HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի եւ Իրանի օդային կապը կվերականգնվի օգոստոսի 25–ից

Այսօր «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ օգոստոսի 25–ից վերսկսելու է Երեւան–Թեհրան–Երեւան թռիչքների իրականացումը։ Հիշեցնենք, որ մինչեւ կորոնավիրուսի տարածումը այս օպերատորը կանոնավոր ուղեւորափոխադրումներ էր կատարում դեպի Թեհրան, ինչպես նաեւ չարտերային չվերթներ դեպի ռուսական Անապա։ 

Թեհրանը 2019–ի հունիսի 15–ից հայկական այս փոխադրողի առաջին ու առայժմ միակ կանոնավոր ուղղությունն է։ Բայց ավելի կարեւոր է այն, որ «Արմենիան» ներկայում միակ ավիաընկերությունն է, որը կանոնավոր թռիչքներ է կատարում Երեւանի ու Թեհրանի միջեւ։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ այս տարեսկզբին կորոնավիրուսն սկսեց լայն թափով տարածվել հարեւան Իրանում, ՀՀ կառավարությունը փետրվարի 24–ին որոշեց 2 շաբաթով սահմանափակել ցամաքային հաղորդակցությունն այդ երկրի հետ՝ թույլ տալով միայն բեռնափոխադրողների մուտքը մեր երկիր, ինչպես նաեւ թե՛ ցամաքով, թե՛ օդով երկու երկրների քաղաքացիների վերադարձը իրենց հայրենիք: Թույլատրվեց նաեւ պաշտոնատար անձանց, նրանց ուղեկցողների, ինչպես նաեւ դիվանագիտական կառույցների աշխատողների ելումուտը: Այս որոշումից հետո՝ փետրվարի 26–ին եւ 28–ին, «Արմենիան» 2 չվերթ իրականացրեց դեպի Թեհրան եւ հակառակ ուղղությամբ՝ Երեւան տեղափոխելով մեր քաղաքացիներին։ Առաջին չվերթով՝ 52 հոգու, երկրորդով՝ 80։ Մարտի 1–ին հայտնի դարձավ, որ ամսի 28–ի չվերթով ժամանած տղամարդն ախտորոշվել է կորոնավիրուսով, ինչն առաջին հաստատված դեպքն էր մեր երկրում։

Փետրվարից հետո «Արմենիա Էյրվեյզը» թռիչքներ չիրականացրեց։ Ընդհանրապես պետք է նշել, որ կորոնավիրուսի տարածումից հետո մեր տեղական ավիացիայում ակտիվություն է ցուցաբերել միայն «Ավիակոմպանիա Արմենիան», որը ոչ կանոնավոր (չարտերային) թռիչքներ է կատարում տարբեր ուղղություններով, գլխավորապես՝ ռուսական քաղաքներ։ 

Նկատենք, որ «Արմենիա Էյրվեյզի» այսօրվա հայտարարությունը հաջորդեց օգոստոսի 5–ին պարետատան նիստից հետո փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի այն խոսքին, որ չնայած օգոստոսի 12–ին արտակարգ դրությունը հերթական անգամ երկարացվելու է, մի շարք սահմանափակումներ մեղմացվելու են։ Խոսքը, մասնավորապես, օտարերկրացիների՝ ՀՀ մուտքի արգելքը վերանայելու մասին է։ Նշենք, որ այս պահին օտարերկրացիների մուտքը գլխավորապես արգելված է՝ բացառությամբ որոշ դեպքերի։ 

«Արմենիա Էյրվեյզը» հայտնել է, որ օգոստոսի 25–ին վերսկսվող թռիչքներն իրականացվելու են պարետատան ցուցումների համաձայն։ 

Հիշեցնենք, որ այս փոխադրողը շահագործում է միայն մեկ օդանավ՝ 112 հոգու համար նախատեսված «BAe 146-300» (հայկական գրանցումը՝ EK-14601): Հունվարին գրել էինք, որ որոշ քաշքշուկներից հետո օպերատորը կարողացել է վաճառել 2018 թ. ձեռք բերած «Airbus A310-300» օդանավերից մեկը (նախկին գրանցումը՝ EK-31002): Նշել էինք, որ մեր տեղեկություններով՝ գնորդն ԱՄԷ-ից է: Aerotransport.org ավիացիոն տեղեկատվական բազան հաղորդում է, որ այս ինքնաթիռը ներկայում գրանցված է իրանական «Iran Airtour Airlines»-ի անունով (իրանական գրանցումը՝ EP-MDL)։ Գրել էինք նաեւ, որ «Airbus A310-300» տիպի մյուս ինքնաթիռը (EK-31001), որը կայանված է Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, եւ որի վրա տեխնիկական խնդիրներ էին հայտնաբերվել, մաս-մաս իրացվում է: «Airbus»-ները վաճառելով՝ «Արմենիա Էյրվեյզը» նպատակ ունի ձեռք բերել նոր օդանավ:  

Լուսանկարում՝ EK-14601-ը՝ Անապայի օդանավակայանում, 12.12.2019 (հեղ․՝ Ալեքսանդր Լեբեդեւ, airplane-pictures.net)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter