտն իրենց գյուղում նա համարում է ոռոգման ջրի բացակայությունը: Այգին ոռոգում են աղբյուրի խմելու ջրով, որը, սակայն, ոչ միշտ է հասանելի: Ջուր կուտակելու համար հոր հետ 13 տոննա տարողությամբ ավազան են պատրաստել:
«Հողագործությունը նրա համար եմ սիրում, որ ինչ ստեղծում ես, երեխաներին և բարեկամներին ես տալիս, դա հաճելի զգացողություն է ինձ համար: Համ էլ անարատ սնունդ է, ոչ մի բանին մեր գյուղում սելիտրա չենք տալիս: Здесь дикая природа, понимаешь (այստեղ վայրի բնություն է, հասկանու՞մ ես)»,- նորից անցնելով ռուսերենին՝ ասում է Արկադի Նարինյանը:
Նրա կինը՝ Արմինեն Արմավիրի մարզից է: Հարցրինք, թե ինչպես են գտել միմյանց։ Արկադի Նարինյանը կատակելով պատասխանում է՝ ուժեղ քամի եղավ, փոթորիկ, մեկ էլ տեսնեմ՝ կողքիս է հայտնվել:
«Իրենք եկան Մեծամոր, այնտեղ էլ հանդիպել ենք»,- լրացնում է Արմինե Նարինյանը: Երբ խնդրեցինք նրանց միասին լուսանկարել, Արմինեն ծիծաղելով հրաժարվեց, իսկ Արկադին ասաց՝ իյա՜, տարին մի անգամ գոնե հետս նկարվի էլի:
Արմինեն և Արկադին երեք զավակ ունեն՝ երկու դուստր և մեկ որդի: Դուստրերն ամուսնացած են, իսկ որդին ծառայում էր Արցախում և այսօր պետք է զորացրվի:
Հրաժեշտ տալով և շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Նարինյաններին խոստացանք կրկին այցելել՝ հաջորդ անգամ արդեն ոչ որպես անծանոթներ:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել