HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու որոշում է կայացրել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի անդամ  Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու որոշում է կայացրել։  Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Կոշեցյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։ Կոշեցյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով չարաշահելու մեջ,  որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Նա օգոստոսի 6-ին ձերբակալվել է, ապա երեկ Հատուկ քննչական ծառայությունը ներկայացրել է նրան կալանավորելու միջնորդություն։

Ձերբակալման դեմ բողոքն ու կալանքի միջնորդությունը քննվել են միասին։ Գեղամ Հակոբյանը նշեց, որ ձերբակալման դեմ իրենց բողոքը բավարարվել է, այսինքն, թեև դատարանը որոշել է կալանավորել Կոշեցյանին, ոչ իրավաչափ է ճանաչել օգոստոսի 6-ին՝ նրան ձերբակալելու Հատուկ քննչական ծառայության որոշումը։

Անդրադառնալով Կոշեցյանին  կալանավորելու որոշմանը՝ Գեղամ հակոբյանը նշեց, որ իրենց շարունակում են պնդել իրենց դիրքորոշումը, որ գործը պատահաբար չէ քննվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում և հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում։

«Միանշանակ քաղաքական հետապնդում է՝ ոչ ուղիղ իր հետ կապված։ Գործն ածանցվում է Միքայել Մինասյանի հետ, բայց Մուշեղ Կոշեցյանը ո՛չ ճանաչում և ո՛չ էլ առնչվել է  նրա հետ»,- ասաց Գեղամ Հակոբյանը։

Պաշտպանը նշեց, որ հնարավոր է՝ Կոշեցյանի գործով վարույթն իրականացնող մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացվի։ Հակոբյանը մեջբերեց օրենքի պահանջն այն մասին, որ մեղադրանք առաջադրելու համար պետք է լինի բավարար ապացույցների համակցություն, մինչդեռ դատարան ներկայացված նյութերում որևէ ապացույց չկա՝ Կոշեցյանին վերագրվող հոդվածով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Կոշեցյանին որևէ մեկը որևէ բան է խնդրել, պարտադրել, որ նա որևէ շահ է ունեցել կամ որևէ անձի շահ է սպասարկել։

Նշենք, որ Կոշեցյանն անցնում է նույն գործով, որով  ձերբակալվել է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը։ Վերջինիս ևս մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով և կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։ Գործի քննությունը դեռևս չի ավարտվել։

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել քրեական գործի մասին՝ հայտնելով, որ Ռոբերտ  Նազարյանը, 2011 թվականի սեպտեմբերին կայացած նիստերի ընթացքում ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով սակագնային արտոնություններ է սահմանել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար։ Մասնավորապես՝ բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը։ Կոշեցյանի մեղադրանքը ևս  այս դրվագին է առնչվում։

Անդրադառնալով Կոշեցյանի դիրքորոշմանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ՝ Գեղամ Հակոբյանը երեկ մեզ հետ զրույցում նշել է,  որ  Կոշեցյանը որևէ սուբյեկտիվ գործոնով պայմանավորված քվեարկություն չի կատարել, նրա դիրքորոշումն այն է, որ եթե այժմ էլ քվեարկեր, ապա նույն կերպ կքվերկեր։ Որոշման ճիշտ կիրառումն, ըստ Մուշեղ Կոշեցյանի, դրական ազդեցություն էր ունենալու Հայաստանի էներգետիկ անվտանգության, անկախության ու առհասարակ տնտեսության վրա։

Լուսանկարում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter