
«Արմենիա Էյրվեյզն» ընդլայնում է չվերթների ցանցը
Հայկական «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը դեկտեմբերից սկսում է Երեւան-Անապա-Երեւան չվերթների իրականացումը: Այս մասին օպերատորը հայտարարել է երեկ ֆեյսբուքյան իր էջի միջոցով: Հիշեցնենք, որ «Արմենիա Էյրվեյզը» ներկայում ամեն օր կատարում է Երեւան-Թեհրան-Երեւան թռիչքներ եւ այդ երթուղու վրա մրցակից չունի:
Ըստ ավիափոխադրողի հայտարարության՝ տոմսերի վաճառքն սկսվել է նոյեմբերի 6-ից, մեկ ուղղության արժեքը 45.900 դրամ է: Պատասխանելով օգտատերերի դիտարկմանը, որ տոմսը մատչելի չէ, ավիաընկերության մեր աղբյուրը հայտնել է, որ չվերթի նախաձեռնողը ոչ թե «Արմենիա Էյրվեյզն» է, այլ տեղական ավիագործակալություններից մեկը, ով էլ որոշել է տոմսի գինը:
Օպերատորի փոխանցմամբ՝ չվերթներն իրականացվելու են յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի, մեկնումը Երեւանից՝ 12:00-ին, Անապայից՝ 14:10-ին: Տեղեկացել ենք, որ թռիչքներն այս պահի դրությամբ նախատեսված են մինչեւ մարտի վերջ, այսինքն՝ դրանք իրականացվելու են ձմեռային աերոնավիգացիոն սեզոնին:
Քանի որ հայկական ավիաընկերությունը ներկայում ունի միայն մեկ շահագործվող ինքնաթիռ («BAe 146-300», գրանցումը՝ EK-14601), դրանով դժվար կլինի իրականացնել թե՛ Թեհրանի, թե՛ Անապայի չվերթները: Ինչպես գրել էինք վերջերս, «Արմենիա Էյրվեյզը» իր ունեցած «Airbus A310-300» ինքնաթիռներից մեկը (EK-31002) վաճառելուց հետո նախատեսում է գնել նոր օդանավ, որով կլուծվի EK-14601-ի ծանրաբեռնվածության հարցը:
Լուսանկարը՝ flickr.com-ից
Մեկնաբանել