
«Արմենիա Էյրվեյզը» Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը չեղարկել է ՔԱԿ-ի խորհրդով
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն այսօր՝ կեսգիշերն անց, հայտարարեց, որ օրվա ընթացքում կայանալիք Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը չեղարկվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Հիշեցնենք, որ հայկական այս ավիաընկերությունը միակն է, որ օդային կանոնավոր կապ է ապահովում Երեւանի ու Թեհրանի միջեւ: Թռիչքները դեպի Իրան (Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան) տեղական օպերատորն սկսել է 2019-ի հունիսի 15-ից:
Սակայն դեպի Իրանի տարածք թռիչքների վերաբերյալ անհանգստություն է առաջացել այն բանից հետո, երբ հունվարի 8-ին Թեհրանի հարեւանությամբ խոցվեց «Ուկրաինական միջազգային ավիաուղիների» «Boeing 737-800» ինքնաթիռը՝ խլելով 176 հոգու կյանք (անձնակազմի 9 անդամ եւ 167 ուղեւոր): Ավելի ուշ Իրանը խոստովանեց, որ իր ՀՕՊ ուժերն են հրթիռով թիրախավորել մարդատար օդանավը՝ այն սխալմամբ ընկալելով որպես ամերիկյան թշնամի օբյեկտ:
Չնայած այս աղետին՝ ամսի 8-ին եւ 10-ին «Արմենիա Էյրվեյզի» ինքնաթիռը թռել է Թեհրան ու վերադարձել, այսինքն՝ կատարել է գրաֆիկով նախատեսված թռիչքները:
Նշենք, որ հայկական փոխադրողը երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին թռչում է Երեւան-Անապա-Երեւան ուղղությամբ, իսկ երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի՝ Երեւան-Թեհրան-Երեւան:
Դեպի ռուսական Անապա «Արմենիա Էյրվեյզն» սկսել է չվերթներ կատարել դեկտեմբերից, սակայն դրանք սեզոնային բնույթ են կրում: Ըստ ավիաընկերության մեր աղբյուրի՝ ռուսական ուղղությամբ թռիչքները նախատեսված են մինչեւ այս տարվա մարտի վերջ, դրանց նախաձեռնողը ոչ թե «Արմենիա Էյրվեյզն» է, այլ երեւանյան ավիագործակալություններից մեկը:
Քանի որ «Արմենիան» Երեւան-Թեհրան ուղեգծի վրա միակ փոխադրողն է, իսկ մեր երկիրն էլ ավանդաբար պահանջված ուղղություն է իրանցի զբոսաշրջիկների համար, հասկանալի է, որ այս չվերթները մեծ օգուտ են բերում հայկական ընկերությանը, եւ դրանց չեղարկումը մտահոգիչ է: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ ամենակարեւորն անվտանգությունն է:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ այսօրվա թռիչքների չեղարկման պատճառը եղել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի բանավոր խորհուրդը՝ ձեռնպահ մնալ դեպի Իրան թռչելուց: Այսինքն՝ ՔԱԿ-ը ոչ թե արգելել է, այլ խորհուրդ է տվել: Ըստ մեր աղբյուրի՝ ՔԱԿ-ի հորդորից հետո ավիաընկերությունն էլեկտրոնային փոստի միջոցով սկսել է ծանուցումներ ուղարկել արդեն իսկ տոմս գնած ուղեւորներին չվերթների չեղարկման մասին: Հաջորդ թռիչքը դեպի Թեհրան նախատեսված է երեքշաբթի՝ հունվարի 14-ին: Մինչ այդ «Արմենիայի» ղեկավարությունը պետք է որոշում կայացնի՝ թեկուզ ժամանակավոր հրաժարվե՞լ Թեհրան մեկնելուց, թե՞, այդուհանդերձ, կատարել չվերթները:
Հիշեցնենք, որ «Արմենիա Էյրվեյզն» այժմ շահագործում է միայն մեկ օդանավ՝ 112 հոգու համար նախատեսված «BAe 146-300» (հայկական գրանցումը՝ EK-14601): Որոշ քաշքշուկներից հետո օպերատորը կարողացել է վաճառել 2018 թ. ձեռք բերած «Airbus A310-300» օդանավերից մեկը (նախկին գրանցումը՝ EK-31002): Մեր տեղեկություններով՝ գնորդն ԱՄԷ-ից է: «Airbus A310-300» տիպի մյուս ինքնաթիռը (EK-31001), որը կայանված է Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, եւ որի վրա տեխնիկական խնդիրներ էին հայտնաբերվել, մաս-մաս իրացվում է: «Airbus»-ները վաճառելով՝ «Արմենիա Էյրվեյզը» նպատակ ունի ձեռք բերել նոր օդանավ:
Լուսանկարում՝ EK-14601-ը՝ Թեհրանի երկնքում (Dara Z./jetphotos.com)
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել